ԺաննաՊողոսյան. «Ես օրենքին «չխաբեցի», իսկ օրենքի մարդիկ՝ հակառակը»

12.09.2018

«Եվս մեկ անգամ համոզվեցի, որ արդարություն չկա: Էլ առողջություն չունեմ շարունակեմ դատարաններում պայքարել անմեղությունս ապացուցելու համար: Իմ տղան իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի, փոխարենը՝ պետությունն առողջությունս քայքայեց. չորս անգամ վիրահատվեցի, դատարաններում սթրեսից շաքարային դիաբետ ձեռք բերեցի: Մի տեղից պարտք կանեմ, վարկ կվերցնեմ  էտ տուգանքը՝ երկու հարյուր հազար դրամը կվճարեմ, բայց էլ դատարան չեմ գնա», — ասում է 59-ամյա Ժաննա Պողոսյանը, ով չի միացել մեղադրյալ-գործընկերներին ու հրաժարվել է Գորիսի դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:Արդարացման պայքարից հրաժարվելու պատճառն այն է, որ նրան վրդոհվվեցրել է, որ վճռի կայացման հարցում դատարանն անգամ հաշվի չի  առել զոհվածի մայր, 3 –րդ կարգի հաշմանդամ լինելու հանգամանքը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում շարունակվում է քննվել «Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Համբարձումյանի և իր աշխակատակիցների՝ Ռադիկ Օհանյանի, Սիրվարդ Մինասյանի, Ժաննա Պողոսյանի, Էդգար Համբարձումյանի գործը: Ըստ մեղադրական եզրակացության բովանդակության, վերջիններիս  մեղադրանք է առաջադրվել Դ. Համբարձումյանին օժանդակելու և կեղծ ելքի ֆակտուրաներ կազմելու համար /gorispress.am /:

Երեք տարի ձգձգվող քրեական գործը չի հանգուցալուծվում, քանի որ բազմիցս փոխվել են առաջադրված մեղադրանքները, դատարաններն ու դատավորները: Ընթացիկ դատավճռով՝ Դ. Համբարձումյանը, Ռ.Օհանյանը, Ս.Մինասյանը, Ժ. Պողոսյանը և Է. Համբարձումյանը մեղավոր են ճանաչվել և որպես պատիժ կիրառվել է ազատազրկումից մինչև տուգանք: Այնուհանդերձ, «Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենն ու այս գործում ներգրավված աշխատակիցները փորձում են «ազատվել» իրենց առաջադրված մեղադրանքից՝այն է՝ լինելով պաշտոնատար անձիք, օգտագործել են իրենց դիրքն ու օժանդակել յուրացումների:

  2018 թվականի հունիսի 28-ին կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ դատարանին բողոքներ են ներկայացրել ամբաստանյալներ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Ռուբեն Ղազարյանը, Սիրվարդ Մինասյանը և Էդգար Համբարձումյանի պաշտպան Համլետ Դավթյանը: Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալ Ժաննա Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեականօրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, որը պարտավորվում է վճարել մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում: Նույն որոշման համաձայն՝ ժ. Պողոսյանը զրկվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում նյութական պատասխանատու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով:

Գործի քննության ժամանակ Ժաննա Պողոսյանի շահերը դատարանում պաշտպանել են հանրային պաշտպան Լիաննա Գրիգորյանն ու Գորիսի հանրային պաշտպան Կարմեն Սահակյանը: Վերջինս փոխարինել է իր գործընկերոջը, քանի որ Կապանի դատարանից գործը տեղափոխվել է Գորիսի դատարան, որը դժվարացնում էր Լ. Գրիգորյանի մշտապես մասնակցության ապահովվումը:

«Գրեթե ամեն ամիս Գորիսում առնվազն մեկ դատ էր լինում, ես պարտավորված գալիս էի, պաշտպանս չէր հասցնում, այնպես դասավորեցինք, որ դատարանում իմ շահերը ներկայացնողը  Գորիսից լիներ»,-նշում է Ժ. Պողոսյանը: 

Շարունակելով խոսել գործի քննության ընթացքից, հանրային պաշտպանի մատուցած ծառայության որակից, արձանագրած հաջողություններից ու արդարության ձգտման պայքարից հրաժարվելուց, Ժ. Պողոսյանն ասում է. «Ոչ մեկն ինձ չընդառաջեց. ո’չ Սյունիքի դատախազությունը, ո’չ դատավորը, ո’չ էլ հանրային պաշտպանը»:

Սյունիքի մարզի Կապանի դատախազությունը գործի քննության սկզբնամասում Ժ. Պողոսյանին գիշերով հրավիրել է տեղամաս, որտեղ նրան ասել են՝ կա’մ պիտի պատմես, կա’մ բանտ նստես: «Ամեն դեպքում կին էի, ում պատվի հետ էին խաղում, ճշմարտությունը պատմեցի, ես օրենքին չէի կարող խաբել, փոխարենը խոստացան մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի առնել՝ խաբեցին»,-պատմում է զրուցակիցս:

Նրա խոսքով՝ ինչ վերաբերվում է աշխատավայրի տնօրինությանը, պարզապես խաբելով թղթեր են ստորագրել տվել: Վերջում էլ մնալով պետության հույսին՝ հանրային պաշտպանի աջակցությանը, չեն կարողացել ցանկալի արդյունքի հասնել:

«Միակ մխիթարանքս այն է, որ պաշտպանությանս համար գումար չեմ ծախսել, իսկ գործընկերոջս շահերը դատարանում փաստաբանը վճարովի հիմունքներով է պաշտպանել: Փաստորեն, արդյունքում նրա փաստաբանն էլ ոչնչի չհասավ, մենք նույն պատիժը ստացանք, օրենքը մեր համար հավասար էր», — հավելում է Ժ. Պողոսյանը:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Яндекс.Метрика