Ընտանեկան բռնություն գործ, որում նաև անչափահաս է ընդգրկված

26.03.2018

640-420-osydiha-direktora-na-zdravnata-kasa-v-montanaԱննա Սահակյան
Ըստ datalex.am կայքի, «Դավիթ Դոլունցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած՝ ոչ սթափ վիճակում, ծեծել է կնոջը՝ Մ. Խ-ին, դստերը՝ Լ.Խ-ին ու զոքանչին՝ Կ. Խ-ին». սույն հիմքով դատական գործի չորրորդ նիստը կայացավ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում:

Դ. Դոլունցին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Նիստին  տուժող կողմերից բացի ներկա էր նաև անչափահաս դստեր  օրինական ներկայացուցիչ, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջին կարգի մասնագետ Արփինե Հովհաննիսյանը, վկաներ՝ Գ. և Ռ. Գալստյանները,  ովքեր  տուժող Մ. Խոջաբաղյանի քրոջ երեխաներն են, և վեճի օրը եղել են դեպքի վայրում:

Արփինեի խոսքերով ինքն առաջին  անգամ է մասնակցում  նման գործի քննության: Առաջատար մասնագետը ընդգրկվել է գործի քննությանը, որպեսզի պաշտպանի անչափահաս երեխայի շահերը, քանի որ վեճը երկու ծնողների միջև է: Վկաներ Գ. և Ռ.Գալստյանները նույնպես անչափահաս են, դատական նիստին որպես օրինական ներկայացուցիչ, մասնակցում էր նրանց մայրը:  

Դատաքննությունը սկսվեց Ռ. Գալստյանի վկայությամբ, ում 16 տարին լրացած չէ և ով ներկա է եղել դեպքին: Նրա խոսքով, երբ ինքը քրոջ հետ տուն է վերադարձել խանութից, Դավիթը  նստած է եղել իրենց տանը՝ ալկոհոլ օգտագործած վիճակում, իսկ ընտանիքի անդամները այդ ժամանակ ճաշում էին: Այնուհետև Դավիթը սկսել է հայհոյանքներ հասցնել, հարվածել  տատին ու մորաքրոջը: Նա փորձել է վնասել նաև իրեն, սակայն մորաքույրը թույլ չի տվել, ու ինքը վախից փակվել է սենյակում:

Երկրորդ վկան՝տասնվեցամյա Գ. Գալստյանը  դատական նիստի ժամանակ նշեց, որ դեպքի օրը ընկերուհին իրենց տանն է եղել, եղբոր հետ տարել էին ճանապարհելու և վերադառնալով տեսել են Դավիթին  իրենց տանը՝ հարբած վիճակում: Երբ ինքը եղբոր հետ տուն է մտել Դ. Դոլունցը նստած է եղել բազկաթոռին և հայհոյելիս, որից հետո սկսել է ծեծել տատին ու մորաքրոջը: Տատը և մորաքույրը այդ ընթացքում միայն պաշտպանվում էին և հակահարվածներ չէին հասցնում:

Մեղադրող կողմը՝ Գուրգեն Միանսյանը, նշեց, որ վկա Գ. Գալստյանի նախաքննության և դատարանում տրված ցուցմունքների մեջ հակասություններ կան, սակայն վկան պատասխանեց, որ հիմք ընդունեն նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը,  քանի որ դեպքից արդեն շատ օրեր են անցել և ինքը մանրամասն չի հիշում կատարվածը: Մեղադրող կողմը հակասություն գտավ նաև այն բանի մեջ, որ Գ. Գալստյանը իր վկայության մեջ նշել է, որ գնացել էր եղբոր հետ ճանապարհելու ընկերուհուն, իսկ եղբայրը՝ Ռ. Գալստյանը, նշել էր, որ քրոջ հետ գնացել էին հաց գնելու, սակայն երկու վկաների խոսքերով իրենք տուն էին մտել ու տեսել Դ. Դոլունցին  հարբած վիճակում, և իրենց տրված ցուցմունքները համընկնում են տուժողների տված ցուցմունքների հետ:

Վկաների ցուցմունքից հետո դատավոր Դավիթ Սարգսյանը հրապարակեց քրեական գործով առկա մի շարք փաստաթղթեր, նաև Գորիսի համայնքապետի կողմից Դ. Դոլունցին տրված բնութագիրը, ըստ որի մեղադրյալը վայելում է  ընկերների, բարեկամների, հարգանքը և նախկինում դատվածություն չի ունեցել:

Մեղադրյալ Դավիթ Դոլունցը դժվարությամբ էր պատասխանում դատավորի և մեղադրող կողմի հարցերին: Դատավորը նրան հիշեցրեց  պաշտպանության իրավունքի մասին, որից հետո Դավիթը հայտարարեց, որ ցանկանում է պաշտպան ունենալ: Դատարանը, լսելով կողմերի կարծիքները, որոշեց դատական նիստը հետաձգել՝ Դ. Դոլունցին հնարավորություն տալով հաջոդ նիստին ներկայանալ պաշտպանի հետ միասին:

Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 15-ին:
Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Bookmark and Share
Яндекс.Метрика