Ինչ է անում շվեդական տեղական թերթը գումար աշխատելու համար

23.06.2015
magnus-karlsson

SmalandSposten թերթի
գլխավոր խմբագիր Մագնուս Կարլսոնը

Գեղամ Վարդանյան 
Կալմար-Երեւան
«Գումար աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ եզակի բովանդակություն»,- ասում է շվեդական Վաքսո քաղաքի SmalandSpostenթերթի գլխավոր խմբագիր Մագնուս Կարլսոնը (Magnus Karlsson): 

Շվեդական Fojo մեդիա ինստիտուտի՝ Կալմարում կազմակերպած «Մեդիակրթություն եւ մեդիագրագիտություն» ամառային դպրոցում իր ելույթում Կարլսոնը պատմեց, որ իր ղեկավարած թերթի էջերում շատ են ինֆոգրաֆիկաները, կայքում մեծ տեղ է զբաղեցնում վիդեո բովանդակությունը:

Թերթը համայնքային կյանքի ակտիվ մասնակից է եւ այդ կյանքը վերածում է որակյալ բովանդակության: Շվեդական քաղաքներում եւ գյուղերում կան ֆուտբոլի սիրողական թիմեր: SmalandSposten-ի աշխատակիցները այդ թիմերի միջեւ մրցաշարը նկարահանում են որակյալ պատկերով եւ ձայնով: Ֆուտբոլային մեկնաբան են ներգրավում: 
«Մենք գնում ենք գյուղեր եւ փոքր քաղաքներ՝ ֆուտբոլ նկարահանելու, եւ այնտեղ տեղական փոքր տոնախմբություն ենք կազմակերպում: Հավաքվում են գրեթե բոլոր բնակիչները, անվճար թխվածքաբլիթներ եւ սուրճ ենք հյուրասիրում: Խաղից հետո տեղացի բոլոր բնակիչները, նրանց  հարազատներն ու ընկերները կայքում դիտում են ռեպորտաժը: Նրանք բոլորը մեր կայքի եւ թերթի բաժանորդներն են»,- պատմում է Մագնուս Կարլսոնը:

Տեղական կյանքի մաս կազմող միջոցառումներ կազմակերպելով՝ SmalandSposten-ը նաեւ սոցիալական խնդիր է լուծում:

18673631776_bbbd1e9115

SmalandSposten թերթի գլխավոր խմբագիր Մագնուս Կարլսոնը

«Մենք մեզ հասարակության մաս ենք տեսնում, հասարակության առաջ պարտավորություն ունենք եւ վերադարձնում ենք վստահությունը, որ հասարակությունը մեզ տալիս է»,- ասում է Կարլսոնը:
Թերթն ավելի ու ավելի մեծ տեղ է հատկացնում վիդեո բովանդակությանը: SmalandSposten-ի լրագրողները տեսանյութեր նկարահանելու համար iphone-ներ են օգտագործում: Բոլոր լրագրողները գիտեն, թե ինչպես սմարթֆոնով որակյալ տեսանյութ նկարահանել: Ունեն երկու լրագրող, որոնք նախկինում հեռուստատեսությունում են աշխատել եւ օգնում են վիդեոմոնտաժի հարցում:

Տեսանյութերն օգնում են լրացուցիչ միջոցներ ներգրավել: Մագնուս Կարլսոնն ասում է, որ տեսանյութի յուրաքնաչյուր դիտումը իրենց շվեդական 1 կրոն (58 դրամ) եկամուտ է ապահովում: Մեկ տարվա ընթացքում թերթի սեփականատերերը մտադիր են ինտերնետային հեռուստատեսություն ստեղծել:

SmalandSposten-ը լույս է տեսնում 1866թ.-ից շաբաթը 6 անգամ: Թերթի տպագիր տարբերակի ամսական բաժանորդագրությունն արժե 149 կրոն (8 հազար 700 դրամ): Տպագիր եւ ինտերնետային տարբերակների բաժանորդագրությունն արժե 209 կրոն (12 հազար 200 դրամ): Կայքի անվճար տարբերակի այցելուները կարող են ծանոթանալ պաշտոնական եւ սոցիալական նշանակություն ունեցող տեղեկատվությանը, սակայն եզակի բովանդակությանը մուտք չեն ունենա: Հիմա թերթն ունի 36 հազար բաժանորդ:

Չնայած բաժանորդագրության վճարին եւ գովազդի զգալի քանակին՝ SmalandSposten-ը ֆինանսական խնդիրներ ունի: Ամեն տարի թերթի բաժանորդների թիվը կրճատվում է 1.5%-ով, գովազդի ծավալը՝ 10-15%-ով: 

«Մենք ունենք 60 աշխատակից, որոնցից 6-ը շվեդական տարբեր քաղաքներում աշխատող թղթակիցներ են: Այս պահին արդեն գիտեմ, որ հաջորդ տարվա ընթացքում մեր լրագրողներից հինգը կորցնելու է աշխատանքը»,- ասում է թերթի գլխավոր խմբագիրը:

Շվեդական թերթը պայքարում է ֆինանսական կայունության պահպահման համար: Օրինակ՝ նախատեսում են, որ ինտենետային հեռուստատեսության հաջող մեկնարկով  կապահովեն իրենց 10 լրագրողի աշխատավարձը: 

Թերթի ամենաընթերցված հոդվածները հանցագործությունների եւ սպորտի թեմաներով են: Ինտերնետային այցելությունների քանակի համար մեծ դեր են խաղում վերնագրերը: «Մեր լրագրողներից մի քանիսը չեն զբաղվում նյութեր պատրաստելով, նրանք ամբողջ ժամանակը հատկացնում են դիպուկ վերնագրեր ստեղծելուն»,- պատմում է Մագնուս Կարլսոնը:

Կարլսոնն ասում է, որ իրենք պայքարում են մեդիայի ոլորտում ճգնաժամի դեմ: Ճգնաժամը միայն տպագիր մեդիայում չէ, սակայն ամենաշատն ազդում է հենց տպագիրի վրա: Շվեդիայում թերթ կարդալու մշակույթ կա, եւ շատ քաղաքներում եւ գյուղերում ընտանիքների 70%-ը թերթ է կարդում: Սակայն թվերը փոխվում են, եւ ինտերնետն ավելի ու ավելի մեծ տեղ է գրավում:

«Մենք գումար ենք աշխատում, որպեսզի թերթ տպագրենք, ոչ թե թերթ ենք տպում, որպեսզի գումար աշխատենք»,- ամփոփում է իրենց աշխատանքը SmalandSposten-ի խմբագիրը:
media.am

Bookmark and Share
Яндекс.Метрика