Հաշմանդամություն կարգի տրամադրումը նյութական վիճակը բարելավելու միջոց չէ

28.12.2018

Լուսանկարը Մուշեղ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

«Եթե մարդը չի քայլում, դա դեռ  չի նշանակում, որ նա ունի հաշմանդամություն: Չքայլող մարդը ձեռք է բերում հաշմանդամություն այն ժամանակ, երբ միջավայրը հարմարեցված չի: Մինչ քաղաքացիներին հաշմանդամության կարգ սահմանելը կարևոր է իմանալ, թե ինչ է հաշմանդամությունը»,- ասում է «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը:

2010 թ. Հայաստանը ընդունել է  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, ըստ որի հաշմանդամությունը էվոլյուցիոն երևույթ է, և որ այն արդյունք է այնպիսի փոխազդեցության, որը տեղի է ունենում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և վերաբերմունքի ու շրջապատի սահմանափակումների միջև, որոնք խոչընդոտում են նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը հասարակական կյանքում:

«Սոցիալական մոդելը խնդիրը տեսնում է մարդուց դուրս, միջավայրի մեջ, սակայն Հայաստանում դեռ ընդունված չէ դրա կիրառումը»,- նշում է Մ. Հովսեփյանը և ավելացնում, որ չնայած  Հայաստանում քաղաքացիներին հաշմանդամության կարգ տալիս է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը, սակայն հանձնաժողովի անդամները միայն բժիշկներ են: Նրա խոսքով՝ սոցիալական ոլորտի մասնագետները ևս պետք է  ներգրավված լինեն փորձաքննության ընթացքում: « Բժիշկները մարդուն տեսնում են որպես պոտենցիալ հիվանդի և ոչ թե մարդու, ով սոցիալական էակ է: Բժիշկները չեն կարող պատկերացնել, որ նույն հիվանդություն ունեցող գյուղի և քաղաքի մարդն այլ կերպ է ապրում իր հաշմանդամությունը և դա արդարացի է, քանի որ դա նրանց մասնագիտությունը չէ և դրա պարտավորությունը չունեն»,- ասում է Մ. Հովսեփյանը:

Ստացվում է, որ մարդուն հաշմանդամության կարգ  տրամադրելու չափանիշներում սոցիալական հանգամանքը ձևական է ներառված և միայն բժշկական կարծրատիպերի հիման վրա են մարդուն ճանաչում հաշմանդամ կամ՝ ոչ: « Պետք է հաշմանդամություն կարգ ստանալու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անհատական մոտեցում ցուցաբերել անհատական և միջավայրային գործոններով: Եթե մարդու տուն չեն հաճախում, մարդու հետ գոնե մեկ ժամ չեն անցկացնում ու չեն հասկանում իր առջև առաջացած խնդիրները, ինչպես կարող են սոցիալական վիճակը հաշվի առնել: Մարդու հմտություններն էլ է պետք հաշվի առնել կարգ տրամադրելու ժամանակ»,- նշում է ՀԿ-ի նախագահը:

Թե ինչքանով է այդ անհատական մոտեցումը իրատեսական այն պարագայում, երբ 2018թ հուլիսի 1-ի դրությամբ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության, Հայաստանում կա 188 հազար հաշմանդամություն ունեցող անձ, Մ. Հովսեփյանը նշում է, որ «որ չնայած  դժվար աշխատանք է, բայց նպատակին հասնելու միակ տարբերակն է: Հիմա թեթև է, բայց մարդկանց շահերից չի բխում»:

Փորձագետը նաև հավելում է, որ  չպետք ա լինի մի կառույց, որը հաշմանդամության կարգ սահմանի: «Կարծում եմ և,  դա ենթադրում է նաև կոնվենցիան, որ անձը պետք է որոշի ինքը հաշմանդամություն ունի թե ոչ»,- ասում է Մ. Հովսեփյանը և ավելացնում , որ Հայաստանում էլ պետք է մարդն անցնի գնահատում, հասկանալու համար, թե ինչ ծառայության կարիք ունի նա:

Ներկայումս Հայաստանում քաղաքացին կարողանում է օգտվել որոշակի արտոնություններից, եթե ունի հաշմանդամության կարգ: Շատ մարդիկ դիմում են հաշմանդամության կարգ ստանալու համար, քանի որ ունեն գումարի կարիք, բայց չունեն, օրինակ, անվճար կրթության, դեղորայք ստանալու կարիք և ստացվում է, որ մարդը ստիպված է իրեն հաշմանդամության ունեցող անձ ճանաչելու ու ձգտի դրան, որովհետև կամ նա կունենա ամեն տեսակ արտոնություն կամ ոչինչ:

«Կարևոր է նաև հասկանալ, որ թոշակը տրամադրվում է հաշմանդամությամբ պայմանավորված ծախսերը հոգալու համար,ոչ թե որ իրենք աղքատ են, այլ այն, որ կան ծախսեր, որոնք պայմանավորված են զուտ իրենց հաշմանդամությամբ  և մյուս մարդիկ այդ ծախսերը չեն անում»,- նշում է Մուշեղ Հովսեփյանը:

Яндекс.Метрика