«Խոշորացնեն էլ, նոսրացնեն էլ, որևէ սպասելիք, դրական փոփոխության ակնկալիք մենք չունենք»

18.09.2016

DSC00386Շուշան Օհանյան
Աննա Սահակյան

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղը ևս խոշորացման արդյունքում ներառվելու է Գորիս համայնքում: Համայնքն ունի 1581 ընտրող, որից ժամը 17:00-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 750-ը:

Գորիս համայնքի ղեկավարի թեկնածություն է առաջադրել Վաչագան Ադունցը /ՀՀԿ/, իսկ ավագանու 15 տեղի համար պայքարում են 25 թեկնածու: Վերիշենը համայնքից ավագանու թեկնածություն են առաջադրել չորս հոգի՝  Վերիշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արամ Բաբայանը /ՀՅԴ/, Արտակ Զադայանը /ՀՀԿ/, Էրիկ Տատինցյանը /ԲՀԿ/ և անկուսակցական Նարեկ Օրդյանը:Վերիշենի 37/10 ընտրատեղամասի նախագահ Արթուր Շալունցը /ՀՀԿ/ www.gorispress.am-ի հետ ունեցած զրույցում նշեց, որ ընտրախախտումներ չեն գրանցվել, ցուցակների անճշտություններ նույնպես չեն գրանցվել: 

Ընտրատեղամասում ներկա էր hetq.am-ի թղթակից, ինչպես նաև երկու դիտորդ՝  «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ից և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ից:

«Ա բալա, իմ տարիքս արդեն էն չի, իմ հինչիս ա պետք խոշորացումը, էս փոփոխությունները, հենա հարմարված ապրում էինք էլի»,-ասում է 82-ամյա Ծովիկ Դաջունցը:

DSC_1834

Ծովիկ Դաջունց

«Խոշորացնեն էլ, նոսրացնեն էլ, որևէ սպասելիք, դրական փոփոխության ակնկալիք մենք չունենք: Էլի հիմա գուդում ենք, որ գյուղապետ ունենք, մեր հոգսերին տեղյակ ա, մի հարցով դիմենք, կօգնի, բա էն վախտ հո՞ւմ եմ դիմիլու»,- իր մտահոգություններն է կիսում 70-ամյա Հենրիկ Բակունցը և ավելացնում. «Էսքան տարի ա ընտում եմ, հինչ ա փոխվալ, որ հիմա փոխվի»: Զրույցին միանում է 64-ամյա Ազատ Խերունցը. «Ախր ես զարմանում եմ, էդ պաշտոնայները մի հետ էս գյուղավ անց չեն կենում, էս ճանապարհների վիճակը չեն տեսնում, մի հետ իրանց մաշինին տակը չի թխալ»,-կեսկատակ ասում է նա: Հարցի պատասխանը տվեց հավաքվածներից մեկը. «Ա հունց թխեն, իրանց մաշինին պարցուր ա, տակը փռնում չի»:

DSC_1837 - копия

Ձախից՝ Ազատ Խերունց, Արամ Բակունց, Հենրիկ Բակունց

Բացի ճանապարհներից, Վերիշենի բնակիչներին շատ է անհանգստացնում նաև խմելու ջրի վիճակը: «Խմելու ջրի մեջ ամեն ինչ կարող ես գտնել, ջրի հետ տիղմ է գալիս, ստիպված ջրի ֆիլտր եմ տեղադրել, որը ամեն օր մաքրում եմ: Քանի որ տանը փոքր երեխա ունենք,երբեմն ստիպված ջուրը բերում ենք Ակներից, որպեսզի երեխան առողջական խնդիրներ չունենա: Չեմ հասկանում, թե սանիպետկայանի աշխատողները ինչ են մտածում»,-ասում է Արամ Բակունց:

Վերիշեն համայնքի նախկին գյուղապետ Արտակ Օրդյանն այն կարծիքին է, որ բնակչությունը բավարար ինֆորմացված չէ, իրազեկումը պատշաճ չի կատարվել:

DSC_1858«Անկեղծ ասած, դեռ ամբողջությամբ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր լինելու մեկ կենտրոնից տաս համայնք ղեկավարելը: Կարծում եմ նախնական տարբերակով, երբ քննարկվում էր ոչ թե տաս, այլ չորս համայնքերի միավորման հարցը /Գորիս, Քարահունջ, Ակներ, Վերիշեն/, շատ ավելի հեշտ կլիներ հետագա կառավարումը»,-ասում է Ա. Օրդյանը:

Նախկին համայնքապետը կարծում է, որ ավագանու անդամության համար չորս թեկնածուների առաջադրումը սխալ էր, նրանք պետք է իրենցից ընտրեին մեկին, ծայրահեղ դեպքում՝ երկուսին, քանի որ այսպես նրանց բոլորի շանսերն էլ նվազում են: Ըստ նրա, չի բացառվում, որ չորսից ոչ մեկն էլ չընտրվի:

Bookmark and Share
Яндекс.Метрика