Գյուղերում հանրային տրանսպորտ չի գործում. ուղեւորները քիչ են

17.07.2013

ԽոզնավարՄարիամ Մաթևոսյան

Խոզնավարի բնակչուհի Էլյան ամիսներով Գորիս չի գնում: «Քաղաք գնալու համար փող ա պետք: Մարշուտկա չկա, տաքսին էլ 5000 դրամով ա բերում: Էդ փողին մի քանի կիլոգրամ սերմեղեն, պեսոկ կառնեմ՝ մի շաբաթ յոլա կգնամ»,- ասում է նա ու շարունակում,- հիվանդ ենք, բայց չենք կարողանում բժշկի գնալ»: Նրա խոսքով՝ գյուղում որեւէ հետաքրքություն չկա, գուղացին մենակ չարչարվելու համար է ստեղծված: Ամեն ինչ թանկացել է, բայց կաթի գինը չի փոխվում, ընդհակառակը՝ գնալով էժանանում է: «Բա 110 դրամ կաթ կլինի՞»,- հարցնում է Էլյան:

Ամալյան չգիտի կաթն ինչ անի, որ չփչանա: «Ո՛չ պանիրն ենք կարողանում քաղաք բերենք, ծախենք, ո՛չ մածունը: Քսան լիտր կաթը, որ բերեմ ծախեմ, մի տաքսու գնալ-գալ զոռով կփակի, ստիպված կաթը տամ ենք խանութին՝ տեղը մակարոն, կոֆե վերցնում»,- ասում է նա:

«Շահնան» ՍՊԸ-ն հրաժարվել է Գորիսի տարածաշրջանի Խոզնավար, Վաղատուր եւ Խնածախ գյուղերին սպասարկելուց՝ ուղեւորների փոքրաթիվ լինելու պատճառով: «Եթե վնասով չաշխատեմ, կշարունակեմ գիծը սպասարկել: Վնասը մեծ էր մանավանդ վերջին երեք ամիսներին եւ պատճառը ոչ միայն ուղեւորահոսքի պակասն է, այլեւ անօրինական տաքսիների գործունեությունը»,- ասում ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Սահակյանը, ով 2001 թ.-ից սպասարկում է Գորիս-Խնածախ-Վաղատուր-Խոզնավար երթուղին:

«Սյունիքի մարզպետարանի մրցութային հանձնաժողովը Գորիսի տարածաշրջանի Խնածախ-Վաղատուր-Խոզնավար գիծն սպասարկելու համար կազմակերպել է 4-5 մրցույթ, բայց, ցավոք, որեւէ տրանսպորտային կազմակերպություն մասնակցելու ցանկություն չհայտնեց»,- ասում է  Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը:

Նշված գյուղերում երթուղի կազմակերպելու համար հաջորդ մրցույթը կհայտարարվի հոկտեմբեր ամսին, սակայն փոքր է հավանականությունը, որ այս անգամ խնդիրը կլուծվի: Դժվար է, ոչ միայն նշված գյուղերից Գորիս հասնելը, այլեւ՝ հակառակը: Կոռնիձոր հասնելու դժվարությունների մասին պատմում է նաեւ Մերի Սինանյանը: «Նախկինում լավ էր, մարշուտկան 350 դրամով տանում էր: Հիմա տաքսին էլ է խնդիր: Վարորդը ում բերում է գյուղից, նրան էլ հետ է տանում: Գյուղ գնացող-եկող տաքսի չկա, իսկ մենակ վարձելու համար 3000 դրամ պիտի վճարեմ, մի քանի հոգով հավաքվում ենք, 500 դրամ ենք վճարում ամենքս»,- նշում է Մերին: Նա պատմում է, որ շատ հաճախ, տաքսու վարորդը, շատ գումար աշխատելու համար, չորս հոգու համար նախատեսված մեքենայով վեց հոգի է տեղափոխում:

Պատկերը նույնն է նաեւ Բարձրավան, Տեղ, Որոտան, Արավուս գյուղերում: Բնակիչները հիմանականում սեփական մեքենաներով են տեղաշարժվում:  «Մենք մեքենա չունենք, որ հաճախակի քաղաք գանք: Սեզոնի միրգն ու բանջարեղենը փչանում ա, բայց չեմ կարողանում քաղաք բերեմ ծախեմ: Ամաչում էլ եմ ամեն անգամ հարեւանին նեղություն տամ»,- ասում է Մելադան:

Այդ հիմա է, որ քաղաքից-գյուղ, գյուղից-գյուղ հասնելը հնարավոր է միայն սեփական մեքենաներով կամ էլ տաքսիներով, նախկինում բնակիչները տեղաշարժվում էին հիմնականում մարդատար երթուղիներով: «Ամիսը 30 օր ուներ, 30-ն օրն էլ  տրանսպորտն աշխատում էր: Կապ չուներ շաբաթ էր, թե կիրակի: Սովետի ժամանակ բոլոր գյուղերն էլ ավտոբուս գնում էր, բացի Բարձրավանից, քանի որ այն կտրված էր քաղաքից»,- ասում  է Ռադիկ Հայրապետյանը, ով խորհրդային շրջանում երկար տարիներ շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ է աշխատել: Նրա խոսքով՝ ուղեւորների փոքրաթիվ լինելու պատճառով գյուղական վայրերը հանրային տրանսպորտով սպասարկելուց հրաժարվելը սխալ է, քանի որ մեկ հոգին էլ է մարդ,  քսան հոգին էլ:

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика