Բազմաբնակավայր Գորիս համայնքում բնակիչների մասնակցայնությունը բարձր չէ

Լուսանկարը՝ Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Խնձորեսկի կապտաժների վերանորոգման ծրագիրը այն 5 ծրագրերից մեկն է, որը բազմաբնակավայր Գորիսի (2016-ին խոշորացված համայնքը ներառում է 10 բնակավայր-հեղ.) համայնքային իշխանությունը ներկայացրել է ՀՀ վարչապետին կից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու համար։  64 մլն դրամ արժողությամբ ծրագրով նախատեսվում է կառուցել 3 կապտաժ, օրվա կարգավորիչ երկրորդ ջրամբար՝ սանիտարական գոտիով, ինչպես նաև` նոր ջրատար:

Խնձորեսկ բնակավայրից առաջադրված ավագանու անդամ Սամվել Մաքունցի խոսքով` տարիներ շարունակ ստորգետնյա ջրերով ու աղբյուրներով հարուստ գյուղում խմելու ջուրը հրատապ լուծում պահանջող խնդիր է եղել: 

«Պարբերաբար ներդրումներ են արվել, որոշակի աշխատանքներ տարվել, բայց դրանով հարցը վերջնական չի լուծվել»,- ասում է ավագանու անդամը: Խմելու ջրի հարցը  նախկինում Խնձորեսկ համայնքի զարգացման մի ծրագրից մյուսն է տեղափոխվել։

Խմելու ջրի հարցի լուծման պահանջով նախորդ տարվա  հունիսին խնձորեսկցիները  բողոքի ակցիա էին նախաձեռնել՝ փակել էին Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհը: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, հանդիպելով բնակիչներին, խոստացել էր հարցը շուտափույթ լուծել: Ավագանու անդամ Ս. Մաքունցը հավելում է, որ բացի կապտաժների կառուցումից, բնակավայրում ավարտին են մոտենում կենտրոնական խաղահրապարակի կառուցման աշխատանքները, համայնքում լուսավորությունը մոտ 80%-ով ապահովված է, աղբահանությունը կանոնավոր իրականացվում է: 

«Լավ է, որ բնակավայրում լուծվում է  բնակիչների համար կարևորագույն հարցերից մեկը. Խնձորեսկն արդեն կանոնավոր խմելու ջուր կունենա»,- ասում է Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի բնակիչ Էդիկ Բունիաթյանը: Թե ինչ ծրագրով են իրականացվում աշխատանքները, ինչպես Է. Բունիաթյանը, այնպես էլ խնձորեսկցիներից շատերը տեղյակ չեն: «Չեմ կարող ասել` կառավարության կողմից է իրականացվում, համայնքի, թե անձամբ համայնքապետի կողմից, բայց կարևորն արվում է»,- հավելում է Բունիաթյանը:

Բացի Խնձորեսկ բնակավայրի կապտաժների կառուցումից, համայնքներին տրվող սուբվենցիայի ծրագրով հաստատվել են նաև Գորիս համայնքի ճանապարհների հիմնանորոգման, ինչպես նաև Գորիսի թիվ 7 տիպային ամենախոշոր  նախակրթարանի նորոգման ծրագրերը: 

Գորիս քաղաքի Մաշտոց փողոցի բարեկարգման և Վերիշեն բնակավայրի Վարպետաց ավանի ծրագրերը, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի տեղեկությամբ, քննարկման փուլում են: 

Գորիսի ռազմավարական զարգացման 2018-2022 թթ. ծրագրում ներառված է 22 ծրագիր, որոնց մեծամասնությունը նախատեսված է Գորիս համայնքային կենտրոնի զարգացման համար։ 2019թ. սուբսիդավորված երեք ծրագրերից երկուսը ևս  իրականացվելու են Գորիսի համայնքային կենտրոնում:  Փոխհամայնքապետի խոսքով` Գորիս համայնքի ճանապարհների հիմնանորոգման ծրագիրն ընդգրկում է նաև համայնքային ճանապարհները և արդեն այլ ներդրումների միջոցով Վերիշեն բնակավայրում իրականացվել են փոսալցման և բարեկարգման աշխատանքներ: «Այնպես չէ,  որ կենտրոնացած ենք Գորիս քաղաքի վրա: Իհարկե, որպես տուրիստական կենտրոն շեշտադրվում է քաղաքը, բայց փորձում ենք բալանսը պահել: Չկա այնպիսի բնակավայր, որտեղ աշխատանքներ չկատարվեն»,- նշում է Մենուա Հովսեփյանը:  

