Սեփականությունից զրկված մայրը որդուց ալիմենտ է պահանջում

05.09.2018

«2 տարեկանից առանց հայր մեծացրած տղաս,  ինձ թակում ու տնից հանում ա»,- դատաքննության ընթացքում դատարանին է ներկայացնում հայցվոր Ռազմելա Իվանյանը:  7  ամիս առաջ դրսում հայտնված 67-ամյա կինը դատարանին է դիմել կայուն ալիմենտի բռնագանձման պահանջով: Նրա պահանջն է իր որդուց՝ Մարտուն Տոռոզյանից,  յուրաքանչյուր ամիս բռնագանձել  40 հազար դրամ: 

Հայցվորի ներկայացուցիչ Գարեգին Բաբայանը, ով նախապես դատարանին խնդրել էր գործը քննել իր բացակայությամբ, ալիմենտի պահանջ էր ներկայացրել, սակայն Ռազմելան նշված գործով կայացած դատական նիստում պահանջում էր որդուց բռնագանձել գոնե 7 ամսվա ալիմենտը և վերադարձնել  տունը:

«Թող 7 ամսվա ալիմենտը տա, տանեմ տան վարձս փակեմ ու վերադառնամ տուն: Ես իմ տունն եմ խնդրում, իմ սարքած տունը»,- դատարանում հայտարարեց հայցվորը: Պատասխանողի ներկայացուցիչ Կարմեն Սահակյանը դատարանին հայտնեց, որ պահանջի հիմնավորված չէ, քանի որ  հայցվորը դատական նիստերի ընթացքում որևէ ապացույց չի ներկայացրել, որ անաշխատունակ է, չկա նաև վարձակալած տան մասով վարձակալական պայմանագիրը:

Ռազմելա Իվանյան

Պատասխանող կողմը դատարանին էր ներկայացրել փաստաթուղթ, ըստ որի Մարտուն Տողոզյանը անժամկետ հաշմանդամության կարգ ունի և ստանում է 16 հազար դրամ թոշակ, ինչպես նաև աշխատանքային վայրից տեղեկանք՝ 55 հազար դրամ աշխատավարձի մասին, ինչպես նաև երեխաների ծննդյան վկայականների պատճենները, ըստ որի նրա երկու երեխաներն անչափահաս են:

Դատավոր Մ. Հովակիմյանը դատական նիստի ընթացքում նշեց, որ տվյալ գործով դատական գործընթացը արդեն շուրջ 40 օր շարունակվում է  և պատասխանող Մարտուն Տոռոզյանին հարցրեց, թե արդյոք  այդ ընթացքում հայցվորին՝ իր մորը, փորձել է որևէ կերպ աջակցել, օգնություն ցուցաբերել, վերջինս պատասխանեց, որ մոր մասին բարեկամներից է տեղեկացվել. «Հարցրել եմ իր եղբոր տղաներից, ասել են, որ ինքը շատ լավ ա , ամեն ինչ լավ ա»:  Վերջինս որևէ օգնություն ցույց չի տվել, քանի որ  որ իր մայրը ջարդել է տան դռները, երեխաները մինչև հիմա սթրես են ապրում, մինչդեռ մայրը հերքում էր՝ նշելով,  որ «ստում է. դռներն ինքն է ջարդել, կինն էլ մազերից բռնել ու տնից հանել է»:

Պատասխանողի կողմից դատարանին ներկայացվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից համապատասխան փաստաթուղթ, որով հայցվոր Ռ. Իվանյանի անվամբ որևէ անշարժ գույք գրանցված չէ:

Ռազմելայի խոսքով՝ ամուսնու մահից հետո նա ապրել է կեսուրի հետ, ով տունը կտակել է թողներին՝ Ռազմելայի 2 տղաներին: «Մյուս տղաս ինձ իր բաժնից մի սենյակ էր հատկացրել, ես էլ միամիտի նման դա տվել եմ Մարտունին, ով հիմա ինձ տնից դուրս ա հանել՝ պատճառաբանելով, որ կինն ինձ հետ չի ուզում ապրել»,- մեզ հետ զրույցում պատմում է Ռազմելան ու ավելացնում, որ մնալու տեղ չունի. 43 հազար թոշակով էլ չի կարող և՛ տուն վարձել և՛ գոյատևել: «Մնալու տեղ չունեմ, ստիպված եմ նորից վերադառնալ իմ տուն. Ինչ անեմ…թո տա սպանի, ինքն էլ գնա ցմահ նստի»,- պատմում է նա:

Դատական վճիռը կկայացվի սեպտեմբերի 14-ին:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Яндекс.Метрика