Գորիսի քաղաքապետարանը կստեղծի նոր ընկերություն

12.03.2015

IMG_7163Անահիտ Բաղդասարյան
Գորիսի ավագանու հերթական  նիստը  հաստատեց  «Գորիս համայնքի բարեկարգում և բնակարանային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին  Գորիսի համայնքի ղեկավարի 2015 թվականի մարտի 2-ի թիվ 39-Ա որոշումը, ինչպես նաև կազմակերպության կանոնադրությունը: Նորաստեղծ կազմակերպությունն իրականացնելու է նախկին «Գորիստնտ» ՓԲԸ գործառույթները՝ քաղաքի փողոցների լվացում, ձյան, եզրառուների մաքրելում, գիշերային լուսավորության ցանցի սպասարկում թափառող շների ոչնչացում:

 «Գորիստնտ» ընկերությունն այսուհետ իրականացնելու է միայն քաղաքի աղբահանությունը, ինչպես նաև  զբոսայգու կառավարումը. վերջին լիազորությունը մինչև այժմ վերապահված էր  Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնին:Ինչպես են տարանջատվելու աշխատանքները երկու ընկերությունների միջև, մանավանդ, որ նախկին ընկերությունը չի լուծարվում, շարունակելու է գործել ընթացիկ կանոնադրությամբ, որով կարող են համընկնել որոշ ծառայություններ, համայնքի ղեկավարը մեկնաբանեց, որ « դեռևս վերջնական որոշված չէ պայմանագրային պարտավորությունների բաշխումը »:

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք այդ գործընթացը տանի «Գորիստնտ»  ՓԲԸ-ի լուծարմանը, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ «նոր ընկերությունը ստեղծվում  է աշխատանքը թեթևացնելու համար «Գորիստնտ»-ը մասնագիտացված կառույց է և լավ էլ կատարում է իր աշխատանքները»:

Քաղաքապետը չբացառեց, որ հնարավոր են կրճատումներ «Գորիստնտ»  ընկերությունում, որոշ  աշխատակիցներ կտեղափոխեն նոր ստեղծված կազմակերպություն:

Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին հաստատեց  նաև Գորիս համայնքի 2014թ–ի բյուջեի կատարման հաշվետվությունը, որը ներկայացրեց  քաղաքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Էդիկ Ադունցը: Նա նշեց որ 2014թ. Գորիսի համայնքային բյուջեի եկամուտները հավաքագրվել է 105.9 %-ով: Բարձր արդյունք գրանցվել է գույքահարկի հավաքագրման գործընթացում 155,3%,, որը հիմնականում պայմանավորված էր բազաների ճշտմամբ և ապառքների հավաքագրմամբ, իսկ նվազագույն ցուցանիշը բյուջեի կատարման տույժերից և տուգանքներից՝ 23,5 %:

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика