Համայնքային բյուջեի բազմազանության ապահովում

01.10.2019

 

«Տեղական ինքնավարման մարմինների մասին»  ՀՀ օրենքի 86-րդ հոդվածով համայնքի բյուջեն ձևավորվում  է տեղական հարկատեսակներից, տուրքերից։ Համայնքի ավագանին յուրաքանչյուր տարեվերջ սահմանում է տեղական տուրքեր հարկեր, այլ եկամուտներ:  Նույն հոդվածում նշվում է, որ համայնքի բյուջեի եկամուտների ցանկում կարող է ընդգրկվել նաև հյուրանոցային հարկը։

Վերջին տարիներին Սյունիքում, հատկապես Գորիսում  զարգանում է զբոսաշրջությունը։ Դա հատկապես կապված է Տաթևեր ճոպանուղու, Խնձորեսկի ճոճվող կամրջի շահագործման, ինչպես նաև այլ պատմամշակութային հուշարձանների նկատմամբ ունեցած հանրային հետաքրքրությունների հետ։

Բացվել են տասնյակ հյուրանոցներ, B&B-ներ, տարբեր ոլորտներում զարգանում են ենթակառուցվածքները։ Զբոսաշրջության զարգացման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն գործարարները, այլև տարբեր բնակավայրերի բնակիչներ, ովքեր զբոսաշրջիկներ հյուրընկալելու համար հարմարություններ են ստեղծում՝ գիշերակացի, սննդի, տաքսի և սպասարկման այլ ծառայություններ մատուցում։ 

Զբոսաշրջության տեմպերի արագ զարգացմանը զուգահեռ, տարեցտարի հյուրերը  հարմարավետության ավելի  բարձր մակարդակ են  ակնկալում ոչ միայն ծառայություն մատուցողներից, մասնավորապես, հյուրանոցային բիզնեսով զբաղվողներից, այլև տեղական ինքնակառավարման մարմիններից՝ համայնքում կեցության, ազատ ժամանցի կազմակերպման, սպասարկման այլ ծառայությունների բարելավման առումով։ Փաստ է սակայն, որ համայնքի տեղական բյուջեն չունի բավարար ռեսուրսներ՝ նշված խնդիրները կարճ ժամկետում, լիարժեք լուծելու համար։ Բացի համայնքային ենթակայության հիմնարկների բնականոն գործընթացի ապահովման համար ծախսերից, տեղական բյուջեից մասնահանումներ են կատարվում նաև զարգացման տարբեր ծրագրերում, սուբվենցիաների իրականացման համար ներդրումներ իրականացնելու նպատակով։ Հաշվի առնելով այս հանգամանքները, համայնքային բյուջեի եկամուտների աղբյուրների բազմազանության ապահովումն խնդիր է դառնում, և մասնավորապես Գորիս համայնքում/և ոչ միայն/ հյուրանոցային հարկի՝ որպես տեղական հարկատեսակի  կիրարկումը։

Այդ ուղղությամբ «Գորիսի մամուլի ակումբ»  հասարկակական կազմակերպությունը, դեռևս  2018 թվականի վերջից սկսած, տարբեր փորձագետների, ՏԻՄ ներկայացուցիչների, հյուրանոցային բիզնեսով զբաղվող տասնյակ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ  է կազմակերպել՝ Գորիս համայնքում հյուրանոցային հարկի ներդրման հնարավորությունների մասին։ Տարբեր ձևաչափերով՝ անհատական հանդիպումներ, հարցազրույցներ, կլոր սեղաններ,  քննարկումներ, կատարվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն՝ նպատակ ունենալով աջակցեել տեղական բյուջեի բազմազանության ապահովմանը, միաժամանակ նպաստելով համայնքային ծառայությունների որակի բարելավմանը։

