Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ  ոտքի ռենտգենը կատարվել է հակառակ կողմից

30.10.2018

Անահիտ Գրիգորյան
2008 թվականին  Սյունիքի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը հաշմանադամության կարգ սահմանելու ամենամյա հերթական փորձաքննության հաստատման օրը Նունեին հաշմանդամության կարգ չսահմանեց:

Տարիներ անց  չի մտածում, որ իր թոշակը վերականգնվելու է, և չի էլ ցանկանում մարդկանց անուններ տալ, բայց հույս ունի, որ իր այս պատմությամբ  հանձնաժողովները միգուցե դաս քաղեն, մանավանդ, որ մտածում է, թե պատվեր էին կատարում:

-Պատճառաբանություն չկար, այդ օրը ներկայացված նիստի բոլոր դիմումները մերժվեցին,-ասում է զրուցակիցս, հավելելով, որ մինչ այդ վեց տարի անընդմեջ հաշմանդամության կարգ ստացած քաղաքացիները, ովքեր դիմել էին այլևս մշտական կարգ ստանալու, մերժվեցին։

Նունեի խոսքով ցանկություն չունի վերադառնալու, փորփրելու, վերհիշելու այդ շրջանը, բայց ասում է, որ եթե հիմա պետք է ամեն ինչ օրինական լինի, եթե այժմ արդարությունը վերականգնվում է, շատ կցանկանար, որ գոնե հիմա բացի հանձնաժողովների արդար լինելուց, նաև բժիշկները պատրաստված լինեն մանրամասն ստուգելու,  ճիշտ ախտորոշում տալու, այնպես, որ ինքն այդ օրը ծաղրի առարկա չդառնար փորձաքննության հանձնաժողովի համար՝ սխալ լուսանկարի պատճառով։ Հանձնաժողովի անդամներից մեկը վերցնելով Նունեի ոտքի ռենտգենի նկարը, տեսնում է, որ հակառակ կողմից են նկարել ոտքը։

Խրոնիկ հիվանդություններ՝ արյան բարձր ճնշում, արյան խտացում, բրոխիալ ասթմա, սրտի շեղում, արյունատար անոթների խցանում բժշկական ախտորոշումները Նունեինն են, որոնք ժամանակի ընթացքում ավելի են սրվել, բայց  հանձնաժողովի համար այդ ամենը բավարար հիմք չէր, որպեսզի վեց տարի անընդմեջ հաշմանդամության կարգ ստանալուց հետո մշտական կարգ որոշեր:

Երբ փորձել է հանձնաժողովից բացատրություն ստանալ,  չեն պատասխանել, բայց տեսնելով, որ նա անդրդվելի  է,  պատասխանում են, թե վերևից հրաման կա՝  առաջին կարգն իջեցնել   երկրորդ, երկրորդը՝ երրորդ, իսկ երրորդ կարգ ունեցողներին զրկել։

Նունեն հանձնաժողովի որոշումը բողոքարկում է: Նրան կրկին մերժում են՝ փորձաքննության ընթացքում առանց   հետազոտելու, թե ո՞ր փուլում է ասթմայի սրացումը:

Մի քանի տարի անց, երբ հանձնաժողովի անդամները համալրվում են նոր մասնագետներով, փոփոխվում են, Նունեն հույս ունենալով, որ կարող է վերականգնել արդարությունը ներկայացնում է փաստաթղթերը: Այս անգամ  ևս մերժում են, ասելով, թե  պիտի գնա Երևանում հետազոտվի ու անիմաստ էին իր վկայակոչումները, որ ֆիզիկապես ի վիճակի չէ մայրաքաղաք հասնելու։  

Яндекс.Метрика