Նախկին զինվորի հաշմանդամության կարգը չի պահպանվել

17.09.2018

Աննա Սահակյան
Վաչագան Մանգասարյանը 2012 թվականի հուլիսի 18-ին զորակոչվել է Ազգային բանակ: Մեկ տարի երկու ամիս ծառայելուց հետո, ծառայողական պարտականությունները կատարելիս, ականի պայթունից կորցրել է մեկ ձեռքի 2 մատը, իսկ մեկն էլ մնացել է անշարժ, որն էլ  հանգեցրել  է վերին վերջույթի շարժողական ֆունկցիայի խանգարման: Առկա պաթոլոգիայով պայմանավորված, վերին վերջույթի շարժողական ֆունկցիայի չափավոր արտահայտված խանգարումը հանգեցրել է ինքնասպասարկման ապահովման կարողության առաջին աստիճանի սահմանափակման, որը համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003թ. «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջների, հիմք է հանդիսանում սահմանելու հաշմանդամության երրորդ խումբ:

2013թ. երեք ամիս զինվորական հոսպիտալում բուժում ստանալուց  հետո Վ. Մանգասարյանը զորացրվել է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի հետևյալ որոշմամբ. «պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ»:

Նախկին զինվորի մոր՝ Ժաննայի  խոսքով դիմել են Գորիսի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, հաշմանդամության երրորդ կարգ է սահմանվել: Չորս տարի Վաչագանն, անցնելով ամենամյա փորձաքննությունը, պահպանել է կարգը, սակայն 5-րդ տարում, հերթական փորձաքննության ժամանակ մերժել են՝ պատճառաբանելով, որ առկա պաթոլոգիան՝ հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարումով, չի հանգեցրել կենսագործունեության որևէ տեսակի որևէ սահմանափակման:

Հերթական փորձաքննության կայացրած որոշումը բողոքարկվել և վերափորձաքննվել է ԲՍՓ գործակալության վերափորձաքննության բաժնում, որն էլ անփոփոխ է թողել տարածքային մարմնի կողմից ընդունած որոշումը:

Ստացվում է, որ  քաղաքացին չորս տարի շարունակ թոշակ է ստացել, իսկ 5-րդ տարում նույն որոշման հիման վրա  զրկվել է հաշմանդամության կարգից:

Տիկին Ժաննայի խոսքերով՝ իրենց տեղեկացրել են, որ կրկին կարող են դիմել ԲՍՓ-ին, եթե ներկայացնեն առողջության վատթարացումը հաստատող նոր փաստաթղթեր: «Որ փոփոխության մասին է խոսքը, եթե իմ երեխայի երեք մատները չկան»,-այսպիսի արձագանք էր տիկին Ժաննայի մոտ, երբ ստացավ իր «Աշխատանքի և սոցիալական հարցերի» նախարարությանն ուղղված նամակի պատասխանը:

Նշենք նաև, որ Վաչագանը սովորում է համալսարանում և թոշակ ստանալու ժամանակ օգտվել է ուսման վարձի զեղչից:

Հայրենիքի սահմանը պաշտպանած զինվորը այժմ զրկվել է և՛ թոշակից, և՛ ուսման վարձավճարի զեղչից:

Яндекс.Метрика