Լաբորատորիայի նյութերի փոխարեն՝ չորացրած բույսեր եւ ուսուցչի երեւակայություն

05.12.2015

DSC00343Անահիտ Բաղդասարյան
Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի դպրոցում աշակերտները կենսաբանություն եւ քիմիա սովորում են ուսուցչի երեւակայության շնորհիվ. լաբորատորիա, կարելի է ասել, չկա: Սարքավորումներին փոխարինում են չորացրած կենդանիներն ու բույսերը: 

«Այն, ինչ հնարավոր է թղթի վրա ցուցադրել, պատրաստում ենք, բայց նույնիսկ մեր պատրաստածը հնարավորություն չունենք մանրադիտակի տակ տեսնելու, քանի որ ոսպնյակը ջարդված է»,-ասում է կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Կարմեն Հարությունյանը:

Կրթօջախի լաբորատորիաները տեխնիկական միջոցներով վերջին անգամ  համալրվել են 1970-ական թթ, իսկ  իսկ 2000թ .վերանորոգման ընթացքում այդ նյութերը  թափվել են: Սարքավորումներից որոշները պահպանվել են  միայն ֆիզիկայի լաբորատորիայում, որոնք արդեն գործածական չեն:«Դպրոցի ամբողջ գույքը  հին է.  լաբորատորիաները ևս  գոնե նվազագույն չափով ապահովված չեն անհրաժեշտ սարքավորումներ, որոնցով դեռ փորձեր կատարում ենք,  բայց կան նաև այնպիսինները, որոնք եղել են դպրոցի առաջին գույքից և արդեն պիտանի չեն»,- նշում է Հարթաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվեր Պողոսյանը:

DSC00334«Լաբորատորիաների, մասնավորապես, տեխնիկական միջոցների բացակայությունը բացասաբար է անդրադառնում է դասի որակի վրա: Հիմնականում տեսական նյութի վրա ենք հիմնվում և փորձերն ուղղակի գրի ենք առնում, թե էս փորձի արդյունքում ինչ է ստացվում. ոչինչ չունենք,  ինչ պիտի  անենք: Պարզապես փորձի նկարագրություն են կատարում ու վերջ» ,- ասում է քիմիայի և կենսաբանության ուսուցչուհին: Բնագիտական առարկաներից միայն թեթև փորձեր են կարողանում կատարել, ինչպես օրինակ կալիումի պերմանգանատի (մարգանցովկա), յոդի կամ աղաջրի լուծույթներ ստանալն է: Երբեմն նույնիսկ փորձերը համացանցով են նայում, բայց ինչպես ասում են՝ ոչինչ փորձին չի փոխարինում: «Քիմիան այն  առարկան չի,  որ աշակերտը սիրի՝  առանց փորձեր կատարելու ու սեփական աչքերով տեսնելու այդ ամենը»,- շեշտում է նա:

Դպրոցի  տնօրենը նշում է, որ դպրոցի  բյուջեով լաբորատորիայի համար հնարավոր չէ  բավարար գումար նախատեսել, քանի որ նյութերը թանկ են, իսկ բյուջեն՝ սուղ : «Մի ամբողջ դպրոցի համար նյութ կամ օրինակ  լակմուսի  թղթեր գնելը դժվար է: Բայց եթե նյութը նույնիսկ գնենք, առանց սարքավորումների անհնար է  փորձեր կատարելը»,- պարզաբանում է Նվեր Պողոսյանը:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика