Խոշորացմանը սպասելիս

17.09.2016

14315560_1766141467007918_2082414417_oԱնուշ Առաքելյան
Դատարկվող Խնածախ համայնքում գազի, ջրի խնդիրների հետ մեկտեղ անբարեկարգ վիճակում են գտնվում նաև գյուղ տանող և գյուղամիջյան ճանապարհները: Համայնքի բնակիչների կարծիքով ոչինչ չի ձեռնարկվում առկա խնդիրները լուծելու համար: «Արդեն մի քանի տարի ա հա խոսք են տամ գազի, ջրի, ճանապարհի հարցերը կլուծեն, բայց դեռ արդյունք չկա»,-պատմում են համայնքի բնակիչները:Գյուղում գազի խողովակները հասցրել են մինչև գյուղ, բայց սպառողներին դեռևս գազ չեն տալիս: Նախկին համայնքի ղեկավար Կարո Թավադյանը, անդրադառնալով այս խնդիրներին, նշում է.  «Ըստ ծրագրի՝ 2016թ. գյուղի վերևից մինչև Խոզնավար, գումարած ներհամանքային ճանապարհը, պետք է վերանորոգվեին, դեռ սպասում ենք: Գազի խողովակները մինչև գյուղ քաշել են, բայց անհայտ է, թե երբ կմիացնեն»:

Համայնքի բնակիչների մտահոգություններին ավելացել է ևս մեկը՝ համայնքների խոշորացումը:  Հարցումների  ժամանակ մի բան ակնհայտ էր՝ գործընթացը ոչ մեկի սրտով չէ:  «Եթե լավ գործընթաց լիներ, ժամանակին կանեին: Թոշակառու մարդ եմ, քառասուն հազար եմ ստանում, բա որ մի տեղեկանք պետք լինի, պիտի մեքենա վարձեմ, հիմա էլ շատ ա թանկացել տաքսիների վարձը»,- իր մտավախություններով կիսվում է Գավրոշա պապը:

Ռիտան,  ում ընտանիքի անդամներից ոմանք  գտնվում են հանրապետությունից դուրս, ասում է, որ շատ է մտահոգված համայնքների խոշորացման գործընթացից:  «Էսպես ասեմ, մեր գյուղապետը չի կարողացել համայնքի խնդիրներին լուծում տա: Հիմա էլ, որ խոշորացումը լինի, ուրիշ համայնքից եկած ղեկավարը հաստատ չի կարող որևէ բան անել, նրան դժվար մտահոգի մեր գյուղի խնդիրները»:

Խնածախ. ներհամայնքային ճանապարհ

Խնածախ. ներհամայնքային ճանապարհ

Ընդհանուր առմամբ, համայնքի բնակիչներից շատ քչերն էին  տեղյակ, թե ինչ աշխատանք է կատարում ավագանին: Կարո Թավադյանը, սակայն նշում է, որ բոլորին տեղյակ են պահել, հիմա էլ են իրազեկված, որ նոր համայնք է ձևավորվում, նոր ավագանի:

Ինքը` նախկին գյուղապետը, անդրադառնալով համայնքների խոշորացմանը, ասում է.  «Ճիշտն ասած դժվարանում եմ ասել, թե դա ինչ կտա: Բայց իմ կարծիքով կլուծվեն համայնքային որոշ փոքր խնդիրներ: Ամենամեծ խնդիրն այն է, որ համայնքապետարանում աշխատող անձնակազմը կազատվի աշխատանքից»:   Խնածախի նախկին  բյուջեն կազմում էր 19,5 միլիոն դրամ, որից 13,5 միլիոնը՝ դոտացիան, մնացածը՝ սեփական եկամուտները:

Համայնքն ունի մեկ դպրոց,  մանկապարտեզը չի գործում: «Համայնքների խոշորացման գործընթացը չի ազդի դպրոցի վրա»,-ասում է դպրոցի տնօրեն Ալբերտ Աղաջանյանն ու ավելացնում. «Այս տարի մենք ունենք ութ հոգուց բաղկացած առաջին դասարան, դպրոցում աշխատում է տասնինը ուսուցիչ»: 2015/16 ուս. տարվա ընթացքում համայնքն ունեցել է տասնմեկ շրջանավարտ, վեցն ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: «Սա շատ լավ ցուցանիշ է մեզ համար, բայց հետագայում դժվար թե ունենանք այսպիսի արդյունք»:

Բնակիչների համար մեծ խնդիր է նաև բժշկական օգնություն ստանալը: Գյուղն ունի բուժքույր, ում աշխատավայրը գտնվում է Տեղ համայնքում: Մարդիկ դժգոհում են, որ վերջինս չի այցելում գյուղ, իրենց համար էլ շատ դժվար է ամեն անգամ ուրիշ գյուղ գնալ-գալը: 

  

 

 

 

 

 

 

   

Bookmark and Share
Яндекс.Метрика