Վարչական աշխատողները երթևեկության փոխհատուցում չեն ստանում

14.10.2015

ԳորայքՄարիամ Մաթևոսյան
Արմինե Հարությունյանը և Նաիրա Հայրապետյանն աշխատում են Գորայքի միջնակարգ դպրոցում՝ ամեն օր երթևեկելով  Սիսիան-Ծղուկ-Գորայք երթուղով: Արմինեն դպրոցի ուսմասվարն է, Նաիրան՝ քիմիայի ուսուցչուհին: Վերջինս տեղյակ է, որ երթևեկելու համար կառավարության կողմից փոխհատուցում է նախատեսվում, որը նախատեսված է միայն ոչ վարչական աշխատողների համար: «Ի՞նչ տարբերություն, որ հաստիքացուցակով ուսմասվար եմ, ես էլ եմ երթևեկում, որի համար ինքս եմ վճարում»,- ասում է Արմինեն: Ուսմասվարի պաշտոնը նա զբաղեցնում է այս ուսումնական տարվա սկզբից, մինչ այդ՝ որպես ուսուցչուհի, աշխարհագրություն էր պարապում  և շաբաթական չորս օր երթևեկելու համար՝ որպես փոխհատուցում, ստանում էր միջինը 9500 դրամ, այն դեպքում, երբ ծախսում էր 11,2 հազար դրամ:

Գորայքի միջնակարգ դպրոցի 22 ուսուցիչներից 11-ը, որից 3 վարչական աշախատողներ են, այլ բնակավայրերից են, երթևեկության փոխհատուցում ստանում են միայն ուսուցիչները, բացի ուսմասվարից, չեն փոխհատուցվում նաև զինղեկը, համակարգչային օպերատորը: Դպրոցի տնօրեն Մարտուն Թադևոսյանի կարծիքով՝ վարչական աշխատողների համար երթևեկության փոխհատուցում հատկացվելիս խտրական վերաբերմունք է դրսևորվում: Անցյալ տարի ուսմասվարը հրաժարվել է իր աշխատանքից՝ նշված պատճառով:Սյունիքի մարզպետարանին «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» հոդվածով նախատեսված երթևեկության փոխհատուցումը 2014 թվականի համեմատ ավելացել է: Այս տարի մարզպետարանին նախորդ 19 մլն դրամի փոխարեն հատկացվել է 25 մլն 800 հազար 500 դրամ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, պետական բյուջեից տրամադրվող գումարների ավելացումը պայմանավորված է երթևեկող ուսուցիչների թվի աճով:

Երթևեկության համար նախատեսված գումարների բաշխումը կատարվում է դպրոցների տնօրենների կողմից մարզպետարան ներկայացված փոխհատուցման նախահաշվի տեղեկանքի հիման վրա, որտեղ ներկայացված է, թե յուրաքանչյուր ուսուցիչ քանի օր է երթևեկում ու որքան է կազմում տվյալ համայնքը սպասարկող հանրային տրանսպորտի երկկողմանի ուղեվարձը: Գորայքի ուսուցիչների խոսքով, սակայն փոխհատուցվում է մասնակի՝ հաշվարկված գումարի 70 %-ի չափով: Դպրոցի տնօրինությունն ու հաշվապահությունն ուղեվարձի փոխհատուցումը կատարում են համամասնորեն, այսինքն, եթե մարզպետարանից, օրինակ, 30%-ով քիչ են նախատեսել գումարներ, ապա նույնքանով պակաս են վճարում  ուսուցիչներին:

 «Շաբաթվա 5 օրն էլ դաս ունեմ ու Գորայք հասնելու համար օրական ծախսում եմ յոթ հարյուր, ամիսը՝ 14 հազար դրամ, բայց այդքան գումար երբևէ չեմ ստացել: Ամեն անգամ եղել են տարբեր գումարներ. 2400-ից սկսած»,-նշում է Ն. Հայրապետյանը, ով երթևեկում է Բռնակոթից և երկու տրանսպորտային միջոց է փոխում: Բռնակոթ-Սիսիան երթուղու ուղեվարձը ներառված չէ իր փոխհատուցման տեղեկանքի մեջ: Նրա խոսքով՝ մեղքի բաժինն ունի նաև ինքը, քանի որ տնօրինությանը չի ներկայացրել համապատասխան տեղեկանք, ըստ որի, նա երթևեկում է երկու բնակավայրից:

2015-2016թթ. ուսումնական տարվա երկրորդ ամիսն արդեն ավարտվում է, բայց Գորայքի ուսուցիչները դեռևս ճանապարհածախսի փոխհատուցում չեն ստացել: Դպրոցի տնօրենը նշում է, որ հատկացվող գումարները բյուջեի մասնաբաժինը չեն կազմում: Մարզպետարանն առանձին է կազմում և սովորաբար ուսուցիչներն այն ստանում են ուշացումով, երկու ամիսը մեկ անգամ:

«Պարտքեր չեն կուտակվում: Նախկինում  ամիսներ շարունակ փոխհատուցում չէր տրվում, բայց հիմա կարգավորվել է»,-ասում է Մ. Թադևոսյանը:

Երթևեկող ուսուցիչների համար շարունակում է խնդիր մնալ  այսպես կոչված «կիսատ» ամիսների երթևեկության փոխհատուցումը:

Սյունիքի մարզպետարանն ուսումնական տարվա 11/բացառությամբ հուլիս/ ամիսներից երթևեկության գումարներ չի նախատեսում հունվար, հունիս, օգոստոս, ինչպես նաև գարնանային և աշնանային արձակուրդների ամիսների/հիմնականում հոկտեմբեր, մարտ/ համար: Փոխհատուցում նախատեսված է միայն 8  ամսվա համար, այն դեպքում, երբ մյուս նշված ամիսներին, եթե ոչ ամբողջությամբ՝ այնուամենայնիվ, օրերի մեծ մասն այցելում են դպրոց:

Սւըն

Яндекс.Метрика