Բշտախտ հիվանդությամբ տառապող քաղաքացին հաշմանդամության կարգ չունի

13.09.2018

«Չնայած, որ տառապում եմ անբուժելի հիվանդությամբ, սակայն Գորիսում  բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (ԲՍՓ) ինձ հաշմանդամության կարգ չի տվել»,- նշում է Գորիս համայնքի բնակիչ Հայկանուշ Առուստամյանը:

Արդեն մեկ տարի է, ինչ նա տառապում է բշտախտ հիվանդությամբ, որն իր բոլոր տարատեսակներով համարվում է գրեթե չապաքինվող (անբուժելի)   հիվանդություն: Հազվագյուտ հանդիպող հիվանդություն է և օրգանիզմի ֆունկցիոնալ խանգարման հետևանքով է առաջանում: «Անընդհատ թուլանում էի. սկզբում բերանիս խոռոչում, հետո գլխիս վրա բշտիկներ էին դուրս գալիս: Մտածեցի՝ հնարավոր է հիգենայի պարագաներից է կամ ուտելիքից: Շուրջ  երկու ամիս ինքնաբուժությամբ զբաղվեցի, բայց վիճակս ավելի վատացավ»,-պատմում է նա: Հայկանուշը դիմել է Գորիսի պոլիկլինիայի մաշկաբան Լևոն Հարությունյանին, ով մեկշաբաթյա բուժում էր նշանակել, սակայն ոչ մի փոփոխություն: Կասկածելով, որ այդ հիվանդությունն է, ուղորդել է մայրաքաղաք՝ համապատասխան հետազոտություն անցնելու :

«Քանի որ Գորիսում չկան  հետազոտության համար համապատասխան սարքավորումներ, ստիպված էի գնալ Երևան: Անալիզներ տալուց հետո հիվանդությունս հաստատվեց, և ինձ ընդունեցին որպես ստացիոնար հիվանդ: Մեկ ամիս ստացիոնար բուժում ստացա: Բարեբախտաբար բուժումն ազդեցություն ունեցավ, բայց պետք էր ամեն ամիս գնալ բուժզննման»,-նշում է տիկին Հայկանուշը: Նրա խոսքով՝ միայն առաջին երկու ամիսներն է կարողացել գնալ, քանի որ ֆինանսական  և այլ դժվարություններ կային: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բժշկի հետ հեռախոսով կապ պահելու համար: Այժմ երեք ամիսը մեկ անգամ է բուժզննության գնում:  36 հազար թոշակ է ստանում տիկին Հրանուշը, որից 30 հազարը ծախսում է դեղեր ձեռք բերելու համար:

Տիկին Հայկանուշը պատմում է, որ հետազոտության պատասխաններն իմանալուց հետո բժիշկը իրեն հորդորել է դիմել հաշմանդամության կարգ ստանալու համար: Սակայն բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն առանց որևէ բացատրության կամ հիմնավորման, մերժել է:  «Թղթերս նայեցին, թե գնա սիրտդ էլ նկարի: Ես էլ գնացի 8 հազար դրամ տվեցի, սիրտս նկարեցի, պատասխանը բերեցի,  նայեցին, թե բա քեզ չի հասնում»,-ասում է նա:

«Մտածում էի կարգ կստանամ.  գոնե իմ դեղերի կեսն էլ  պետությունը տրամադրեր, էլի մեծ օգնություն կլիներ: Այնքան նեղսրտած էի, որ նույնիսկ չեմ կարդացել ինձ տրամադրված թուղթը, որտեղ գրված էր, որ կարող եմ բողոքարկել, իսկ իրենք ինձ այդ մասին ոչինչ չեն ասել»,- պատմում է Հայկանուշը ու հիշում, որ մյուս ամիս ամենամյա հերթական կուրսն ընդունելու ժամանակն է, որի համար մոտ 150 հազար գումար կպահանջվի:

Яндекс.Метрика