Լաստի խութով փոր չի կշտանում

09.07.2013

27989Շուշան Օհանյան

Գորիսն իր աշխարհագրական դիրքով, բնությամբ, ինքնատիպ ճարտարապետական նախագծերով, պատմամշակութային արժեքներով, յուրահատուկ կոլորիտով քաղաք է: Սա է պատճառը, որ Գորիսը դեռեւս խորհդային տարիներից զբոսաշրջության համար նախընտրելի քաղաք է:

 Ես էլ, շատերի նման հպարտանում եմ այդ արժեքներով, ուրախանում եմ, երբ քաղաքում մի նոր բան է կառուցվում, որովհետեւ դրանք նաեւ աշխատատեղեր են քաղաքացիների համար, իսկ այդ խնդիրը Գորիսում առաջնային է:

Բայց շոշափելի իրականությունը, արտագաղթը, ծնունդների տարեցտարի նվազող թվերը ստիպում են զգաստանալ, փորձել հասկանալ քաղաքի խնդիրները, Գորիսին նայել այլ հայացքով:

Անծանոթ մարդկանց հյուրանոցի տեղ ես հարցնումասում ենի՞նչ գործով եք եկել Գորիս

Գյումրեցի Արսեն Վարդանյանը, ով օրեր առաջ Գորիսում էր, զարմանալու շատ առիթներ է ունեցել: «Նախ, իմ կարծիքով, քաղաքի մարդիկ մարդամոտ չեն: Երիտասարդների մի մասը գողականակրիմինալախառը վիճակների մեջ է: Կարծում եմ, քաղաքին դա մռայլություն է հաղորդում: Խնդիրը մեզ մոտ էլ կա, բայց Գորիսը փոքր քաղաք է, անմիջապես աչքի է զարնում: Չպատճառաբանված հետաքրքրասիրություն կա մարդկանց մեջ: Անծանոթ մարդկանց հյուրանոցի տեղ ես հարցնում, ասում են` ի՞նչ գործով եք եկել Գորիս»:

Արսենը Գորիսում շատ ընկերներ ունի, բայց եւ` մտայնություն: «Գորիսեցիների հետ հաճախ եմ առնչվում, բայց մարդկային շփումների տեսանկյունից մի քիչ «կոշտ» է ստացվում ամեն ինչ»,- ասում է նա: Արսենն առանձնակի դժգոհություն հայտնեց սպասարկման ոլորտից. «Ահավոր էր, չափից դուրս` ահավոր: Ասենք, մի քանի տեղ նստել ենք. ասում ենք` մենյուն բերեք` ընտրենք, պատասխանում են` մենք հիմա կասենք` ինչ ունենք, դուք կողմնորոշվեք, մենյու չկա: Փոքր բաներ են, բայց նյարդայնացնում են: Լավ կլիներ, եթե բրոշյուր ունենայիք, որը իր մեջ կընդգրկեր քաղաքի քարտեզը, հյուրանոցների տեղերը, կեցության պայմանների, տաքսի ծառայությունների վճարների մասին ամփոփ տեղեկություն»:

Սրանք խնդիրներ են, որոնք ծանոթ են գորիսեցիներին կամ ցանկացած մարդու, ով որոշ ժամանակ գտնվել է Գորիսում:

Օրեցօր ամայացող բնակավայրերն ու անկանխատեսելի քաղաքականությունն ինձ վախեցնում ու շփոթեցնումեն

Լուսինե Հարությունյանը, ով ծնունդով Տաթեւից է, 6 տարի է, տեղափոխվել է Երեւան, աշխատում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում` որպես առաջատար մասնագետ: Գորիսում էլ Լուսինեն ուներ աշխատանք, ու իր ասելով` վաստակն ավելին էր, քան Երեւանում: «Ես ինձ Գորիսում շատ լավ էի զգում. ունեի աշխատանք, հարգանք, Գորիսի աշխատանքային շուկայում ես պահանջված մասնագետ էի: Ինձ ընտանիքս «ստիպեց» գալ Երեւան կամ գուցե այն վառ պատկերացումը, որ ես իմ գիտելիքներով մայրաքաղաքում ավելի լավ վճարվող աշխատանք կգտնեմ: Եվ հետո, ես Գորիսում մենակ էի ապրում (ո՞վ էր տեսել` աղջիկը մենակ ապրի Գորիսում. դա տարօրինակ էր եւ հասարակության համար եւ անընդունելի ծնողներիս համար՝ անվտանգության առումով)»:

Նա շատ է կարոտում Գորիսն ու Տաթեւը: «Գուցե մեր մաքուր օդն եմ կարոտում, գուցե… պարզապես ծննդավայրի կարոտն է: Չեմ ասի, թե դժգոհ եմ, բայց ինչ որ բան այն չէ: Երբեմն մեծ քաղաքի զգացողությունն է ճնշում, երբեմն` մարդկային անտարբերությունն ու հաշվենկատ վերաբերմունքը միմյանց հանդեպ: Մինչեւ հիմա ծանր ու թեթեւ եմ անում վերադառնալու եւ Տաթեւում բիզնես սկսելու հարցը, բայց մի կողմից հետ քայլ անել չսիրողի սկզբունքը, մյուս կողմից` իշխանությունների անտարբերությունը դեպի գյուղերը, օրեցօր ամայացող բնակավայրերն ու անկանխատեսելի քաղաքականությունն ինձ վախեցնում ու շփոթեցնում են»:

Այստեղ իմ երեխան պաշտպանված է

«Ինձ համար շատ դժվար էր թողնել ամեն ինչ ու գալ այստեղ»,- ասում է Լիլիթ Մկրտչյանը, ով 2010թ. հուլիսին ամուսնացավ ու տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, իսկ արդեն մեկ տարի անց սկսեց աշխատել տեղի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոցում` որպես Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ: Լիլիթը Գորիսում է սովորել, աշխատել: «Հիմա ես շատ կարոտում եմ իմ ընտանիքը, հարազատներին, ընկերներին, իմ աշխատանքը, որի շնորհիվ ես կարողացա կայանալ»,- ասում է նա:

Այսքանով հանդերձ, չէի ուզենա վերադառնալ Հայաստան, Գորիս: Եվ դա ոչ այն պատճառով, որ արդեն Պետերբուրգում եմ` Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում: Դրանք ինձ համար սին համեմատականներ են: Երեք տարի լինելով Պետերբուրգում` ապրել եմ Հայաստանով, ամեն օր հայաստանյան, գորիսյան լուրերից եմ տեղեկացվել ու դրանցով ապրել: Բայց Հայաստանից հիասթափությունս խորն է»,- շարունակում է Լիլիթը:

Նրա համար անգնահատելի է ռուս քաղաքացու կարգավիճակն իր երկրում: «Ռուսաստանն իրոք ամեն ինչ անում է, որ ժողովուրդն իրեն պաշտպանված զգա. յուրաքանչյուր քաղաքացի անվճար բուժօգնության իրավունք ունի: Երբ իմ աղջիկը ջերմություն է ունենում, ոչ թե ես եմ տանում բժշկի, այլ օրենքի սահմաններում շտապ օգնություն եմ կանչում, որը չի ուշանում 15 րոպեից, նման բան Գորիսում չեմ հիշում:

Չէի ուզենա վերադառնալ, մինչեւ հիմա ինձ Պետերբուրգում ինտեգրված չհամարելով հանդերձ, քանի որ այստեղ գոնե աշխատող օրենք կա, փոքրիշատե հավասարություն կա մարդկանց միջեւ, այստեղ իմ երեխան ավելի շատ է պաշտպանված, քան` Հայաստանում: Ես այս ամենն ասում եմ մեծ ցավով»,- ափսոսանքով է ասում Լիլիթը:

Չեմ սիրում Գորիսի լռությունը

«Սիրում եմ Գորիսը, ինչպես սիրում եմ երկրիս ամեն մի քաղաքը, գյուղը, անկյունը: Սակայն Գորիսի հետ մեկ ալլ կապվածություն ունեմ. ծառայություն, հետո նաեւ աշխատանք»,- նշում է Գոռ Մարգարյանը, ով, ապրելով Երեւանում, 2009 թվականից համագործակցում է Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ, իսկ արդեն 2013թ. հունվարից թատրոնի գլխավոր ռեժիսորն է:

«Գնահատում եմ գորիսեցու հայրենասեր տեսակը, նա պատրաստ է ցանկացած աշխատանքի միայն թե չթողնի իր քաղաքը, սակայն դա բավական չէ` քաղաքը հոգեւոր-մշակութային կենտրոն դարձնելու համար:

Չեմ սիրում Գորիսի լռությունը, քաղաքը կարծես թմբիրի մեջ է, ոչ մի շարժ չկա: Նման պահերին ավելի ակնառու է դառնում տարբերությունը, ասենք, Կապանի հետ համեմատած. այնտեղ երիտասարդները շտապում են ապրել, ստեղծել ու վայելել իրենց ստեղծածը, իսկ Գորիսում դա չեմ տեսնում: Այս փաստն ինձ, որպես երիտասարդ արվեստագետի, անհանգստացնում է»,- ասում է Գոռը:

Գորիսն ինձ ընդունեց գրկաբաց ու նույնքան կարոտած

Նարինե Գալստյանը Գորիսից մեկնել է ամուսնանալուց հետո միայն: Տուն է դառնում արդեն որպես հյուր` կարճատեւ այցերով: Գորիս, հրաշք բնություն, կարոտ, հացի խնդիր. նա այլեւս ունի իր դիրքորոշումը. «Գորիս եկա մեծ սպասումներով, կարոտով եւ շատ գոհ եմ իմ բաժին Գորիսից, որովհետեւ Գորիսն ինձ ընդունեց գրկաբաց եւ նույնքան կարոտած: Միշտ էլ ասել եմ՝ Գորիսը, առհասարակ Հայաստանը, էկոլոգիական, շռայլ բնության տեսանկյունից հրաշք ապրելատեղ է: Բայց, ցավոք, Լաստի խութով փոր չի կշտանում: Ավելի լավ է կարոտախտի մեջ հացի խնդիր լուծվի, քան հրաշք քաղաքում անգործ շրջենք»,- խոստովանում է Նարինեն:

«Դատավոր» լինելուց առաջ

Ասում են` հայրենիքը բացարձակ արժեք է: Բացարձակ ճշմարտություն է եւ այն, որ ամեն մարդ մի անգամ է ծնվում եւ ապրում: Այս հատումներում ծնվող ցավն ու ափսոսանքն էլ բացարձակ անհատական են: Ուստի եւ…

Բայց, դատելուց ու «դատավոր» լինելուց առաջ արժե ականջալուր լինել այս մտահոգություններին:

Bookmark and Share
Яндекс.Метрика