Փաստաբան Արշավիր Խալափյանն արդարացվեց

15.05.2018

IMG_20180514_155407ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արշավիր Խալափյանի դատավճիռը հրապարակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում: Նիստը ղեկավարող դատավոր Արսեն Սայադյանն Արշավիր Խալափյանին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքում` առևտրային կաշառք, ճանաչել է անպարտ և արդարացրել` հանցակազմի բացակայության հիմքով: Ա. Խալափյանի նկատմամբ դրված խափանման միջոցը` գրավը, վերացվել է և որպես գրավ վճարված 1 մլն դրամը վերադարձվել է այն վճարող անձին:

2014 թվականի մայիսից առևտրային կաշառքի մեջ մեդադրվող Արշավիր Խալափյանը, իր վերջին պաշտպանական ճառում ևս մեկ անգամ հայտարարեց` ասելով. «Իմ գործի քննության սկզբից հայտարարել եմ, որ սա հաշվեհարդար է` իրականացված Դատախազության, Ոստիկանության, քննիչների, դատական ատյանների կողմից: Պատճառն իմ մասնագիտական գործունեությունն է, նաև տարիների ընթացքում երբևէ իշխանությունների հետ գործարքի չգնալը»:Ըստ datalex.am կայքի`Արշավիր Խալափյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, ստանձնելով Սյունիք համայնքի բնակիչներ Հ. Մարգարյանի ու Է. Կարապետյանի շահերի պաշտպանությունը, վերջիններիս ենթադրյալ իրավունքների խախտման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին` համայնքի «Հին գերեզմաններ» կոչվող վայրում համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի գերեզմանատեղեր ապօրինի հատկացնելու վերաբերյալ, որի հիման վրա հարուցվել է քրեական գործը: Այնուհետև նշված գործի նախաքննության ընթացքում` 2014թ-ի  մարտին, Կապանի «Դարիստ» հյուրանոցային համալիրում հանդիպել է Ս. Սարգսյանի որդուն` Սարմեն Սարգսյանին և ի վնաս նրա հոր գործողություններ չկատարելու` ապօրինի պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար:

Սույն դատաքննության արդյունքում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, ճանաչել էր փաստաբան Արշավիր Խալափյանի անմեղությունը՝ ապացույցների անբավարարության հիմքով:

Հաջորդ մեղադրանքով, Արշավիր Խալափյանը 2014թ.-ի ապրիլի 7-ին` որպես Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի 17 շենքի բնակիչ, գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, իսկ որոշ ժամանակ անց` որպես ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մազային մասնաճյուղի նախագահ, դարձյալ նույն նպատակով` հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո 2014թ-ի մայիսի 1-ին հանդիպել Ա. Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու համար պահանջել 1500 ԱՄՆ դոլար:

Դատարանը սույն գործով Արշավիր Խալափյանին ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (երկրորդ դրվագով) նախատեսված հանցագործության կատարման մեջ ճանաչել  է մեղավոր և որպես պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի ժամկետով:

Մեղադրյալի շահերը պաշտպանող Արա Զոհրաբյանը մայիսի 14-ին տեղի ունեցած պաշտպանական ճառում նշել է, որ դատարանը դատավճիռ կայացնելուց պետք է ունենա հետևյալ իրավական հարցերի պատասխանը /Քրեական դատավարության օրենսգիրք, 268 հոդված, առաջին մաս/. 1. ապացուցված է արդյո՞ք այդ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը, 2. այդ արարքը համապատասխանում է արդյո՞ք քրեական օրենսգրքի հետևյալ հատկանիշներին, 3. ապացուցված է արդյո՞ք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը, 4. ապացուցված է արդյո՞ք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և եթե այո, ապա քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով:

Պաշտպանն առաջ քաշեց մի շարք փաստեր, ըստ որի` Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի 17 շենքի թիվ 1 ա տարածքը համասեփականության իրավունքով պատկանումէ Արշավիր Խալափյանին, երկրորդ` Աշոտ Կույումջյանի կողմից իրականացվել է ապօրինի շինարարություն վերը նշված հասցեում, որը հաստատել է քրեական գործի նյութերը, երորրդ `Ա. Խալափյանն իր սեփական տարածքում իրականացվող ապօրինի շինարարության հարցով Աշոտ Կույումջյանի հետ առնչվել է իր անունից, իր շաhի համար:

Ա. Զոհրաբյանի պնդմամբ` սույն քրեական գործում չկա վստահորդ, Ա. Խալափյանը գործել է իր անունից, իսկ Փաստաբանության մասին օրենքի 5-րդ հոդվածի տրամաբանությամբ` երկու սյուբեկտ կարող են առանձնացնել. փաստաբանը` որպես փաստաբանական գործունեություն ծավալող անձ և վստահորդը` որպես այդպիսի շահառու: Քանի որ չկա վստահորդ, ուստի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը չի կարող վերագրվել Փաստաբանների պալատի փաստաբան Ա. Խալափյանին:

Հիշեցնենք, որ սույն քրեական գործով, վճռաբեկ դատարանը գործը քննության առնելու ժամանակ համոզիչ չի համարել գործի նյութերում առկա ապացույցը, որով աներկբա հաստատում են, որ Ա. Խալափյանն ունեցել է այս գործով վստահորդ և ծավալել է փաստաբանական գործունեություն: Ուստի վճռաբեկ դատարանը մեղադրյալի պաշտպաններ Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի բողքը մասնակի բավարարել էր:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

Яндекс.Метрика