Վերիշենի տեղամասի բակում ուղղորդում են ընտրողներին

09.12.2018

Աննա Սահակյան
ԱԺ արտահերթ ընտրություններին խոշորացված Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում 1554 ընտրողներից ժամը 14:00-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքն է կատարել ընտրողների 31 տոկոսը:

Ընտրատեղամասի նախագահ Արա Մկրտչյանի խոսքով ընտրողները այնքան էլ ծանոթ չեն ընտրելու կարգին, որի պատճառով կուտակումներ են առաջանում: Ընտրատեղամասում լարվածություն է առաջանում այն պատճառով, որ նույն կուսակցության ռեյտինգային տարբեր թեկնածուներ երկուական վստահված անձ ունեն և որոշ առումով մրցակցություն է ստեղծվում;

Մեծ թիվ էին կազմում օգնության կարիք ունեցող ընտրողները: Ասյա Բակունցի դուստրը ոչ մի կերպ չէր համաձայնվում, որ իր մայրիկին իրենից բացի ինչ որ մեկը օգնի, քանի որ ինքը անձնագիր չուներ: Նախագահի և անդամների պնդումներին հակառակ Ասյա տատիկը ստիպված էր սպասել, որպեսզի դուստրը տնից վերցներ անձնագիրը և օգներ իրեն:

Ընտրողներից մեկն ասում է, որ ընթացիկ ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ հիմա մարդիկ ավելի հանգիստ են մասնակցում քվեարկությանը, քանի որ այժմ ոչ մեկը իրենից չի հարցնում «թե բա տու հուր ես ընտրեու»:

Չնայած ընտրատեղամասի ներսում պահպանվող կարգուկանոնին, դրսում մեծ թիվ էին կազմում տեղամաս մտնողներին  ուղղորդող քաղաքացիները։

Яндекс.Метрика