Գորիսի և Սիսիանի տարածաշրջանի չորս գյուղական համայնքներ ունեցան իրենց բուժքույրը

25.07.2013

SAM_1417Անահիտ Բաղդասարյան
Հուլիսի 24-ին տեղի ունեցավ «Առողջ նախակրթարան» ծրագրի մասին մամլո ասուլիս:  Ծրագրի նպատակն էր ՀՀ Սյունիքի մարզի  4 համայնքների(Շաքի, Անգեղակոթ, Շինուհայր, Քարահունջ) նախակրթարանները համալրել բուժքրոջ հաստիքներով  և ապահովել բժշկական սպասարկում:

Չնայած որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 26-ով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները ապահովում են նախադպրոցական կրթության համակարգում բժշկական սպասարկման կազմակերպումը, սակայն գյուղական շատ համայնքների նախակրթարաններում չի իրականացվում բուժսպասարակում և բուժքույրի հաստիք նախատեսված չէ: «Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել այս համայնքների ղեկավարների, ավագանիների, նախակրթարանների տնօրենների և աշխատակիցների հետ, որի արդյունքում հասել ենք նրան, որ ավագանիները որոշում են կայացրել, որ իրենց նախակրթարանը պետք է ունենա բուժքրոջ հաստիք»,- ասաց «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ի նախագահ   Լիանա Սահակյանը: Նա նաև նշեց, որ համայնքի ղեկավարները նույնպես մտահոգված են և կարևորում են հարցը, բայց բյուջեի սղության պատճառով չէին կարողանում այդ խնդիրը լուծել:

«Նոր Սերունդ» ՀԿ-ի նախագահ և Գորիսի թիվ 2 նախակրթարանի տնօրեն Ժասմենա Խաչատրյանն ասաց, որ  նախադպրոցական հաստատության հիմնական նպատակներից մեկը երեխաների առողջության պահպանումն ու ամրապնդումն է, որն առանց բուժքրոջ անհնար է իրականացնել: «Ճիշտ է՝ մանկավարժական կոլեկտիվը պատրաստ է, որոշակի հմտություններ ունի երեխաներին օգնություն ցույց տալու, սակայն չունի համապատասխան մասնագիտական որակավորում առաջին բուժօգնությունն ապահովելու համար: Բուժքույրը պատասխանատու է ամբողջ օրվա ընթացքում սանիտարահիգենիկ ընդհանուր վիճակի համար, պարտավոր է ամեն օր տնօրենի, տնտեսվարի, խոհարարի հետ միասին կազմել օրվա ճաշացուցակը և  ունի մի շարք այլ պարտականություններ»,- նշեց Ժ. Խաչատրյանը:

Քարահունջ համայքի նախակրթարանի տնօրեն Արևիկ Դարբինյանը ասաց, որ իրենց նախակրթարանը գործում է 2002թ-ից, սակայն մինչ այսօր բուժքույրի հաստիք նախատեսված  չի եղել համայնքի բյուջեի սղության պատճառով: «Եթե մի երեխա իրեն լավ չի զգում, ջերմություն է ունենում կամ ուղղակի թույլ է լինում, մենք վախենում ենք  առաջին օգնություն ցուցաբերել. ստիպված զանգում ենք ծնողին: Բուժքրոջ հաստիքը շատ կարևոր է նախակրթարանի համար»,- ավելացրեց Ա. Դարբինյանը:

Օգոստոսի 1-ից այդ 4 գյուղական համայնքի նախակրթարանները կունենան իրենց բուժքույրը, իսկ նրանց ընտրությունը թողնվել է համայնքի իշխանության հայեցողությանը: Քայլեր են ձեռնարկվում նաև բուժքրոջ սենյակները կահավորելու համար:

Ծրագիրն իրականացվել է «Սոսե» Կանանց Հիմնահարցեր  և «Նոր սերունդ» ՀԿ-ների համագործակցությամբ, Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի ֆինանսավորմամբ և ԳՈՒՄ ՀԿ-ի աջակցությամբ:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика