Նոր նախագծով կգնահատվի հաշմանդամության սահմանման ոչ միայն բժշկական, այլև` սոցիալական բաղադրիչը

21.03.2019

«Հիվանդությունն արտաքինից չի երևում, բայց հաշմանդամությունը չի կարող չերևալ, դա տեսանելի խնդիր է: Չի կարող թղթերում ծանր գրված լինել, բայց հիվանդի վրա արտաքինից չերևա»,- gorispress.am-ի հետ զրույցում նշում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռիմա Եգանյանը և ավելացնում, որ հաճախ քաղաքացու և բժշկասոցիալական փորձաքննության/ ԲՍՓ/ հանձնաժողովի անդամների միջև առաջանում է կոնֆլիկտ:  Շատ դեպքերում բուժող բժիշկը հիվանդին հույս է տալիս, որ իր ունեցած փաստաթղթերով ԲՍՓ հանձնաժողովը, օրինակ, 2-րդ կարգ կտա և սա հիմք է դառնում, որ հանձնաժողովի որոշմամբ կարգից զրկվելու կամ այլ կարգ ստանալու դեպքում հիվանդները դժգոհում են: «Այսօրվա դրությամբ մենք այդքան լայն հնարավորություններ չունենք, որ հիվանդին ամբողջությամբ  ստուգենք ԲՍՓ-ի ընթացքում։ Այն, ինչն օբյեկտիվ զննումով է արվում/ աստիճան բարձրանալ-իջնել, սրտի զարկերը ստուգել և այլն/ ու, եթե թղթերին չի համապատասխանում,  կոնֆլիկտի է հանգեցնում։ Հիմա ինչ թուղթ ուզես,  կարող ես բերել։ Մի դեպքում հիվանդը թուղթ է բերում ծանր հիվանդության վերաբերյալ, մյուս դեպքում՝ թղթերով թեթև է ներկայացված, բայց մարդու խնդիրը տեսանելի է։ Երկու դեպքում էլ մարդն է կարևոր»,- ասում է տիկին Եգանյանը: 

ԲՍՓ իրականացման կարգի մասին կառավարության N276 որոշման 18-րդ կետի համաձայն ախտորոշման ճշտման, հետազոտման հատուկ  մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար հանձնաժողովը կազմում է լրացուցիչ հետազոտության ծրագիր, որը հաստատում է նախագահը, դրա մասին տեղեկացնում են անձին ու ուղեգիրը տալիս են, քաղաքացին գնում է։ Այդ ժամանակ գործը կասեցվում է այնքան ժամանակ, մինչև հետազոտության արդյունքները քաղաքացին ներկայացնի։ Առաջ է գալիս հաջորդ խոչընդոտը, որի մասին իր մտահոգությունն է հայտնում Ռ. Եգանյանը: «Քաղաքացին գնում է առողջապահական հիմնարկ, սակայն նրան հայտնում են, որ պետպատվերով հերթը չորս ամիս հետո է հասնելու։ Այստեղ էլ առաջանում է քաղաքացիների դժգոհությունը, այն էլ այն դեպքում, երբ ինքն այդ ամբողջ արդեն արած պիտի ներկայանար փորձաքննությանը»։

Այն հանգամանքը, որ հիվանդը պարտավոր չէ իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնելու հանձնաժողովին հավելյալ փորձաքննություն չանցնելու ու ամիսներ շարունակ հաշմանդամության կարգը վերահաստատելու գործընթացը չուշացնելու համար, ու դա միգուցե  բուժող բժիշկների  պարտականությունն է, գլխավոր մասնագետը պարզաբանում  է, որ «ԲՍՓ-ն վարչարարություն է, որն իրականացվում է իրավական ակտերով և իրավական ակտի որևէ կետի խախտման համար պատասխանատվություն է կրում հանձնաժողովը։ Մյուս կողմից էլ քաղաքացին ինքն է պարտավոր իր մասին տեղեկություն բերելու։ Հանձնաժողովի անդամը  շահագրգիռ անձ չպետք է լինի  ու ինքը չպիտի ասի, թե ինչ  փաստաթուղթ բերի հիվանդը, որ իրեն օգնեն:  Բժիշկը պարտավոր չէ իմանալու այս նորմերի ու օրենքների մասին, բայց առողջապահության նախարարն այս բոլորի հիման վրա հանձնարարություն է ուղարկում բժիշկներին՝ հրամանի տեսքով, թե որ դեպքում ինչ պետք է  անեն, բայց կարդացող չկա:

Չնայած, որ հանձնաժողովը կոչվում է  բժշկասոցիալական, բայց սոցիալական ոլորտի որևէ մասնագետ ներառված չէ հանձնաժողովի կազմում: Ինչո՞վ է դա պայմանավորված և նման դեպքում ինչպե՞ս է գնահատվում սոցիալական բաղադրիչը, Ռիմա Եգանյանը նշում է, որ «ԲՍՓ հանձնաժողովի անդամները բժշկասոցիալական փորձագետներ են, որոնք բացի բժշկությունից, նաև ամբողջ իրավական ակտերն են անգիր արել, որպեսզի կարողանան գնահատել մարդու սոցիալական մասը։ Դրա համար հատուկ մասնագետ պետք չէ։ Նախկինում չեն էլ եղել սոցաշխատողներ, կառավարության որոշմամբ էլ պահանջ չէր դրված,  որ պետք է սոցաշխատող ունենանք»:

Նրա խոսքով նոր նախագիծ է մշակվել, որով բացի առողջապահականից, կա նաև սոցիալական բաղադրիչ։ «Այս նոր նախագծով, որի վրա արդեն չորրորդ տարին ենք աշխատում, անդրադարձել ենք ֆունկցիաների միջազգային դասակարգմանը, որը հիվանդություններից դուրս է․ մարդը ինչ ֆունկցիա է կորցրել ու ինչքան, ըստ այդմ էլ իր ֆունկցիոնալությունը գնահատվում է»։

Տիկին Եգանյանը նշում է, որ  այս նախագծով նախ քաղաքացին գնահատում է իր կարողությունները, հետո բժիշկը՝ ֆունկցիաները, իսկ սոցիալական մասը գնահատվում է ըստ գործունեության ու մասնակցության: Գնահատվում է նույնիսկ միջավայրային գործոնների ազդեցությունը։ Այս արդյունքների հիման վրա բժիշկները և սոցաշխատողները ներկայացնում են, թե մարդուն ինչ տեսակ ծառայություններ են անհրաժեշտ։ Այն կոչվում է ծառայությունների անհատական գնահատում։ 

 

 

Яндекс.Метрика