Դաստիարակչուհին, ով Շինուհայրից է, ամեն օր տոպրակների մեջ սնունդ է տանում Խոտ՝ առանց նախապես իմանալու երեխաների հաճախումների թիվը

23.06.2016

IMG_1491Քրիստինե Հայրապետյան
Խոտ գյուղի մանկապարտեզի նախկին տնօրեն Ժասմենա Տատինցյանը չի թաքցնում, որ մինչև համայնքների խոշորացումը, որի ընթացքում յոթ այլ համայնքների հետ միավորվեց նաև Խոտը, լավատես էր, թե բարեփոխումը բարելավելու է իրենց կյանքը: Մինչդեռ Տաթև համայնքի գործող հինգ մանկապարտեզները՝ ավագանու որոշմամբ մայիսի 30-ից միավորվել են, և ինքը գործազուրկ  է դարձել:

Նախկին տնօրենը մեզ հետ զրույցում պատմեց, որ ավագանու նիստից հետո, իրեն չեն տեղեկացրել, որևէ գրություն չեն ուղարկել այդ մասին և նույնիսկ աշխատանքից ազատման հրաման չի ստացել:

Ավագանու նիստին ներկա չի եղել Խոտ բնակավայրի վարչական ներկայացուցիչը, քանի որ վերջինիս չէին հրավիրել և տեղեկացրել ավագանու նիստի մասին և միայն որոշումից հետո է Մարտիրոս Գրիգորյանը տեղեկացել, որ կրճատվել են իրենց  գյուղի մանկապարտեզի տնօրենն ու հաշվապահը:

Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը նշում է, որ մայիսի 30-ից, ավագանու որոշմամբ, բոլոր համայնքների մանկապարտեզները միավորել են, և այդ առաջարկը եղել է ավագանու և նախաձեռնող խմբերի կողմից: Հինգ բնակավայրերի՝ Շինուհայրի, Հարժիսի, Խոտի, Տաթևի, Հալիձորի  գործող մանկապարտեզները միավորելուց` կրճատվել են տնօրեններն ու հաշվապահները: Համայնքի ղեկավարի խոսքով, այսուհետ մանկապարտեզների համար կլինի միայն մի կնիք ու կանոնադրություն:

Երեխաների թվով ամենամեծը՝ Շինուհայրի մանակապարտեզն է, որտեղ հաճախում է 85 երեխա, Խոտի և Տաթևի մանկապարտեզներում ՝ 23-24, իսկ Հալիձորում և Հարժիսում՝ 20-ական երեխա: Տաթևի մանկապարտեզը նոր է բացվել, գործում է դպրոցին կից:

DSC_0688

Շինուհայրի նախակրթարան

Խոտ բնակավայրի մանկապարտեզը վերաբացվել է  2008թ. և վերանորոգվել Վորլդ Վիժնի Հայաստանի Սիսիանի Տարածքային զարգացման ծրագրի կողմից. այն  տեղակայված է համայնքապետարանի շենքում: Մանկապարտեզը վերաբացվել է նախկին տնօրենի նախաձեռնությամբ. «Տեսել եմ գյուղում մանակապարտեզ չկա, մտածել եմ մանակապարտեզը վերաբացելու մասին և դիմում-խնդրանքով, ծնողների հետ միասին, դիմել ենք  Սյունիքի մարզպետին», -ասում է  տիկին Ժասմենան:

Նախկին տնօրենի խոսքով՝ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը վերաբացման օրվանից սկսած հասնում էր մինչև 30-ի, իսկ վերջին տարիներին, մասնավորապես, ավագ խմբի երեխաների թիվը կրճատվել էր, սակայն նախատեսվում էր նոր խումբ բացել՝  երեք տարեկանից բարձր երեխաների համար:

IMG_1483Մինչև մանկապարտեզների միավորումը՝ երեխաները նախակրթարան-կենտրոն էին հաճախում ժամը 09:00-ին և տուն էին վերադառնում 16:30-ին  ու երեք անգամ սնունդ էին  ստանում: Նախկին տնօրենի  ղեկավարման ընթացքում մանկապարտեզի վճարը  յուրաքանչյուր երեխայի համար կազմում էր 4 հազար դրամ, իսկ հունիսի մեկից՝ վճարը դարձել է 2 հազար դրամ,սակայն դրա հետ մեկտեղ երեխաների երեքանգամյա սնունդը՝ դարձել է երկու, քանի որ մանկապարտեզում մնում են մինչև 14:30-ը:

«Ամեն օր ժամը 09:00-ին, մեր դաստիարակչուհին, ով  Շինուհայրից  է, տոպրակների մեջ սնունդ է բերում, առանց էդ օրվա երեխաների հաճախումների թիվն իմանալու, այսինքն էդ սնունդը տալիս են դաստիարակչուհուն, իսկ ինքն իր հետ բերում է մանկապարտեզ,-ասում է Ժ.Տատինցյանը և ավելացնում,- կարող եմ ասել, որ մանկապարտեզը  գործում է առանց տնօրենի, քանի որ  ամսի մեկից տնօրենը  չի ներկայացել մանկապարտեզ»:

Տաթև համայնքի նախակրթարանի տնօրեն Անժելա Ղուլյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ ավագանու որոշումից հետո՝ մի անգամ է այցելել Խոտ գյուղի նախակրթարան, պատճառաբանելով, որ   հանձնում- ընդունում չի եղել և դեռևս կանոնակարգված չի այցերի հաճախականությունը:

Տնօրենի ու հաշվապահի հաստիքները կրճատելուց հետո, մանկապարտեզում աշխատում են դաստիարակը, հավաքարարը և խոհարարը: Նախկին տնօրենը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ  այսուհետ տնօրենի աշխատանքը պետք է կատարի դաստիարակը, իսկ հավաքարարը`համապատասխան կրթություն ու հմտություններ չունենալով` դաստիարակի աշխատանքը:

 

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика