Տեղ համայնքի 5 բնակավայրում կոյուղու համարկարգ չկա

27.02.2019

Տեղ համայնքի Տեղ բնակավայրում կոյուղաջրերը կամ թափվում են գյուղը երկու մասի բաժանած ձորը կամ էլ փողոցները։ Որոշ փողոցների բնակիչներ միացել ու իրենց թաղամասի կոյուղագիծը հասցրել են մինչև ձոր։ Երբեմն համայնքապետարանն է օգնում համապատասխան տեխնիկայով ու խողովակաշարով՝ փորձելով գոնե  փողոցները մաքրել կոյուղաջրերից։

«Ժողովրդին խնդրում ենք, հորդորում, որ  իրենց այգում սեպտիկ հորեր կառուցեն ու իրենց կոյուղի  հասցնեն էդ հորը, մինչև մենք կունենանք կենտրոնացված կոյուղու ցանց, սակայն ոչ բոլորն են այդպես անում», — նշում է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Տեղ համայնքի մյուս բնակավայրերի համեմատ Տեղ բնակավայրն բնակչության թվով ամենամեծն է ու  24-ժամյա ջրամատակարարում ունենալու պարագայում խնդիրն ավելի տեսանելի է լինում։ «Հատկապես ամռանն անտանելի է․ ջրերը դառած փողոցները, սանիտարահիգենիկ պայմաններ չկան․գարշահոտությունից խեղդվում ես»,- պատմում է  Տեղի բնակիչ Մարինեն։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մասնագետների կողմից իրականացրած հաշվարկների արդյունքում միայն Տեղ բնակավայրի կոյուղագծի անցկացման և նորմատիվներին համապատասխան մաքրման կայանի կառուցման համար անհրաժեշտ է մոտ 1,4 մլն եվրո գումար։

Մեր այն հարցին, թե արդյոք Տեղ բնակավայրում կոյուղագծի անցկացման համար  ծրագիր է ներկայացվել Կառավարությանը, համայնքների զարգացման համար տրամադրվող սուբվենցիայից օգտվելու համար, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ այս տեսակ մեծ խնդրի վերաբերյալ  չէին կարող ծրագիր ներկայացնել, որովհետև չունեն համամապատասխան ներդրման գումարը։ «Այս խնդրով կառավարությանը չեմ դիմել, քանի որ ես չունեմ 50%-ի չափով ներդրման գումար։ Խոշորացումից հետո համայնքում իրականացվել են շուրջ 700 մլն դրամի չափով ծրագրեր, որի համաներդրումը համայնքն ապահովել է։ Բայց մեր ունեցած բյուջեով ես  պատրաստ չէի այդքանին զուգահեռ նաև կոյուղու համակարգի համար ներդրում անելու»,- նշեց Ն․ Շադունցը։

Տեղ համայնքի յոթ բնակավայրերից միայն Քարաշենն ու Կոռնիձորն ունեն կոյուղու համակարգ։ Նախկինում այն կիսով չափ է գործել, սակայն խոշորացումից հետո  բնակիչների օգնությամբ 2 բնակավայրում կոյուղագիծն ամբողջությամբ  անց է կացվել։

Яндекс.Метрика