Ամփոփելով քննարկումների նախնական փուլը, քանի որ պլանավորում ենք տարբեր ձևաչափելով  շարունակել երկխոսությունը՝ ՏԻՄ-ի և հյուրանոցային բիզնեսի միջև, կարևոր ենք համարում շեշտադրել, որ բիզնեսի ներկայացուցիչների գերակշիռ մասը կարևորում է տեղական ինքնակառավարմանը մասնակից լինել նաև այս ձևաչափով։ Միաժամանակ, հիմնական մտահոգությունների ցանկը վերաբերում է հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավմանը, մասնավորապես, ջրամատակարարման ապահովմանը։ Այն հանգամանը, որ դեռևս տարիներ առաջ համայնքի ավագանու որոշմամբ Գորիսում ջրամատակարարման ցանցը փոխանցվել է «Վեոլա Ջուր» ընկերությանն, այնուամենայնիվ, հյուրանոցների ներկայացուցիչների խոսքով, ջրամատակարարման հիմնական պատասխանատվությունը պետք է կրի համայնքային իշխանությունը։ Այս առումով կարծես թե հակասություն է նկատվում, քանի որ ՏԻՄ օրենքի հոդված 42-ը, անդրադառնալով  համայնքի ղեկավարի  կոմունալ տնտեսության բնագավառում լիազորություններին, սահմանում է, որ  կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող ջրմուղի, կոյուղու ցանցի շահագործումը։ Եվ, ըստ տնտեսվարողների,  այն փաստը, որ կոնկրետ, Գորիսի պարագայում ջրամատակարարման ցանցը համայնքային սեփականություն չէ, տեղական իշխանությունը ջրամատակարարող  ընկերության նկատմամբ որոշակի սանկցիաներ կիրառելու իրավասություն պետք է ունենա։

Քննարկումների հաջորդ խնդիրը վերաբերում է աղբահանության կազմակերպմանը և լուսավորության ցանցի ընդլայնմանը, ներհամայնքային ճանապարհների բարեկարգմանը։ Ընդունելով, որ վերջին երկու տարվա ընթացքում այս ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում համայնքում, այնուամենայնիվ, ըստ որոշ դիտարկումների, խնդիրը դեռևս վերջնական լուծման անհրաժեշտություն ունի հատկապես ծայրամասային թաղամասերում, աղբի կառավարման ուղղությամբ։ Այս առումով նրանց խոսքով դեռևս ցածր է բնակչության էկոկուլտուրան, սակայն, թե ինչ քայլեր է հնարավոր իրականացնել այդ առումով, առաջարկներ չեն նշվում։

Շեշտադրվել են նաև սպասարկման այլ ոլորտների՝ առևտրի, սննդի շուրջօրյա մատակարարման հարցերը․այս ուղղությամբ նշվել է, որ ավագանին կարող է մասնավորապես  գիշերային ժամերին մատուցվող ծառայությունների, հատկապես սննդի, համար տեղական տուրքերի զեղչեր կիրառել։

Տարակարծիք մեկնաբանություններ են հնչել նաև հյուրանոցային հարկի՝ որպես տեղական տուրքի հաշվարկման մեխանիզմների մասին։ Շեշտադրելով, որ այդ ուղղությամբ միջազգային մեծ փորձ կա, որը հնարավոր է, եթե ոչ ամբողջությամբ, կրկնօրինակել, այնուամենայնիվ, ըստ հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների, հնարավոր չէ միասնական հաշվարկ սահմանել կամ վճարման նույն գործիքակազմը կիրառել։

Հյուրանոցային հարկի՝ որպես տեղական տուրք սահմանելու քննարկումների ընթացքում ՏԻՄ ներկայացուցիչները նշում են, որ   դեռևս վաղ է հյուրանոցային հարկի ընդունումը, քանի համայնքային ծառայությունների մատուցման ուղղությամբ դեռևս անելիքներ կան։

Մյուս կողմից, չնայած տնտեսվարողները խոսում են համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ տեղական իշխանությունների պարտականությունների մասին, այնուամենայնիվ, մարդկանց կյանքը բարելավելու, համայնքի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալու պատրաստակամություն են հայտնում։ Եվ այդ ձևաչափերի արդյունավետության շուրջ Մամուլի ակումբը առաջիկայում շարունակելու է քննարկումները։

                                                                                                                                                                                                                                                                                                             Սուսաննա Շահնազարյան

 

 

 

Яндекс.Метрика