Ինչպե՞ս են բնակիչները մասնակցում համայնքի կառավարմանը, իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ որոշումների կայացմանը, կամ ինչպես է տեղական իշխանությունը հասկանում բնակիչների առաջնահերթությունները: Մ. Հովսեփյանը նշում է, որ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ բնակավայրերում, որոնց ընթացքում հավաքագրվում են բնակիչների առաջադրած խնդիրները: Այնուհետև  վերհանված խնդիրները սոցիալական ցանցերի միջոցով դրվում են հանրային քննարկման, շահագրգիռ կողմերի հետ ունենում են հանդիպումներ` այլ կարծիքներ, առաջարկություններ լսելու համար: Վերջին փուլում այն հաստատվում է ավագանու կողմից: «Խնդիրները բազմաթիվ են ու բազմազան և դրանց առաջնահերթությունը որոշելը մի քիչ նաև սուբյեկտիվ բնույթ է կրում: Այնպես չէ, որ թվով տասը խնդիր է ու հեշտությամբ հնարավոր է որոշել առաջնահերթությունը: Տարիների լուրջ աշխատանք ու նվիրվածություն է պետք, որպեսզի հասնենք շոշափելի արդյունքների»,- ասում է համայնքային իշխանության ներկայացուցիչը: 


«Հանրային լսումների, քննարկումների հիմնականում չեմ մասնակցում: Լսել եմ, որ համայնքի ճանապահները կասֆալտապատվեն: Բայց միայն այն,  որ Գորիսի աղբը հավաքվել է, էդ արդեն ահռելի աշխատանք է: Նախկինում միայն  կենտրոնական հատվածն էր մաքրվում. հիմա նաև գյուղական բնակավայրերում է կանոնավոր աղբահանություն իրականացվում: Մեր համայնքին հիմա աշխատատեղ է պետք, էդ էլ համայնքապետից կախված չի»,- ասում է Գորիսի բնակիչ Հրաչ Հարությունյանը: Մեկ այլ բնակիչ` Համլետ Մկտրչյանը, ասում է` հանրային լսումների, ավագանու նիստերին չեն մասնակցում, բայց հանդիպումներ են ունենում, տեսնում են, մեկը մյուսին պատմում են:  

Համայնքում տեղի ունեցող լսումների, քննարկումների անցկացման մասին բնակիչներին իրազեկելու հիմնական միջոցը համայնքային իշխանության համար համացանցն է` Գորիս համայնքի պաշտոնական կայքն ու Ֆեյսբուք սոցիալական ցանցը: Քարահունջ համայնքից առաջադրված ավագանու անդամ Արմեն Մկրտչյանի գնահատմամբ` հանրային լսումներին բնակիչների մասնակցության աստիճանը բարձր չէ: «Ճիշտ է, օնլայն հեռարձակումները թույլ են տալիս հետևել իրադարձություններին, բայց  նաև գիտենք, որ ոչ բոլորն են կարողանում օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից: Բացի օնլայն տարածելուց, հայտարարությունները պետք է փակցվեն նաև բնակավայրերի կենտրոնական մասերում, ինչը նաև «ՏԻՄ մասին» օրենքի պահանջ է»,- ասում է Ա. Մկրտչյանը:

 Նրա կարծիքով` բնակիչների մասնակացայնության ապահովման համար անհրաժեշտ է հանրային լսումներ անցկացնել նաև գյուղական բնակավայրերում, հակառակ պարագայում պետք է բյուջեով ծախսեր նախատեսվեն  բնակավայրերից  բնակիչների տեղափոխության և կազմակերպչական այլ հարցերի համար:  

«Էդքան  գյուղին համաչափ ուշադրություն դարձնելը դժվար ա: Տարիներ են պետք, որ բոլոր խնդիրներին լուծում տրվի»,- ասում է համայնքի բնակիչ Արտակ Սարուխանյանը:   

 

Սույն հոդվածը եւ տեսանյութը պատրաստվել են «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային բյուջետավարման գործընթացում» նախագծիշրջանակում, որն իրականացնում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ)՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ֆոնդի և «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ցուցաբերած աջակցության շնորհիվ:

Սույն հոդվածում եւ տեսանյութում առկա տեսակետները անպայմանորեն չեն արտացոլում Գերմանիայի կառավարության և/կամ ԳՄՀԸ դիրքորոշումները: Բովանդակության համար պատասխանատվությունը լիովին կրում են հեղինակները:

 This publication/video is made possible by the “Citizen Participation in Municipal Budgeting” project implemented by GIZ in the framework of the Eastern Partnership Regional Fund for Public Administration Reform and the Good Local Governance Programme South Caucasus under the commission of the German Federal Ministry for Economic Cooperation and Development.

The views expressed in this publication/video are those of the authors and do not necessarily reflect the views of the German Government and GIZ.

 

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *