Գորիս համայնքի նորընտիր ավագանին սկսում է իր աշխատանքը

28.09.2016

IMG_0375Շուշան Օհանյան
Այսօր տեղի ունեցավ խոշորացված Գորիս համայնքի նոր ձևավորված ավագանու անդրանիկ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը:
Նիստին ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման /ՀՀ ՏԿԶ/ նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, ՀՀ ՏԿԶ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզպետ Ս. Խաչատրյանը շնորհավորեց համայնքի ավագանու նորընտիր անդամներին. «Հուսով եմ՝ բոլորդ հասկանում եք, թե որքան պատասխանատու աշխատանք է սպասվում ձեզ, հետագա գործունեության ընթացքում պիտի ձգտեք ապահովել Գորիս համայնքի կազմի մեջ մտնող 10 բնակավայրերի համաչափ զարգացումը»:

IMG_0379ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը արդյունավետ աշխատանք մաղթելով համայնքի նորընտիր ղեկավարին և ավագանու անդամներին՝ շեշտեց, որ նոր Սահմանադրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում, որով և ՏԻՄ-ին պատվիրակվելու են նոր լիազորություններ: «Հույս ունեմ, որ կարճ ժամանակում կկարողանաք հստակեցնել համայնքային խնդիրների առաջնահերթությունները, դրանք վերածել կոնկրետ ծրագրերի»,-նշեց Ա. Խաչատրյանը:

Նիստի օրակարգում ընդգրկվել էին 7 հարցեր, որոնք վերաբերում էին «ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու և Գորիսի, Ակների, Բարձրավանի, Խնձորեսկի, Հարթաշենի, Ներքին Խնձորեսկի, Շուռնուխի, Որոտանի, Վերիշենի ու Քարահունջի համայքապետարանների աշխատակազմերի գործունեության դադարեցմանը, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների թեկնածությունների առաջադրման և համաձայնեցման, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգերի հաստատմանը:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика