Ինչ է պետք իմանալ խոշորացման մասին

17.10.2017

arman_05_08----2015Ի՞նչ է տեղի ունեցել:

Նոյեմբերի 5-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են, որի արդյունքում ձևավորվելու է 34 խոշորացված նոր համայնք:
Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը հավանության է արժանացել 2011թ-ին:
Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը սկսել է 2016թ-ի փետրվարին՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում ընտրություններով: 2017թ.-ի հոկտեմբերի դրությամբ խոշորացված համայնքների թիվը 18 է:

Ի՞նչ է խոշորացումը:

Խոշորացման արդյունքում բնակավայրերը միավորվում են մեկ համայնքում: Դրանք (գյուղերը, քաղաքները) պահպանում են իրենց անվանումը, փողոցները, անձնագրերը: Օրինակ, Գոշ գյուղը Դիլիջան միասնական համայնքի կազմում է, սակայն շարունակում է մնալ գյուղական համայնք (բնակավայր):

Ո՞րն է գործընթացի հիմնական նպատակը:

Խոշորացման հիմքում բյուջեի հնարավորինս արդյունավետ կառավարումն է: Կրճատելով համայնքապետարանների հաստիքները՝ խնայել գումար համայնքային խնդիրները լուծելու համար:

Ո՞րն է խոշորացված համայնքի կենտրոնը:

Խոշորացված համայնքի կենտրոնն ունի առնվազն 3000 բնակիչ և միացող բնակավայրերի նկատմամբ կենտրոնական դիրք: Խոշորացված համայնքի կենտրոնը չպետք է բնակավայրերից ունենա 20 կմ-ից ավել հեռավորություն: Համայնքի կենտրոնը պետք է ապահովված լինի նվազագույն ենթակառուցվածքներով՝ մանկապարտեզ, բուժկետ, մշակույթի տուն և միջնակարգ դպրոց, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցություն ու ճանապարհներ ունենա մյուս բնակավայրերի հետ:

Համայնքի աշխատակազմը:

Խոշորացված համայնքն ունի համայնքի ղեկավար՝ իր աշխատակազմով և ավագանի: Համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են ընդհանուր ընտրությունների արդյունքում: Խոշորացման ժամանակ  բնակավայրը համայնքում ավագանու անդամ հնարավոր է չունենա՝ ընտրություններում բավարար ձայներ չհավաքելու պատճառով:

Ո՞վ է համայնքային ներկայացուցիչը:

Նախկինում գործող գյուղապետարանի աշխատակազմի փոխարեն օրենքով այժմ կա համայնքի ղեկավարի ներկայացուցչի հայեցողական պաշտոն: Այն նախատեսված է 300 և ավելի բնակիչ ունեցող գյուղական համայնքների համար: Ներկայացուցչին նշանակում է համայնքի ղեկավարը: Պարտադիր է, որ նա լինի այն բնակավայրի բնակիչ, որտեղ աշխատում է: Համայնքի ղեկավարի ներկայացուցչի գործունեության ժամկետն առավելագույնը հինգ տարի է:

Ի՞նչպես է տեղի ունենում փաստաթղթաշրջանառությունը:

Կարիք չկա ամեն մի փաստաթղթի համար գնալ խոշորացված համայնքային կենտրոն: Օրինակ, եթե բնակիչն ուզում է սեփականության տեղեկանք ստանալ, ապա պետք է դիմի համայնքային ներկայացուցչին: Ներկայացուցիչը էլեկտրոնային ցանցի միջոցով համայնքապետարան է ուղարկում դիմումը և էլեկտրոնային տարբերակով ստանում տեղեկանքը: Այսպես է նաև մնացած փաստաթղթերի դեպքում:

Ի՞նչպես են ծախսվում խնայված գումարները:

Խոշորացման արդյունքում  զգալիորեն կրճատվում են աշխատավարձային ծախսերը: Խնայված գումարներն ուղղվում են համայնքային խնդիրների լուծմանը՝ ճանապարհներ, լուսավորություն, խողովակաշարեր և այլն:

Աղբյուրը՝ media.am

Bookmark and Share
Яндекс.Метрика