Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանում արյուն հանձնողների թիվն աճում է

04.04.2016

syuniq-hospital-2Մարիամ Մաթևոսյան
Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Սեյրան Պետրոսյանին հանդիպեցինք Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանում: Նա նույնպես իր 7 աշխատակիցների  հետ եկել էր արյուն հանձնելու, սակայն 68-ամյա նախկին ֆուտբոլիստի տարիքը թույլ չի տվել արյան դոնոր հանդիսանալ:

«Գորիսեցիները միշտ էլ դժվարությամբ են արյուն հանձնել: Արյուն հավաքագրելու համար ամեն ամիս գնում ենք Սիսիան ու Կապան, բայց զարմանալիորեն  սահմանում ստեղծված լարված իրավիճակից հետո ակտիվություն է նկատվում»,-ասում է արյան կայանի տնօրեն Արտուր Առաքելյանը:Քաղաքացիների հոսքը Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան սկսվել է երեկվանից: Տնօրեն Ա. Առաքելյանի խոսքով՝  արյուն հանձնող քաղաքացիների առնվազն ¼ -ի մոտ վարակակրությունն է նկատվում, ուստի հանձնած արյունը պիտանի չէ փոխներարկման համար:  «Նախապես չենք ստուգում արյունը, քանի որ անվարձահատույց են հանձնում, իսկ ստուգելու համար ոչ միայն 2 օր է անհրաժեշտ, այլև լաբարատոր ռեակտիվներ, որը մեծ ծախս է պահանջում»,-ավելացնում է կայանի տնօրենը:

Այս օրերին արյան դոնոր են հանդիսացել ոչ միայն Գորիսի, այլև հարակից գյուղական համայնքների բնակիչներ՝ Քարաշեն, Կոռնիձոր, Հարթաշեն: Արյուն են հանձնել Գորիսի պետական քոլեջի, Գորիսի պոլիկլինիկայի աշխատակիցները, ինչպես նաև ցուցակագրվել են Գորիսի քաղաքապետարանի մի շարք վարչական ենթակառուցվածքներ:

Ապրիլի 3-ին արյուն հանձնողների թիվը կազմել է 39 հոգի, որոնց արյան մշակման աշխատանքներն ավարտվել են  ապրիլի 4-ի լույս գիշերվա ժամը 3:00-ին:  Այսօր ժամը 13:00-ի դրությամբ Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանում ևս 20 հոգի արյուն են հանձնել:

 «Դեռևս հավաքագրում ենք, ուղարկելու  առաջարկ չենք  ստացել, բացի այդ դեռևս չգիտենք, թե որ խմբերի արյան պահանջարկ կա»,-ասում է Արտուր Առաքելյանն ու ավելացնում, որ նման ակտիվություն տեսնելով՝ համոզված է, որ հաղթողի կարգավիճակ կունենանք առաջնագծում:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика