Հալիձորում կարծում են, որ թեպետ դանդաղ, բայց դրական փոփոխություններ կան

15.07.2016

IMG_0345Մարիամ Մաթևոսյան
Խոշորացված Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի վարչական ներկայացուցիչ է նշանակվել Ջիվան Զորունցը, ով տարիներ առաջ համայնքի ղեկավար է եղել: Նա  նշում է, որ 15 տարիների ընթացքում շատ բան է փոխվել թե’ գյուղում, թե’ նախկին աշխատավայրում. անգամ աշխատավայրի պատուհանից բացվող տեսարանն է փոխվել: Հիմա գյուղի վերևով աշխարհի ամենաերկար անկանգառ «Տաթևեր» ճոպանուղին է անցնում:

«Վերանորոգվել են դպրոցը, մշակույթի տունը, մասնակի բարեկարգվել են փողոցները, անցկացվել է գիշերային լուսավորություն»,-ասում է Ջ. Զորունցը:

Նրա խոսքով, գյուղի առաջնային խնդիրների մի մասը, օրինակ, գազամատակարարումը, ոռոգման ջուրը, ինչպես նաև անբարեկարգ փողոցները շարունակում են օրակարգում մնալ:Մի կողմից «Տաթևեր» ճոպանուղին՝ իր զարգացման, մյուս կողմից խոշորացումը՝ իր ներդրումային ծրագրերով, տարածաշրջանում լուրջ զարգացման հեռանկարներ են ստեղծել: Երկուսի դեպքում էլ շահառու գյուղերը նույն միավորված 8 նախկին համայնքներն են,  և բնակիչները լուրջ ակնկալիքներ ունեն երկուսից էլ:

Նախատեսվում էր, որ ճոպանուղու բացումից հետո «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ, Հալիձոր և Տաթև գյուղերի տանիքները պետք է ծածկվեին կարմիր կղմինդրով, փողոցները՝ սալահատակով, բայց, ինչպես մեր զրուցակիցն է նշում,  երկու անգամ անցկացվել են չափագրումներ՝ իրականացվելիք աշխատանքների ծավալները ճշտելու համար, սակայն ծրագիրը ժամանակավորապես կասեցվել է:

Տաթև համայնքի խոշորացումից հետո հալիձորցիները հույս ունեին, որ մասնակի կբարեկարգվեն գյուղամիջյան ճանապարհները, մանավանդ, որ ակնկալվում են ներդրումներ Տարածքային զարգացման հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացում» ծրագրից:

Halidzor

«Դրական փոփոխություններ էլի կլինեն, ուղղակի պետք է մի քիչ էլ սպասել, ծրագրերը դեռ նոր են մեկնարկում: Արդեն ընթացքի մեջ է գյուղտեխնիկայի ձեռքբերումը»,-նշում է վարչական ներկայացուցիչը: Նա պատմում է, որ երբ տարիներ առաջ ինքը Հալիձոր համայնքի ղեկավարն էր, դժվարություններ կային տեղական բյուջեի եկամուտների հավաքագրման գործում: Այժմ խոշորացված Տաթև համայնքում ներդրվել է հարկահավաքագրման ավտոմատ համակարգ, որի վճարման պարբերականությունը կընտրի բնակիչը, իսկ չվճարելու դեպքում կկիրառվեն տույժեր: Եթե նախկինում համայնքի ղեկավարը գթասրտություն էր ցուցաբերում ու ուշացման ժամանակ տույժեր չէր կիրառում, փոխարենը ևս մեկ թվով ավելացնում էր ապառքների թիվը, ապա նոր ձևավորված Տաթև համայնքում տույժերի կիրառումն անխուսափելի է:

Այժմ կազմվում է Տաթև համայնքի 2016-2020թթ. քառամյա զարգացման ծրագիրը, որտեղ կընդգրկվեն նաև Հալիձորի համայնքային խնդիրները:

Նշենք, որ Տաթև համայնքում միավորված 8 բնակավայրերում վարչական ներկայացուցիչներ են նշանակվել համայնքների նախկին ղեկավարները, բացառությամբ Տաթև և Հալիձոր բնակավայրերի. Տաթև գյուղի ղեկավարն այժմ խոշորացված համայնքների ղեկավարն է, իսկ Հալիձորի համայնքի ղեկավարը՝ Տաթև համայնքի աշխատակազմի ղեկավարն է:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика