Վերջին երեք տարում Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոցից բուհ է ընդունվել 47 շրջանավարտ

03.12.2015

Yndhanur patkerՇուշան Օհանյան
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոցում, որը նախատեսված է 1170 աշակերտի համար, սովորում է ընդամենը  280 աշակերտ: Շենքը շահագործման է հանձնվել 1976թ.-ին, որից հետո դպրոցում հիմնանորոգում չի իրականացվել:Խնայողությունների, տարբեր աջակցությունների, դրամաշնորհային ծրագրերի շրջանականերում դպրոցում մի քանի անգամ կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Օրեր առաջ, մոտ երկու ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո, ավարտվեց տարրական դասարանի համար նախատեսված դասասենյակի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում, որը կազմում էր մոտ 4 միլիոն դրամ և ֆինանսավորվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանության կողմից,  կվերանորոգվի նաև մեկ սանհանգույց:

DSCN1257

Վերոնորոգված դասասենյակը, լուսանկարը՝ verishenhamaynq.blogspot.am

«Դպրոցի շահագործումից 40 տարի է անցել, և որքան էլ փորձում ենք տարբեր միջոցների հաշվին մասնակի վերանորոգումներ կատարել, առաջնային որոշ հարցեր լուծել, միևնույն է, դպրոցը հիմնանորոգման կարիք ունի՝ հիմքից մինչև տանիք»,-gorispress.am-ի հետ զրույցում ասաց Վերիշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանը:Նրա կարծիքով շենքային պայմաններն ուղղակիորեն ազդում են նաև կրթության որակի վրա. «Նման պատերի ներսում գեղագիտական ճաշակ ձևավորելը շատ դժվար է»,-նշում է տնօրենը:

Դպրոցի համար առաջնահերթ է նաև մարզադահլիճի վերանորոգումը, որի փայտե հատակը գրեթե ամբողջությամբ փտած է: Չնայած մարզադահլիճը ջեռուցվում է, բայց պարապմունքներ հնարավոր չէ կազմակերպել, քանի որ աշակերտների վնասվածք ստանալու վտանգը մեծ է:

MarzadahlichՎերջին տարիների ամենակարևոր հաջողություններից մեկը Մ. Ղազարյանը համարում է ջեռուցման տեղային համակարգի ներդրումը: «Արդեն ութ տարի է, ինչ դպրոցը ջեռուցվում է գազով, ազատվել ենք փայտով ջեռուցման հետ կապված դժվարություններից, որի շնորհիվ կարողանում ենք կայուն ջերմաստիճան ապահովել»,-ուրախությամբ նշում է տնօրենը:

2007թ.-ին վերանորոգվել են նաև դպրոցի որոշ սանհանգույցներ, բայց այսօր դպրոցի սանիտարական վիճակը բավարար համարել, դժվար է: Հաշվի առնելով դպրոցի մեծ մակերեսը (դպրոցն ունի 7 մասնաշենք),  մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ինը աշխատող, բայց հնարավորություն ունեն երկուսին վճարել:

Ֆինանսական կառավարում՝ առանց ինքնավարության

«Հաջորդ ուսումնական տարվանից այլևս զույգ դասարաններ չենք ունենա»,-շարունակում է կրթօջախի տնօրենը: Բնակչության ծնելիության պակասը, արտագաղթը ազդում են նաև աշակերտների թվի վրա, ու քանի որ դպրոցը ֆինանսավորվում է աշակերտ-թվով, տնօրեններից պահանջվում է կազմակերպչական, ֆինանսական մեծ հմտություններ՝ կրթության զարգացման ճիշտ քաղաքականություն վարելու համար:
DSC_0912Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարի և ՀՀ Կրթության եվ գիտության նախարարի աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակցի մասին 2015թ.-ի հունվարի 1-ի համատեղ հրամանի, պետական դպրոցների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ «Ըգ=սովորողների թիվ (Սթ) x սովորողների գումար (Սգ) + պահպանման գումար (Պգ)»:

Հանրակրթական ուսումնական հաստատություններին տրվող պահպանման գումարները տարբեր են՝ կախված աշակերտների թվից: Վերիշենի միջնակարգ դպրոցի 280 աշակերտի պայմանում, ըստ վերոնշյալ հրամանի, պահպանման գումարը բաղկացած է երկու մասից՝ առաջին՝ հաստատության պահպանման ծախսերից՝ 3 միլիոն 481 հազար 500 դրամ և երկրորդ, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցի հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից:

