Հաշմանդամության կարգից զրկում՝ բժշկի անտարբերության պատճառով

Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի բնակիչ Անդրանիկ Հարությունյանին արդեն երկրորդ անգամ են զրկում  հաշմանդամության կարգից:

2012թ. Անդրանիկի մոտ  hայտնաբերվել է ողնաշարի ճողվածք և վիրահատվել: Անդրանիկի խոսքով` վիրահատությունից հետո էլ ցավերը չեն դադարել, և նա հաճախ դիմել է Սիսիանի բժշկական կենտրոնի բժիշկ, նյարդաբան Լյուբա Թամրազովային` ցավերը մեղմելու համար  նշանակումներ կատարելու խնդրանքով: «Ուժեղ ցավերով հասնում էի հիվանդանոց, սակայն բժշկուհի Թամրազովան այնքան անտարբեր էր, որ նույնիսկ չէր  ուզում իմանալ, թե ինչ գանգատներ ունեմ ու այդպես էլ որևէ դեղ չէր նշանակում: Պատճառը շատ պարզ էր. ես կաշառք տվող չէի»,-ասում է Անդրանիկը:Վիրահատությունից երեք ամիս անց Անդրանիկը դիմել է Սիսիանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին՝ հաշմանդամության կարգ ստանալու համար:  Նա չի թաքցնում, որ փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը դասավորելու ընթացքում Թամրազովան իրենից գումար է պահանջել: «Ասում էր, որ  պետք ա 25 հազար  դրամ տամ Գորիսից ժամանող  հանձաժողովին, 15 հազար դրամ՝ իրեն, իսկ 10 հազար` գլխավոր բժշկին՝ թուղթը կնքելու  համար:  Երբ հարցրի թե ինչու, բժշկուհին  պատասխանեց, որ կարգն է այդպիսին:  Պահանջվող գումարը տվեցի, ու ինձ հաշմանդամության կարգ նշանակեցին»:

Անդրանիկը պատմում է, որ այդ ժամանակ իրեն իրոք թվում էր, որ կարգն է այդպիսին. «Հետո եմ գիտակցել, որ չիմանալով կաշառք եմ տվել, բայց արդեն ուշ էր»,-անկեղծանում է նա: 

Հաջորդ տարի հերթական փորձաքննությունից առաջ Թամրազովան Անդրանիկից 7 հազար դրամ էր վերցրել: Այս անգամ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը հաշմանդամության կարգից զրկեց` պատճառաբանելով, որ  «հիվանդության սրացումներ չկան», չնայած նա պարբերաբար այցելում էր հիվանդանոց բազմաթիվ գանգատներով: «Պարզվում է այդ մեկ տարվա ընթացքում բժշկուհի Թամրազովան իմ ներկայացրած որևէ գանգատ չի լրացրել իմ փաստաթղթերում, որը հանձնաժողովի համար  կարող էր հիմք լինել իմ առողջական վիճակի մասին»,- պատմում է Անդրանիկը:

Հաշմանդամության կարգից զրկվելուց հետո Անդրանիկը ստիպված էր ֆիզիկական աշխատանք կատարել՝ իր ընտանիքի հոգսերը հոգալու համար, որի հետևանքով հիվանդությունը սրվեց այնքան, որ երկրորդ անգամ վիրահատվեց  ու կրկին ստացավ հաշմանդամութնան 3-րդ կարգ:

Պատմությունը կրկնվեց. հաջորդ տարի հերթական բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում նրան էլի նույն պատճառաբանությամբ զրկեցին կարգից: Գանգատների մասին ոչինչ գրված չէր իր անհատական բժշկական քարտում: 

Հաշմանդամության կարգից զրկվելուց հետո Անդրանիկը դիմել է վերափորձաքննության, սակայն ապարդյուն. որոշումը մնացել է անփոփոխ: «Վերափորձաքննությունը ձևական բնույթ է կրում: Մարդկանց խելագարի տեղ են դնում. Հանձնաժողովի անդամներից մեկը մատներով իբր ստուգում էր ողնաշարիս վիճակը, ես էլ չդիմացա ու հարցրի թե արդյոք իր մատները յամեռ են կոչվում, թե ուրիշ ռենտգեն սարքավորումներ»,- պատմում է Անդրանիկը:

«Ստացվում է` մի բժշկի կամայականությունների պատճառով զրկվել եմ բոլոր տեսակ արտոնություններից, որի իրավունքն  ունեմ»,- նշում է նա:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *