Ռոբերտ Ռևազյան. «Կարևոր է հանրային պաշտպանի հաշվետվողականությունը հասարակության առջև»

15.06.2018

Անահիտ Բաղադասարյան
Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի հետ հանրային պաշտպանության ընթացքում հանրային պաշտպանների աշխատանքի  մասին խոսելիս,  որպես առաջնային խնդիր առանձնացրեց նրանց  ծանրաբեռնվածությունը:

«Հանրային պաշտպանություն իրականացնելու ընթացքում հանրային պաշտպանների թիվ մեկ  խնդիրը հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունն է: Չեմ ուզում թերագնահատել բարեխիղճ հանրային պաշտպանների աշխատանքը, բայց հանրային պաշտպանը կարող է մի քանի տասնյակ գործեր ունենալ, որն ինքնին խոսում է այն մասին, որ նա  արդյունավետ պաշտպանություն՝ նույնիսկ ֆիզիկապես չի կարող իրականացնել»,- նշեց նա:

Իսկ թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ Մեղրի քաղաքում հանրային պաշտպան չկա և Կապանից պետք է հանրային պաշտպանը հասնի Մեղրի, Ռ. Ռևազյանը պատասխանում է, որ նման պարագայում հրատապ արձագանքելու ինստիտուտը արդեն բացառվում է:

 «Ենթադրենք անձին ձերբակալել են և  հրատապ կարգով  Կապանի հանրային պաշտպանին տեղեկացնում են, որ հասնի Մեղրի:  Եթե նույնիսկ առանց վայրկյան կորցնելու հանրային պաշտպանը մեկնի Մեղրի, էլի չի կարող ժամանակին տեղում լինել: Գործեր կան, որտեղ րոպեներ առաջ արդեն պաշտպանի ներկայությունը շատ կարևոր է: 2-3 ժամվա ընթացքում արդեն անձի հետ կարող են հոգեբանական աշխատանքներ տանել, դեռ չեմ ասում,  որ հնարավոր է գործողություններ իրականացնեն առանց փաստաբանի»,-ավելացրեց նա:

Մարդկանց մոտ ձևավորված կարծրատիպ կա, որ հանրային պաշտպանը այնքան էլ վստահելի չէ: Փաստաբանի խոսքով նման կարծրատիպը ջարդելու համար կարևոր է  հանրային պաշտպանի հաշվետվողականությունը հասարակության առջև:

«Հանրային պաշտպանները մեր բոլորի գրպանից են աշխատավարձ ստանում, բայց որքանո՞վ են նրանք հաշվետու հասարակությանը:  Վճարովի փաստաբանի դեպքում իր հեղինակությունը շատ կարևոր է, քանի որ դրանից է կախված իր հետագա աշխատանքը. եթե ինքը պատշաճ պաշտպանություն չափահովի, հաճախորդներն իրեն գումար չեն տա, իսկ հանրային պաշտպանի դեպքում իրավիճակն այլ է. նրանք վարձատրվում են դրույքաչափով, որի պատճառով  մոտիվացիան ինչ որ առումով նվազում է»,-պարզաբանեց փաստաբանը:

Հանրային պաշտպանի մոտիվացիան մեծացնելու համար պետք է մշակել տարբեր մեխանիզմներ. «Միգուցե անհրաժեշտ է մշակել խրախուսիչ տարբերակներ, օրինակ, հանրային պաշտպանի աշխատավարձին գումարվի որոշակի գումար՝ կապված գործերի արդյունավետության քննության բարձր լինելու աստիճանից, որակյալ աշխատանքից: Սա ինչ որ առումով կարող է խթան հանդիսանալ հանրային պաշտպանների ավելի լավ աշխատանքի համար»,- ասաց Ռ. Ռևազյանը:

Հարցին թե, ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ որոշ համայնքներում  հանրային պաշտպանները 0,5 կամ 0,25 դրույքով են աշխատում, իսկ աշխատաժամանակի մնացած մասն օգտագործում վճարովի ծառայություն մատուցելով,   Ռ. Ռևազյանը պատասխանեց, որ իդեալական տարբերակ կլիներ, եթե ամբողջ դրույքով  աշխատեին հանրային պաշտպանները, որովհետև եթե դու կատարում  ես վճարովի և «անվճար» աշխատանք, որի՞ դեպքում  ավելի բարեխիղճ կլինես. Երբեմն գումար ստանալու դեպքում պատասխանատվությունն անհամեմատ  բարձր է»,-նշեց փաստաբանը:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Яндекс.Метрика