Գորիսը կանաչապատման խնդիր ունի

26.07.2013

կանաչապատումՄարիամ Մաթևոսյան
Տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման մեջ մեծ ներդրումների հավակնություն ունեցող Գորիսն, այսօր, ցավոք լուրջ խնդիրներ ունի, որոնց թվում նաեւ քաղաքի կանաչապատումն է: Քաղաքում չկան ծաղկապատ տարածքներ, հողաշերտի վրա ստեղծված գազոնային շերտեր, բարեկարգ պուրակներ, այգիներ, փոխարենը գերիշխում են մոլախոտերով, փշերով ողողված փողոցները, անմշակ պուրակները` անգամ կենտրոնական հրապարակներում:

«Անցած տարվա 900 հազար դրամի փոխարեն 2013թ. տեղական բյուջեից սանմաքրման աշխատանքների համար հատկացվել է 1 մլն 300 հազար դրամ»,- ասում է Գորիսի համայնքային իշխանության աշխատակազմի Ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հարություն Հովհաննիսյանը: 

Գորիսում աղբահանությունը, սանմաքրումն ու մաքրման աշխատանքներն իրականացնում է «Գորիս» ՏՆՏ ՓԲԸ-ն: Այս տարի ընկերությունը համայնքային բյուջեից հատկացված գումարով աշխատանքներ է կատարել մի քանի կենտրոնական փողոցներում՝ Մաշտոցի, Անկախության, Արցախյան խճուղու, որի ընդհանուր ծավալը կազմում է 200 քառակուսի մետրտարածք:

կանաչապատում«Հատկացված գումարը չի բավականացնում լայնածավալ աշխատանքներ իրականացնելուն: Քաղաքի սանմաքրման համար անգամ քսան բանվորը չի կարող մեկ տարվա մեջ քաղաքը մաքրել մոլախոտերից: Մինչդեռ մեր տնտեսությունն այլ խնդիրներ եւս ունի, մասնավորապես՝ աղբահանության կազմակերպումը: Չենք հասցնում, աշխատանքները ծախսատար են»,- ասում է «Գորիս» ՏՆՏ ՓԲԸ-ի տնօրեն Սեյրան Գեւորգյանը: 

IMG_5221Ս. Գեւորգյանի կարծիքով` մոլախոտերի, վայրի բույսերի առկայությունը պայմանավորված է նաեւ քաղաքի մայթերի երկայնքով հոսող առուների առկայությամբ, որոնք խցանումների պատճառով նպաստում են դրանց փարթամ աճին:  

Խնդիր է նաեւ քաղաքում մշակված կանաչապատ տարածքների բացակայությունը:  Գորիս քաղաքն ունի երկու զբոսայգի եւ նույնքան հրապարակ, որոնք ենթակա են վերակառուցման: «Այս տարի համայնքային բյուջեով նախատեսվում է միայն Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակի բարեկարգումը»,- տեղեկացնում է համայնքային իշխանության աշխատակազմի քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Խիկար Միրզոյանը: Նա նաեւ նշում է, որ ֆինանսական սուղ միջոցների պատճառով բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվի նաեւ քաղաքային պատկերասրահին հարակից պուրակում, այդ տարածքում գտնվող շատրվանների ջրավազանում: 

Bookmark and Share
Яндекс.Метрика