Խոշորացված Տաթևում խնդիրներ դեռևս շատ կան

22.06.2016

Շինուհայր կենտրոնՄարիամ Մաթևոյան
2016թ. փետրվարի 14-ին Տաթև նորակազմ համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որի արդյունքներով համայնքի ղեկավար ընտրվեց Մուրադ Սիմոնյանը, ով մինչ այդ Տաթևի գյուղապետն էր: Ձևավորվեց նաև համայնքի ավագանի: Ավելի ուշ, ավագանու նիստով հաստատվեց միավորված ութ համայնքների կանոնադրությունը, ձևավորվեց աշխատակազմ, ստեղծվեցին հանձնաժողովներ:

Ինչ է փոխվել անցած ժամանակահատվածում խոշորացված համայնքում՝ հարցի ակնկալիքով այցելեցինք միավորված համայնքի կենտրոն դարձած Շինուհայր:

«Փոխվել է, շատ բան է փոխվել, հիմա ավելի շատ ենք կարտ խաղում,-ասում է շինուհայրցի Պարգև Սարգսյանը՝ թղթախաղի խաղաքարտերը խփելով քարե ցածլիկ սեղանին, որի շուրջ հավաքվել էին 10-ից ավելի խաղընկերներ, հետո ավելացնում է,-կարտոժնիկներն էլ են շատացել»: Ընկերոջ խոսքը շարունակում է Ռոբերտ Իվանյանը. «Մենք ոռոգման ջուր չունենք, ջուր էլ չեն տալիս, որ հող մշակենք: Գյուղի բազմաբնակարան շենքերում 200 ընտանիք ա ապրում, մի ժամ ջուր են տամ, լավ ա տա՞, որ հաշվում ես, ամբողջ ամսվա հաշվարկով ստացվում է, որ ընդամենը  մեկ օր ենք ջուր ստանում»:

Պարգև ՍարգսյանՀամայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի խոսքով, չնայած Տաթև համայնքում ընդգրկված բնակավայրերում շարունակում են շատ խնդիրներ չլուծված մնալ, սակայն արդեն սկսվել, պլանավորվել են աշխատանքներ, որով հնարավոր կլինի բարելավել մարդկանց կյանքը:

Նախատեսվում է, որ բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն թե՛ Տաթև համայնքի կենտրոն Շինուհայրում, և թե՛ մյուս բնակավայրերում: Մասնավորապես, առաջիկայում կասֆալտապատվի Խոտ տանող 1,5 կմ ճանապարհահատվածը, իսկ Հարժիսին կապող ճանապարհին փոսային նորոգումներ կկատարվեն: Շինուհայրում խմելու ջրի ներքին ցանցի որոշակի հատվածներ վերանորոգվել են, ջրագծերի նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև Տանձատափում, Սվարանցում, Քաշունիում, որտեղ նախատեսվում է նաև միջհամայնքային ճանապարհների բարեկարգում:

Խոշորացումից հետո, Տաթևի համայնքային խնդիրների լուծմանն աջակցում են ՀՀ կառավարությունը, ինչպես նաև տեղական, միջազգային դոնոր կազմակերպություններ:

գյուղտեխնիկաՀայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացում» ծրագրի շրջանակներում  Տաթև համայնքի համաչափ զարգացման համար 195 մլն դրամ աջակցություն է տրամադրել:  Նախատեսված գումարից 90 մլն դրամը կօգտագործվի գյուղտեխնիկայի` էքսկավատոր, գրեդել, ինքնաթափ ձեռք բերելու համար: Նախատեսվում է նաև  հիմնադրել մեքենատրակտորային պարկ, որը կսպասարկի համայնքի բոլոր բնակավայրերին: Բացի տեխնիկական սպասարկումից, կայանը նաև նոր աշխատատեղեր կստեղծի համայնքում:

Մինչ համայնքների խոշորացումը, պիլոտային ծրագրում ընդգրկված փնջերում շատ էր քննարկվում այն հարցը, թե արդյոք միավորումից հետո կավելանա գործազուրկների թիվը: Մուրադ Սիմոնյանը նշում է, որ այդ առումով էական փոփոխություններ չեն արձանագրվել. խոշորացված նախկին համայնքների ղեկավարներն այժմ աշխատում են` որպես համայնքի վարչական ներկայացուցիչներ, քարտուղարները` օպերատորներ: Կրճատվել են միայն համայնքի ղեկավարի տեղակալի, հաշվապահի հաստիքները: Ավելին, ստեղծվել են նոր աշխատատեղեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետի, սոցիալական աշխատողի:

«Տաթևի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում գրեթե բոլոր համայնքներից ընդգրկվել են աշխատակիցներ: Այսպես, օրինակ, Խոտի քարտուղարն այժմ Տաթև համայնքի հողի և գույքահարկի բազան է վարում, Տաթևի և Հարժիսի հաշվապահները`աշխատակազմի ֆինանսիստներն են և այլն»,-ասում է համայնքի ղեկավարը:

Մուրադ Սիմոնյան2016 թվականի Տաթև համայնքի բյուջեն կազմում է 111 մլն 117 հազար 400 դրամ, որից պետական լրավճար՝ 90 մլն 392,4 դրամ, սեփական եկամուտները` 20 մլն 725 հազար դրամ: Տաթև համայնքի զբոսաշրջության զարգացման հեռանկարը, ըստ համայնքի ղեկավարի, հնարավորություն կտա ֆինանսական աղբյուրների բազմազանություն  ապահովել և ակնկալվում է, որ առաջիկայում նոր հնարավորություններ կստեղծվեն:

Զրույցի ընթացքում Մուրադ Սիմոնյանն անդրադառնում է նաև կարևոր մի խնդրի:

«Տասնյակ տարիներ փնջում ընդգրկված համայնքների վարչական աշխատողները չեն օգտվել արձակուրդներից: Այսօր, խոշորացման արդյունքնում, համայնքը լուծարվել է, կրճատվել են աշխատեղեր ու օրենքով մենք չենք կարող աշխատանքից ազատված աշխատակիցներին վերջնակահաշվարկ չտալ»,-ասում է նա: Տաթևի համայնքային իշխանությունը պարտավորվում է տեղական բյուջեից 25 մլն դրամ հատկացնել լիազորությունները դադարեցված աշխատակիցներին փոխհատուցելու համար: «Արդեն 40 տոկոսը վճարել ենք, և, քանի որ մեծ գումար է կազում, որոշել ենք, որ ովքեր դեռևս աշխատում են գումարը կփոխհատուցենք ավելի ուշ, մյուսներին վերջնահաշվարկը կփոխհատուցվի անմիջապես»,-ասում է Տաթև համայնքի ղեկավարը:

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика