Գրե՞լ, թե՞ չգրել. սա էլ է խնդիր

23.02.2016

to_write_or_not_to_write
Լիլիթ Ավագյան

Ընտանեկան հավաքներում հաճախ է պատահում՝ հյուրերը անկեղծանալուց առաջ խնդրում  են ինձ. «Այն, ինչ կասենք, հրապարակման ենթակա չէ, թող մնա մեր մեջ»: Անծանոթ միջավայրում էլ, երբ ինչ-որ մեկը կոնկրետ պաշտոնյաների հետ կապված իրավիճակներ է նկարագրում, ներկաներից որևէ մեկը, իբրև թե կատակով, զգուշացնում է՝ զգու՜յշ խոսիր, լրագրող կա:

Սա իր բացատրությունն ունի. մարդիկ ունեն կոնկրետ տեղեկություն, որ այսինչ պաշտոնյան կաշառք է վերցնում, այնինչը չարաշահում է պաշտոնական դիրքը, բայց չեն ցանկանում, որ այդ տեղեկությունը հրապարակվի: Այս մարդկանց հասկանալը դժվար չէ. չեն ցանկանում տհաճ իրավիճակներում հայտնվել, վախենում են: Այնպես էլ չէ, որ նրանք չեն ցանկանում, որ այդ մասին բոլորն իմանան, պարզապես չեն ցանկանում, որ այդ տեղեկության աղբյուրն իրենք լինեն:

Ստացվում է, որ զրույցին մասնակից լրագրողը անուղղակիորեն տիրապետում է մի տեղեկության, որը կոնկրետ քրեական շերտեր ունի, կապված է կոնկրետ պաշտոնյաների կոռումպացվածության հետ, սակայն չի կարող անգամ հետաքննել, հրապարակել, քանի որ ինֆորմացիայի աղբյուրը դա չի ցանկանում:Լրագրողական էթիկան ևս թույլ չի տալիս առանց ինֆորմացիայի աղբյուրի համաձայնության հրապարակել տեղեկությունը: Իսկ որևէ պաշտոնյայի կոռումպացվածության մասին առանց փաստի տեղեկություն հրապարակելն արդեն զրպարտություն է:

 

Նման դեպքերում, երբ մարդիկ վախենում են կոնկրետությունից՝ տալ իրենցից կաշառք պահանջած պաշտոնյայի անունը, բողոքել իրենց իրավունքները ոտնահարող չինովնիկների դեմ, ուզում ես ասել. «Եթե վախենում եք պաշտպանել ձեր օրինական  իրավունքները, ուրեմն, արժանի եք»: Բայց վախենալը քրեորեն պատժելի չէ, իսկ կաշառք վերցնելը՝ այո: Ի՞նչ պետք է անի լրագրողն այն դեպքում, երբ գիտի Սահմանադրության, Աշխատանքային օրենսգրքի, մարդկանց իրավունքների ոտնահարման մասին, սակայն չի կարող հրապարակել: Եվ սա այն դեպքում, երբ ոչ թե ինչ-որ մեկից է լսել, այլ անձամբ բախվել նման իրականության հետ:

Ներկայացնեմ իմ օրինակը:  

Երեխայիս պոլիկլինիկա տանելուց առաջ զանգահարեցի բուժքրոջը՝ ճշտելու, թե հաջորդ օրը ո՞ր ժամին գնանք պոլիկլինիկա: Բուժքույրն ասաց, որ չենք կարող գնալ առաջիկա երկու օրերին, քանի որ ո՛չ ինքը, ո՛չ մեր բժիշկը աշխատավայրում չեն լինելու. հարկադիր արձակուրդի մեջ են: Բուժքույրը չգիտեր, որ լրագրող եմ, և անկեղծորեն պատմեց, որ աշխատավարձ չվճարելու նպատակով՝ իրենց արձակուրդ են ուղարկում ամեն տարի, և որ շաբաթվա մեջ մեկ օր են գնում պոլիկլինիկա ՝  բացառապես իրենց բարի կամքով, իրենց հիվանդներին հետևելու, անօգնական չթողնելու համար: Զանգահարեցի բժշկին, նա էլ նույնն ասաց՝ հոգոց հանելով, թե սա ի՞նչ երկիր է, ով ինչ ուզում, անում է: Զանգահարեցի պոլիկլինիկայի գլխավոր բժշկին: Հարցս լսելուց հետո նա չափազանց բորբոքվեց՝ պնդելով, որ իմ տեղեկությունը բացարձակ սուտ է:

