Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչները պահանջում են վերականգնել արդարությունը

                                                                                                                                                        Սուսաննա Շահնազարյան

Ներքին Խնձորեսկում կռիվ է ընկել։ Գյուղի բնակիչներն «Ասպարեզ ֆիրմա» ԲԲԸ նախագահ  Մարտուն Արզանյանին մեղադրում են հողի սեփականաշնորհման գործում թույլ տված իրավախախտումների, իրենց ունեզրկելու, բնակիչների անունով սեփականաշնորհված հողատարածքները փաստացի ուրիշի կողմից օգտագործելու, եկամուտները յուրացնելու, տարիներ շարունակ գյուղում անօրինական գործունեություն իրականացնելու համար։ Տարբեր տարիների դիմել են մարզային, հանրապետական իշխանություններին, սակայն գործնական որևէ քայլ չի ձեռնարկվել նրանց կողմից։

Հույս ունենալով, որ Հայաստանի նոր իշխանություններն ունկնդիր կլինեն իրենց մտահոգություններին, փետրվարին դիմել են վարչապետին, սակայն որևէ արձագանք չեն ստացել։

Որպես բողոքի նշան, օրեր առաջ փակել են գյուղի ճանապարհը և սպառնում են, որ եթե կարճ ժամանակում իրենց բողոքին ընթացք չտրվի, ծայրահեղ քայլերի կդիմեն։ Նրանցից շատերի խոսքով այս հարցում գյուղը միասնական է և չկա մեկ ընտանիք, ով չի տուժել նշված ապօրինություններից և իրենց կարծիքով Մարտուն Արզանյանը, բացի «Ասպարեզ ֆիրմա» ԲԲԸ նախագահ լինելուց, նախ որպես Ներքին Խնձորեսկ համայնքի ղեկավար, ապա և բազմաբնակավայր Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկի այլևս պաշտոնաթող վարչական ներկայացուցիչ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, բազմաթիվ չարաշահումներ է կատարել։

Վրդովված գյուղացիների կարծիքով արդարության վերականգնման համար այլևս անօգուտ են նաև լրագրողական հրապարակումները, տարբեր ձևաչափերով երկխոսության քննարկումներն ու անգամ իրավական միջամտությունները։ Ըստ նրանց, միակ միջոցը «Ասպարեզ ֆիրմա» ԲԲԸ կողմից օգտագործվող հողատարածքների վերաբաշխումն է բնակիչներին։

Հրապարակում ենք խնդրի շուրջ Ներքին խնձորեսկցիների կողմից ներկայացվող պատմությունների համառոտագրությունն՝ առանց դիտարկումների,միաժամանակ պատրաստակամություն հայտնելով լսել նաև Մարտուն Արզանյանի մեկնաբանությունները։

Հաշվի առնելով քննարկվող հարցի հետ կապված բազմաթիվ փաստարկների առավել հանգամանալից ուսումնասիրության անհրաժեշտությունը, ավելի ուշ կհրապարակենք նաև մեր լրագրողական հետաքննության արդյունքները։

Ներքին Խնձորեսկ գյուղը հիմնադրվել է 1983 թվականին՝ Խնձորեսկի տնտեսության հողատարածքներն արդյունավետ օգտագործելու հիմնավորմամբ։ Սկզբում պետությունը մի քանի շենք է կառուցել, որոնք  հիմնականում բնակեցվել են Խնձորեսկի երիտասարդներով, իսկ այնուհետեւ նորաստեղծ գյուղում մշտական բնակություն են հաստատել այլ բնակավայրերից  եկածներ։  ՀՀ Կառավարության 1998 թ. նոյեմբերի 17-ի թիվ 713 որոշմամբ գյուղը սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ է ստացել։

Հիմնադրումից հետո գյուղում ձևավորվել է անասնապահական /բտման/ տնտեսություն։Այնուհետև ՀՀ կառավարության  1995 դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» թիվ 98 որոշմամբ«Խնձորեսկի թիվ 2 բտման տնտեսություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվել է «Խնձորեսկի թիվ 2 բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով, որց հետո ընկերությունը անվանափոխվել է Ներքին Խնձորեսկի «Ասպարեզ ֆիրմա» ԲԲ ընկերության:

Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչՌաֆիկ Դիլանչյանը մեկն է այն բնակիչներից, ով ձեռք է բերել ընկերության բաժնետոմսեր․կոնկրետ նա՝ թվով 58 հատ սովորական անվանական բաժնետոմս` յուրաքանչյուրը 5 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով։

 2010թ. Նոյեմբերի 8-ին Ռաֆիկը դիմել է ընկերությանը՝ փորձելով ստանալ տեղեկատվություն՝ ընկերության հաշվապահական հաշվեկշռի և հաշվետվությունների` մասնավորապես իրեն հասանելիք շահութաբաժինների վերաբերյալ, սակայն ընկերության կողմից պատասխան չստանալով, 2011թ. փետրվարի 18-ին հայց է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ասպարեզ ֆիրմա» ԲԲ ընկերության գործունեությունից ստացված շահութաբաժնի վճարման պարտավորեցնելու վերաբերյալ։ Դատական գործի քննության արդյունքում դատարանը որոշել է հայցը բավարարել մասնակի՝ ընկերությանը պարտավորեցնելով հայցվորին երեք տարիների համար որպես հասանելիք շահութաբաժին վճարել 540 դրամ, իսկ նախորդ տարիների շահութաբաժնի համար դիմումը հայցային վաղեմություն կիարառելու հիմքով մերժվել է։ Ռաֆիկ Դիլանչյանը նշում է, որ դատարան դիմելու իր քայլը պայմանավորված է եղել «Ասպարեզ ֆիրմա» ԲԲԸ-ի գործունեության անօրինականության մի դրվագը ներկայացնելը։

Այն փաստը, որ ինքը ձեռք է բերել 58 հատ բաժնետոմս, սակայն հետագայում պարզվել է, որ փաստացի ձևակերպվել է 20-ը, որը կազմում է ընդհանուր սովորական անվանական բաժնետոմսերի 0,47 տոկոսը, արդեն անօրինականություն է  և ինքը միակ տուժող բաժնետերը չէ այդ առումով: 

Ոչ թե ընկերության կողմից հասանելիք շահութաբաժինները վճարելու պարտավորեցման պահանջ են ներկայացնում գյուղի այլ բնակիչներ, այլև, նրանցից ոմանց խոսքով որոշ առումով «ճորտատիրական»  հարաբերություններ են իշխել գյուղում և ըստ նրանց, իրենց ունեցվածքը փաստացի տնօրինվել է ընկերության կողմից։ Մարդիկ մտահոգություն են հայտնում այն մասին, որ չունեն սեփականաշնորհված հողատարածքների քարտեզ, հնարավորություն չունեն ճշտելու իրենց հողակտորների սահմանները, որոշ դեպքերում, երկար ժամանակ աշխատելով ընկերությունում, թոշակի անցնելուց հետո պարզել են, որ չնայած հավաստացիումներին, գրանցված աշխատող չեն հանդիսացել և նրանց անունով հարկեր չեն վճարվել։

2004 թվականին համայնքի մի խումբ բնակիչներ դիմում են ՀՀ կառավարություն, նշելով, որ  համայնքի հողերը միանձնյա տնօրինվում է «Ասպարեզ ֆիրմա» ԲԲ ընկերության կողմից և խնդրում են թույլատրել մոտ 260 հա հողի չափով սեփականաշնորհում իրականացնել։ 2006թվականի  փետրվարի 16-ին կառավարությունը որոշում է կայացնում Ներքին Խնձորեսկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքի փոխանցելու մասին։ Սակայն սեփականաշնորհման գործընթացը նոր բողոքի ալիք է բարձացնում գյուղում, քանի որ ըստ բնակիչների, այն իրականացվել է կամայական, առանց հստակ չափորոշիչների։ Նախ, գյուղի հողատարածքներից 140 հեկտար կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կրկին հատկացվում է «Ասպարեզ ֆիրմա»ԲԲԸ-ին՝ իբր ընկերության հաշվեկշռում գտնվող խոշոր և մանր եղջերավոր անասունների կերի ապահովման միջոց, այն դեպքում, որ ըստ բնակիչների, ընկերությունը փաստացի երբևէ որևէ անասուն չի ունեցել։ Ապա Ներքին խնձորեսկցիների զայրութի  մի նոր ալիք է բարձանում այն պատճառով, որ հողի սեփականաշնորհումը կատարվում է կամայական, և հաճախ հողի սեփականատերեր էին դառնում այլ բնակավայրերի բնակիչներ, հիմնականում ընկերության նախագահի հարազատներ, մտերիմներ այն դեպքում, երբ Ներիքն Խնձորեսկում տասնյակ երիտասարդներ կարիքավոր էին, և նրանց հողազուրկ մնալու դեպքում կարող էին լքել սահմանամերձ գյուղը։ Մհեր Սիրավյանը պատմում է, որ հողի սեփականաշնորհման ընթացքում ինքն ամուսնացած չի եղել և այդ պատճառով ինքը զրկվել է հողից, բայց նույն կարգավիճակով մեկ ուրիշ բնակիչ ապահովվել է։ Ոմանք նաև նշում են, որ իրենց կողմից օգտագործվող հողակտորը, հաճախ պարզվում է, որ իրականում այլ սեփականատեր ունի և, փաստորեն, իրենք որպես բատրակ են աշխատում։ Մեկ այլ դեպքում դեռևս 1988թվականից իր կողմից տնօրինվող այգին, որտեղ արդեն բազմաթիվ ծառեր են աճում, պարզվում է, որ իբր աճուրդի միջոցով այլ սեփականատեր ունի։

 Բնակիչները նշում են, որ գյուղում երբևէ աճուրդներ չեն կազմակերպվել, բայց որոշումներ են գրվել, աճուրդի արդյունքներ ներկայացվել համայնքային իշխանության կողմից/մինչև համայքների խոշորացումը Մարտուն Արզանյանը Ներքին Խնձորեսկի գյուղապետն էր։ Որպես համայնքի ղեկավար, Ներքին խնձորեսկցիները նրան մեղադրում են նաև 250 հավարելահողերի ջրամատակարարման ցանցի ապամոնտաժման և վաճառելու համար։ Ըստ նրանց, երկար տարիներ խաբված են եղել, և հողի հարկ վճարել են ջրովի հողատարածքի համար սահմանված սակագնով, այն դեպքում երբ իրականում դրանք անջրդի են եղել և միայն բողոքներից հետո, ըստ նրանց, արդարությունը վերականգնվել է։
Ներքին խնձորեսկցիների զայրութի պատճառներից մեկն այն է, որ տարիներ շարունակ բարձրաձայնելով նշված և իրենց կարծիքով անօրինական այլ գործառույթների, մասնավորապես, աշխատանային օրենսդրության խախտումների մասին ևս, տարբեր տարիների մարզային իշխանություններն աչք են փակում կատարվածի վրա և գործնական լուծում չեն տալիս խնդրին։

-Եթե մենք սխալ ենք, թող էդ մարդը պատիվ պահանջի, որ իբր իրեն վարկաբեկում ենք կամ պատասխան տա,-չեն  հանդարտվում ներքին խնձորեսկցիները։

Մենք ևս պատրաստ ենք ներկայացնել երկրորդ կողմի մեկնաբանությունները, միաժամանակ ակնկալում ենք, որ սահման պահող մի գյուղի անդորրը վերականգնելու համար հանրապետական իշխանությունները ևս պիտի շտապեն:

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *