Ժառանգության վերաբերյալ հաճախ տրվող հարցեր

29.01.2019


Գորիսի մամուլի ակումբը 2018թ. ապրիլից իրականացնում է «Ակտիվ, պաշտպանված քաղաքացի» ծրագիրը, որի նպատակներից է անվճար իրավաբանական օգնություն տրամադրելը:

Այս ժամանակահատվածում հավաքագրել ենք Գորիս, Տաթև և Տեղ համայնքներում բնակիչներին հուզուղ մի շարք հարցեր և դասակարգել դրանք:

Նախորդ անգամ անդրադարձել ենք «Անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստացող մարդկանց իրավունքները» թեմային՝ ֆեյսբուքյան ասուլիսի միջոցով, այժմ քաղաքացիներին հուզող հարցերին պատասխանելու համար կիրառել ենք հարց ու պատասխանի մեթոդը:

Հավաքագրված հարցերը հիմնականում վերաբերում էին նոտարական գործառույթներին՝ մասնավորապես ժառանգության հարցերին, որոնց պատասխանում է Սյունիքի մարզի «Գորիս» նոտարական տարածքի նոտար Առնո Առաքելյանը:

Ո՞վ է ժառանգատուն և ովքե՞ր կարող են լինել ժառանգներ

Ժառանգատուն այն մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված քաղաքացին է, ում պատկանող սեփականության նկատմամբ բացվել է ժառանգություն: 
Ըստ օրենքի, ժառանգատու կարող է լինել միայն ֆիզիկական անձը՝ անկախ տարիքից, գործունակ կամ անգործունակ լինելուց, քաղաքացիությունից, սեռից, ռասայից, սոցիալական ծագումից:

Իսկ ովքեր են ժառանգները:  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի համաձայն սահմանվում է երկու կարգի ժառանգներ՝ ժառանգներ ըստ օրենքի և ժառանգներ ըստ կտակի: Այսպիսի բաժանման իմաստը կայանում է նրանում, որ եթե ժառանգատուն կենդանության օրոք կտակ չի կազմել այն մասին, թե ինչպիսի կարգադրություն է անում իրեն պատկանող սեփականությունը իր մահից հետո տնօրինելու վերաբերյալ, ապա նրա սեփականության տնօրինման հարցը լուծվում է օրենքով` որպես սեփականություն հանձնվում է այն անձանց, որոնց օրենքը ճանաչում է որպես ժառանգներ:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն, սեփականատերը, իր սեփականությունը հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և  տնօրինելու իրավունքով  կարող է այն կտակել, թեկուզ կտակելը նույնպես, սեփականության տնօրինման եղանակներից մեկն է:

Իր գույքը ցանկացած անձի կտակելը սեփականատիրոջ  սահմանադրական իրավունքն է, որից հետևում է, որ ըստ կտակի ժառանգ կարող են լինել նաև կտակարարի հետ հարազատական որևէ կապ չունեցող անձինք:
Ասվածի հիման վրա կարելի է սահմանել, որ ժառանգն այն անձն է, որն ըստ օրենքի կամ ըստ կտակի իրավունք ունի բաժին ստանալու ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքից:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն ժառանգները բաժանվում են չորս խմբի՝ ըստ նրանց ժառանգման հրավիրելու հերթի՝ հիմք ընդունելով ժառանգատուի հետ նրանց ունեցած ազգակցական կապը: Օրենքով սահմանված չորս հերթի ժառանգների խմբերից յուրաքանչյուր խումբ ժառանգության հրավիրվում է միայն իրեն նախորդող հերթում նշված ժառանգների բացակայության դեպքում:

Առաջին հերթի ժառանգներ են համարվում ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները, իսկ թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով: Եթե առաջին հերթի ժառանգներից և ոչ մեկը կենդանի չէ, կամ այն դեպքում, երբ այդպիսիք կան, սակայն ժառանգատուն իր կտակով զրկել է այս կամ այն ժառանգին, կամ եթե ժառանգներն իրենք են հրաժարվել գույքը ժառանգելուց, կամ եթե այդպիսիք ճանաչված են անարժան ժառանգ, ապա ժառանգության են հրավիրվում երկրորդ հերթի ժառանգները: Երկրորդ հերթի ժառանգներ են՝ ժառանգատուի հարազատ քույրերն ու եղբայրները: Այս հարցում ուշադրության է արժանի այն, որ օրենքը նկատի ունի միայն ժառանգատուի ինչպես հարազատ, այնպես էլ համահայր և համամայր քույրերին ու եղբայրներին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն երրորդ հերթի ժառանգներ են համարվում ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի տատը և պապը:  Չորրորդ հերթի ժառանգներ են համարվում ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը: Մինչև ժառանգության բացումն այս ժառանգների մահացած լինելու դեպքում նրանց երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով: 

Ժառանգատուն ազատ է կտակի միջոցով իր գույքը տնօրինելու հարցում: Սա նշանակում է, որ ժառանգատուն կարող է իր գույքն ամբողջությամբ կամ դրա մի մասը կտակել ինչպես ըստ օրենքի ժառանգ հանդիսացող, այնպես էլ դրա շրջանակից դուրս գտնվող անձի կամ անձանց: Սակայն, կտակարարի այս իրավունքը ինչ-որ չափով սահմանափակված է օրենքով: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:
Պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի՝

•    անչափահաս երեխաները,
•    չափահաս հաշմանդամ երեխաները,
•    անգործունակ ճանաչված երեխաները,
•    60 տարեկան դարձած երեխաները,
•    60 տարեկան դարձած ամուսինը,
•    60 տարեկան դարձած ծնողները: 

Նշված անձանց թիվը սպառիչ է և, հետևաբար, պարտադիր բաժնի իրավունքից չեն կարող օգտվել ըստ օրենքի երկրորդ և երրորդ հերթի ժառանգները:  Պարտադիր բաժնի իրավունքը  ստանալու համար կտակում նշված ժառանգների համաձայնությունը չի պահանջվում: Այսինքն, ցանկացած պարագայում, երբ ժառանգատուի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգների շարքում գոյություն ունեն նշված անձինք, ապա կտակի առկայության դեպքում, եթե նրանք կտակում որպես ժառանգներ նշված չեն, պարտադիր հրավիրվում են ժառանգության և ժառանգում գույքի այն մասի առնվազն կեսը, որը նրանք կժառանգեին որպես առաջին հերթի ժառանգ, եթե չլիներ համապատասխան կտակը:

Ի՞նչ ժամկետում պետք է ընդունել ժառանգությունը և ինչի կարող է հանգեցնել ժամկետի խախտումը

Օրենքը  ժառանգության ընդունման համար սահմանել է վեցամսյա ժամկետ, ինչը բաց թողնելու դեպքում ժառանգը համարվում է ժառանգությունը չընդունած: Սահմանված ժամկետը բաց թողնելու պարագայում, ժառանգության ընդունումը հնարավոր է, եթե առկա է ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների գրավոր համաձայնությունը: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի՝ նախկինում տված ժառանգության վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:

Այստեղից հետևություն, որ վեցամսյա ժամկետը բաց թողնելու պարագայում ժառանգությունը չընդունած անձը կարող է ընդունել ժառանգությունը, եթե առկա է նույն հերթի գոնե մեկ ժառանգ, ով վեցամսյա ժամկետում ընդունել է ժառանգությունը և տալիս է իր գրավոր համաձայնությունը՝ ժառանգությունը չընդունած ժառանգի կողմից այն ընդունելու կապակցությամբ: Հակառակ դեպքում ժառանգման են հրավիրվում մյուս հերթի ժառանգները, իսկ դրանց բացակայության դեպքում, կամ եթե ժառանգությունը չընդունվի օրենքով նախատեսված չորս հերթի ժառանգներից և ոչ մեկի կողմից, գույքը կդիտվի անժառանգ գույք և կտնօրինվի ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1224 հոդվածի կանոններով:

Օրենքի նշված պահանջը տրամաբանական է, քանի որ ժառանգությունը չընդուանծ ժառանգի կողմից ժառանգության իր բաժինը ընդունելու դեպքում արդեն իսկ փոխվում է այն սահմանված ժամկետում ընդունած ժառանգների մասնաբաժինը (այն նվազում է): Այդ պատճառով, եթե ժառանգությունն ընդունած ժառանգներից թեկուզ և մեկը  չի տալիս իր համաձայնությունը, ապա վեցամսյա ժամկետը բաց թողած անձը զրկվում է այն ընդունելու իր իրավունքից: Խոսքը չի վերաբերում այն դեպքերին, երբ առկա են ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու հանգամանքներ, որի դեպքում բաց թողնված ժամկետը վերականգնվում է և տեղի է ունենում ժառանգության զանգվածի վերաբաշխում:

Ո՞րն է կտակի և նվիրատվության տարբերությունը
Կտակը միակողմ գործարք է, իսկ նվիրատվությունը՝ երկկողմ: Կտակի և նվիրատվության էական տարբերությունն այն է, որ կտակի միջոցով գույքի սեփականության իրավունքը սեփականատիրոջ մահից հետո փոխանցվում է այլ անձի:  Կտակարարն իր կենդանության օրոք ցանկացած պահի կարող է փոփոխել, լրացնել կամ վերացնել կտակը` առանց այդ մասին որևէ անձի բացատրություններ տալու, մինչդեռ նվիրատվության դեպքում  սեփականության իրավունքը նվիրառուին փոխանցվում է պայմանագրի կնքման և պետական գրանցման պահից: Սա նշանակում է, որ գույքի սեփականատերը նվիրատվության պայմանագրի կնքման պահից կորցնում է դրա նկատմամբ սեփականության իրավունքը: Ավելին, նվիրատվության պայմանագիրը միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում կարող է վերացվել:

Яндекс.Метрика