«Մեդիագրագիտության դասընթացները մեզ հնարավորություն տվեցին հասկանալ ու սիրել մեդիան»

16.11.2018

Անի Ասծատրյան
Նոյեմբերի 13-ին, Սյունիք  ԻնֆոՏանը տեղի ունեցավ Մեդիագրագիտության հերթական խմբի վերջին հանդիպումը, որը նաև անցած մեկ տարվա համատեղ աշխատանքի յուրօրինակ ամփոփում էր:

Մեդիագրագիտության մասին վերջերս շատ է խոսվում, այն կարևորվում է. դրա վառ օրինակն այն է, որ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ դպրոցներում հայտարարել էր «մեդիագրագիտության շաբաթ»:

Սյունիք ԻնֆոՏանը անցկացված մեդիագրագիտության դասընթացները մեզ հնարավորություն  են տվել ծանոթանալ մեդիայի հետ, սովորել, հասկանալ, բացահայտել այն:

Հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացումը և այն, որ մեր  օրերում յուրաքանչյուրս կարող ենք տանը նստած դառնալ ապատեղեկատվության զոհ, ինչու չէ նաև տարածող, մեդիագրագիտության դերը էլ ավելի է բարձրանում:

Ես այսօր կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ մեդիագրագետ մարդ եմ, որովհետև կարողանում եմ հնարավորինս տարբերել նյութերի իրական և կեղծ լինելը՝ վերլուծելով դրանք:

Սա ինձ համար ոչ թե սովորական դասընթացների շղթա էր, այլ կյանքի կարևոր դպրոց, որն ինձ ուղեկից է լինելու յուրաքանչյուր ոլորտում, անկախ իմ մասնագիտությունից և աշխատանքի բնույթից։

Շնորհակալություն Գորիսի մամուլի ակումբին՝ մեզ նման հնարավորություն և գիտելիքներ տալու համար, շնորհակալություն  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին՝ մեդիագրագիտությունը այսչափ կարևորելու համար, շնորհակալություն  մեր  թիմին՝  հետաքրքիր աշխատանքի և հաճելի ակնթարթների համար, իսկ  ամենամեծ  շնորհակալությունը Շուշանին՝ մեզ միշտ ներելու, աջակցելու, նյութը դյուրին ներկայացնելու  համար: 

Նաև ուզում եմ ներկայացնել մեր խմբի այլ անդամների կարծիքներ.

Աստղիկ Անդրյան. «Ինչ սպասում էի, իրականացավ, կարևորը մեծ սիրով էի մասնակցում, լավ ընկերներ և լավ շրջապատ ձեռք բերեցի, շնորհակալություն գիտելիքների հսկա պաշարի համար»:

Անետա Ասծատրյան. «Մեդիա, մեդիա, մեդիա… Ավտոմեքենայի  մեջ,  դասարանում,  համալսարանում, տանը, դրսում  մենք  անընդհատ  առնչվում  ենք  մեդիայի  հետ: Մենք լսում ենք այն՝ ինչ ասում է մեր դիմացինը, կարդում ենք գրքեր, հետևում համացանցին, սակայն, այս ընթացքում ոչ միշտ ենք կարողանում ճիշտն ու սխալը իրարից տարբերակել, հասկանալ՝ ում հավատլ, ում՝ ոչ:
Իսկ այս հարցերի պատասխանը գտնելու լավագույն տեղը Սյունիք  ԻնֆոՏունն է, որտեղ հարցասերների առջև դռները միշտ բաց են: Մեդիագրագիտության դասընթացները մեզ հնարավորություն տվեցին հասկանալ ու սիրել մեդիան»:

Լուսանկարներ մեր դասընթացներից՝

Яндекс.Метрика