-Շատ լավ,-ասացի,- այդ դեպքում ես կես ժամից կլինեմ պլիկլինիկայում, միասին կշրջենք, կտեսնենք:
-Ե՞րբ կգաք, ես քիչ հետո դուրս եմ գալու,-ասաց գլխավորը:
-Բայց հիմա ժամը 14.30 է, ձեր աշխատանքը ո՞ր ժամին է ավարտվում:
-Ես արձակուրդի մեջ եմ,- հնչեց գլխավորի պատասխանը…

Զանգահարեցի առողջապահության նախարարության լրատվական ծառայություն, ներկայացրի խնդիրը: Աշխատակիցը բարեխղճորեն վերցրեց հեռախոսիս համարը, խոստացավ անպայման ճշտել խնդիրն ու զանգահարել:

Կապվեցի նաև քաղաքապետարանի լրատվական ծառայության հետ, խոստացան հարցը փոխանցել առողջապահության վարչությանը:

Համբերատար սպասում էի պաշտոնական արձագանքին (որն այդպես էլ չստացա), իսկ մինչ այդ, երկու օր անց, ինչպես բուժքույրն էր ասել, երեխայիս հետ գնացինք պոլիկլինիկա: Երեխային զննելուց հետո մեր բժիշկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ես չեմ զանգահարել գլխավոր բժշկին ու բարձրացրել հարկադիր արձակուրդի հարցը: Ասացի, որ ես եմ: Նա շատ կտրուկ խնդրեց գործին ընթացք չտալ, ոչինչ չգրել ՝ հանուն իրեն, որ, առհասարակ, պոլիկլինիկայի անձնակազմը ոչ մեկից դժգոհ չէ և որևէ պրետենզիա չունի իր ղեկավարութան հանդեպ: Եվ որ ես իրենց շատ վատ վիճակի մեջ կդնեմ, եթե հանկարծ այդ մասին գրեմ:

Մի կողմից՝ մասնագիտական բարեխղճությունը ստիպում է վեր բարձրացնել եղած լուրջ խնդիրը. փաստորեն, ավանդաբար այդ պոլիկլինիկայում բուժանձնակազմին հարկադիր արձակուրդի են ուղարկում և մեկ ամսվա աշխատավարձը չեն վճարում այն դեպքում, երբ բյուջեից այդ գումարը, այդուհանդերձ, փոխանցվում է: Ո՞վ է կարգադրում բուժանձնակազմին հարկադիր արձակուրդ գնալ, ու՞ր են ուղևորվում՚ բյուջեի փողերը: Սակայն եթե գրես, իսկ պոլիկլինիկայի բժիշկն ասի, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, որ ես ինձնից եմ հորինել, գրածդ կդառնա զրպարտություն:

Մյուս կողմից, եթե տարիներով այդ պոլիկլինիկայում տասնյակ աշխատողներ լուռ ու համակերպված տանում են իրենց հանդեպ ղեկավարության կամայականությունը, որևէ բուժաշխատող չի բարձրաձայնում իր աշխատավարձի փաստացի պահումը և դեռ դժգոհ է լրագրողից, որը փորձում է հասկանալ՝ այդ ի՞նչ օրենքով, ո՞ր հիմքով են մարդկանց իրավունքները ոտնահարում, ուրեմն արժանի են այդ վիճակին:

Չգիտեմ՝ այլ լրագրողներն ինչպես կվարվեին, իսկ ես չգրեցի պոլիկլինիկայի կոնկրետ տվյալները՝ նախընտրելով չոտնահարել տվյալ հիմնարկի աշխատողների՝ չպայքարելու, դժգոհ լինելու և մեկ ամիս աշխատավարձ չստանալու իրավունքը…

media.am 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика