Զինծառայողը պնդում է, որ իրեն հաշմանդամության կարգից զրկել են բնակարան չտալու համար

13.12.2018

Տեղ համայնքի Արավուս բնակավայրի բնակիչ, Արցախյան ազատագրական շարժման ընթացքում գլխուղեղի և աջ դաստակի մատների հրազենային վնասվածք ստացած   Գրենա Քոչարյանը 2018թ. ապրիլին զրկվել է հաշմանադության անժամկետ 2-րդ կարգից՝ «հաշմանդամության խմբի, պատճառական կապի և բժշկական փաստաթղթերի անհամապատասխանությունների հետևանքով հրավիրված վերափորձաքննության» ընթացքում:

1993թ. Գրենան առաջին անգամ փորձաքննվել է Հանրապետական  բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողովի(ԲԱՓՀ) կողմից, որի արդյունքում սահմանվել է հաշմանդամության 2-րդ կարգ  «վիրավորումը ստացել է ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ» պատճառական հիմքով:2010թ. բժշկափորձաքննությունից հետո նշանակվել է անժամկետ հաշմանդամության երկրորդ կարգ:  Մինչ այդ նա բուժման կուրս է անցել Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերում:

2018 թ. ապրիլին 58-ամյա Գրենային հրավիրել են վերափորձաքննության, որի արդյունքում նրան հաշմանդամ չեն ճանաչել՝ պատճառաբանելով , որ «Գլխուղեղի օրգանական ախտահարում(Գլխուղեղի կանտուզիա ըստ անամանեզի) անկայունթյամբ հոգեկան ֆունկցիայի աննշան խանգարում ախտորոշմամբ և ախտաբանական վիճակով պայմանավորված հոգեկան ֆունկցիայի աննշան խանգարումը չի հանգեցրել կենսագործունեություն որևէ տեսակի որևէ աստիճանի սահմանափակումների հիմնավորմամբ»:

«Եթե ես կեղծ թոշակ եմ ստացել, գլխից վիրավոր չեմ, իսկ ձեռքերն էլ առողջ են , եթե ես կռվի դաշտում չեմ եղել, թող իմ ստացած թոշակի  տասնապատիկը հետ  պահեն»,- ասում է նա  ու ավելացնում, որ «տարիներ շարունակ խոստացել են տուն տրամադրել, հենց պիտի ստանայի, հաշմանդամության կարգից զրկել են»: Ըստ  Գրենայի, հաշմանդամությունից զրկելու իրական պատճառն այն է, որ այդ կարգավիճակով ինքը, որպես զինհաշմանդամ, պետք է բնակարանով ապահովվեր պետության կողմից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանի կողմից ներկայացված գրության մեջ նշված էր, որ «զինվորական պատճառական կապով, անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հսկողական կարգով վերափորձաքննության արդյունքում կատարվել է մի խումբ անձանց փորձաքննական որոշման փոփոխություն, որն էլ առաջացրել է անհամաձայնություն ու դժգոհություն: Հաշվի առնելով վերոգրյալը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարվել են մի շարք քննարկումներ, որոնց արդյունքում, նշված խնդրահարույց հարցերին իրավական լուծում տալու նպատակով, մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ-ում  հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ: Օրենքի ընդունումից հետո վերոնշյալ հարցերին կտրվեն հնարավոր լուծումներ»:

Ստացված պատասխանից անցել է արդեն վեց ամիս, սակայն մինչև հիմա ոչ մի փոփոխություն: «Անորոշության մեջ սպասում եմ՝ հույս ունենալով, որ վերջապես Հայաստանում կհաստատվի արդարություն: էս ամեն ինչում դիտավորություն հաստատ կար. ինչպես կարելի ա 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող մարդը միանգամից դառնա առողջ»,- նշում է Գրենան ու ավելացնում, որ նույն օրը բժշկասոցիալական փորձաքննության էին կանչել նաև այլ զինհաշմանդամների, որոնց մի մասի կարգը հանձնաժողովը փոխեց, ոմանք անգամ զրկվեցին կարգից:

Հիշեցնենք, որ բնակարանային կարիք ունեցող զինհաշմանդամների՝ հաշմանդամության կարգի փոփոխությանը www.gorispress.am–ը նախկինում ևս ներկայացրել է: Այն վերաբերում է զինհաշմանդամ Սմբատ Բադիրյանի հաշմանդամության կարգի փոփոխության մասին պատմությունը:

Яндекс.Метрика