Սա այն մեխանիզմն է, որով մարզպետարաններին հատկացվում են գումարները, բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. ՀՀ կառավարության մեկ այլ՝ 2014 թվականի հունվարի 16-ի թիվ 16 որոշմամբ, ՀՀ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում, ահրաժեշտության դեպքում, մարզպետարաններին թույլատրվում է իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերը վերաբաշխել, որի արդյունքում  որոշ դպրոցներում նախատեսվող գումարները նվազում են: Չնայած այս հանգամանքին, Վերիշենի միջնակարգ դպրոցում հաջողվել է բարեկարգման զգալի աշխատաքներ կատարել: Մասնավորապես, վերջին երկու տարիներին փոխվել են դպրոցի բոլոր սեղան-նստարանները, որոնք  տնօրենի նախաձեռնությամբ, պատրաստվել են դպրոցում, որի արդյունքում յուրաքանչյուր սեղան-նստարանի հաշվով խնայվել է 40 հազար-ական դրամ: Փոխվել են 10 դասասենյակների պատուհաններ: Անհրաժեշություն կա նաև նորով փոխարինել միջանցքների պատուհանները:

Դպրոցի միջանցքներից մեկը

Դպրոցի միջանցքներից մեկը

Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-15 թվականների պետական ծրագրով նախատեսվում էր բարելավել դպրոցների շենքային պայմաններն ու հարստացնել նյութատեխնիկական բազան՝ մոտեցնելով այն միջազգային չափանիշներին:
Ըստ այդ նույն ծրագրի տվյալների հանրակրթական դպրոցների 66,4 %-ը ենթակա է հիմնանորոգման, քանի որ դրանց մեծ մասը, ինչպես Վերիշենի միջնակարգ դպրոցը, կառուցվել է մինչև 1970-ական թվականները:

Նոր տեխնոլոգիաները կրթության որակի ապահովման միջոց են

«Իհարկե, շենքային պայմանները,  ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաները կարևոր են, և այս խնդիրները կարծես թե լուծման ընթացքի մեջ են,  բայց կարծում եմ, որ կրթության որակ ապահովելու առաջնահերթ պայմանը լավ աշխատող մանկավարժն է»:   

Վերիշենի միջնակարգ դպրոցում դասավանդող 30 ուսուցիչներից 6-ը ատեստավորման արդյունքում տարակարգ են ստացել: Մ. Ղազարյանը հպարտությամբ նշում է, որ սա լավ արդյունք է, քանի որ տարակարգ ստանում են այն ուսուցիչները, ովքեր նորօրյա մոտեցումներ են ցուցաբերում դասավանդած առարկայի նկատմամբ: Այդօրինակ ուսուցման նոր մեթոդները գործնականում հնարավորություն են տալիս կիրառել դպրոցում գործող առարկայական կաբինետները, լաբորատորիաները, որոնք վերջերս վերանորոգվել, վերազինվել են նոր տեխնոլոգիական միջոցներով, սարքավորումներով:
Laboratorian qimia 2007թ.-ին Վերիշենի միջնակարգ դպրոցը՝ ֆիզիկայի ուսուցչուհի Զարիկ Հակոբյանի նախաձեռնությամբ, հաղթելով Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և «Գորիսի երիտասարդական միություն» հասարակական կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթում, հնարավորություն ստացավ վերանորոգելու և ժամանակակից գույքով վերազինելու ֆիզիկայի կաբինետ-լաբորատորիան: Ծրագրի իրականացմանը աջակցել են նաև Վերիշենի համայնքային իշխանությունը և «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ:
Fizikayi kabinet 1 2011թ.-ից ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ դպրոցն ունի նաև վերանորոգված, ժամանակակից սարքավորումներով, դիդակտիկ նյութերով համալրված քիմիայի և կենսաբանության լոբորատորիա և մաթեմատիկայի կաբինետ:
Դպրոցի տնօրենը հպարտությամբ է նշում, որ դպրոցն ապահովված է բավարար տեխնիկական միջոցներով, քանի որ ըստ նրա,  «լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»:

Ըստ տնօրենի, իրենց դպրոցում լավ կրթության համար ստեղծված պայմաներն են այն երաշխիքները, որի շնորհիվ վերջին երեք տարում Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոցը ավարտած 86 շրջանավարտներից 47-ը ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика