50 եվրո ունեցա, նորից Տաթև եմ գնալու

27.08.2014

56226 Սուսաննա Շահնազարյան
«Տաթևեր» ճոպանուղին Տաթև գնալու համար արդեն ջրի ճամփա է դարձել, որովհետև նախընտրելի է 4 հազար դրամ վճարել, քան
Սատանայի ձորով անցնող ոլորապտույտ ճանապարհը հաղթահարել: Ու քանի նման շքեղություն ես թույլ տալիս, չես կարող նաև ճոպանուղու տարածքում գտնվող ապակեպատ սրճարանում մի բաժակ սուրճ խմելու գայթաղությանը դիմանալ: Կողքի սեղանի մոտ զբոսաշրջիկներ փոխադրող ավտոբուսների վարորդներ են նստած: Նրանց համար ճոպանուղին հաստատ ջրի ճամփա կլինի, որովհետև մանավանդ ամռանը ճոպանուղին զբոսաշրջիկների պակաս չի զգում, նույնիսկ վերջերս տարբեր միջոցներով տեղեկացնում են այցելուներին, որ նախապես տոմս պատվիրեն:
Այդ պահին, չգիտես ինչու, հիշում եմ մայրաքաղաքի հրապարակում, կառավարության շենքի մոտ կանգնած ծառայողական մեքենաների վարորդներին, ովքեր ժամեր շարունակ «լռված են» մեքենաներում ու սպասում են, թե իրենց շեֆը երբ «գործով տեղ կգնա»: Տեսնես ինչու՞ են էդ մեքենաները գրեթե միշտ սև և ինչո՞ւ են էդ խեղճ վարորդներին ստիպում անգամ տոթին կոստյումով ու փողկապով լինել: «Dress code»-ի պահանջը, լավ է, էստեղ չի կիրառվում: Ամառային գլխարկներով վարորդները հանգիստ զրուցում են: Նրանցից մեկը պատմում էր այն մասին, որ նախօրեին Սիսիանի Զորաց քարերում մի երիտասարդ տարբեր մակագրություններով շապիկներ էր վաճառում, ու ինքը ևս միանալով տղայի գովազդին, համոզել է գերմանացի զբոսաշրջիկներին գնել վաճառվող ամբողջ տեսականին: «Երևում էր, փողի կարիք ուներ, ես էլ առիթը չկորցրի, օգնեցի, պիտի տանեին էդ փոողով «պիվա» առնեին»,- ասում է նա:

IMG_3959Շուտով մատուցողուհին բերում է պատվիրված երկու բաժակ սուրճն ու հաշիվը: Երբ հարցնում եմ, թե ինչու էդպես միանգամից, գուցե ուտելիք էլ էինք պատվիրելու, զարմացած դեմքիս է նայում, մեկնում դրամարկղի կտրոնը: Նոր միայն հասկանում եմ, որ երկուսով մեկ բաժակ սուրճն էլ հերիք էր: Այդ պային նկատում եմ, որ վարորդների սեղանին միայն ջրի բաժակներ են: Քիչ անց շրջապատը լցվում է աղմուկով, և սրճարանի հարևանությամբ գտնվող հրապարակում վայրէջք է կատարում մի ուղղաթիռ: Պարզվում է, որ տարածքը նախատեսված է հենց ուղղաթիռների համար, և նրանք հաճախ են զբոսաշրջիկներ փոխադրում: «Ուղղաթիռով հիմնականում սփյուռքի մեծահարուստներ են գալիս, մեկ-մեկ էլ` Արցախից»,- բացատրում է ճոպանուղու անվտանգության աշխատակիցներից մեկը:

Արդեն չորրորդ տարին է, ինչ ճոպանուղին գործում է, և հարյուրավոր ուղևորներ են փոխադրվել, բայց չգիտես ինչու, ամեն անգամ շատերը չեն թաքցնում, որ վախենում են, անգամ կողքիններին ասում են, թե` լսել ենք մի տեղում կտրուկ վարէջք է, նախապես չես զգուշացնի՞: Ոսկյա հաստ շղթայով մի երիտասարդ հարցուփորձ է անում վագոնավարին, թե պատահու՞մ է, որ վթարներ լինեն. «Շաբաթը մեկ անգամ, ու այսօր հենց այդ օրն է»,- լուրջ տոնով պատասխանում է վերջինս:

Նկատել եմ, ոմանք անգամ նախապես կաթիլներ են խմում, բայց, որ ճիշտն ասեմ, 12 րոպեում, որի ընթացքում հասնում ենք Տաթև, չես հասցնում վախենալ: Վագոնախցիկում հնչող հայկական դասական երաժշտությունն էլ չես կարողանում վայելել, որովհետև մի կողմից՝ աչքիդ առջև բացվող Տաթևի ձորի հրաշք տեսարանը, մյուս կողմից՝ այն միտքը, որ սավառնում ես օդում, քեզ կտրում են իրական կյանքից ու քեզ էս աշխարհի տիրակալ ես զգում:

Տաթև հասնելու առաջին պահին երևում է Տաթևի վանական համալիրը, որտեղ տանող ճանապարհի երկայնքով փոքրիկ սեղանիկների վրա առևտուր են անում թե տեղացիները և թե այլ բնակավայրերից եկածներ: Հիմնակում գյուղմթերք են վաճառում կամ հուշանվեր:

Հետո, երբ Տաթևում հանդիպեմ Տիգրան անունով տղային, պիտի լսեմ նրա մտահոգությունն այն մասին, թե ինչու են թույլ տալիս, որ վանքի տարածքը փողոցային առևտրի գոտու վերածվի և չեն մտածում շուկա կառուցելու մասին և այդ դեպքում, ըստ նրա, կվերահսկվի, որ ոչ թե մայրաքաղաքից բերված մի քանի անգամ թանկ գնով կաթնամթերքը վաճառեն, այլև զբոսաշրջիկները կնախընտրեն տեղական թարմ մածունն ու պանիրը, որով նաև գյուղի բնակիչների համար եկամուտ կապահովվի:

Տաթևի ինֆոտան տիրուհին

ANNAՎանքի հակառակ կողմում հեռվից նշմարվում է միհարկանի մի շենք` «i»ցուցանակով. Տաթևի տուրիզմի տեղեկատվական կենտրոնն է, և նրա տնօրենի` Աննա Արշակյանի հետ ծանոթանալու նպատակով էի Տաթևում: Լսել էի, որ Աննան յուրօրինակ ինֆոկենտրոն է ստեղծել Տաթևում, տարբեր նախագծեր է իրականացնում զբոսաշրջիկների, տեղացիների համար, և գրեթե վստահ էի, որ դրանք ինչ-որ դրամաշնորհների շրջանակում են, ու ակնկալում էի ծանոթանալ սովորական հաշվետվությունների, հաջողության պատմությունների:

Ամեն ինչ, սակայն, փոխվեց միանգամից, երբ արդեն կենտրոնում էինք. փոքրիկ սրահի երկու կողմերում սեղաններ էին, որոնցից մեկի շուրջ օտարերկրացիներ էին նստած, մյուս կողմում բուֆետի նմանվող պահարանի վրա շարված էին տարբեր համեմունքներով թեյերի տուփեր, տնային պայմաններում պատրաստված լիկյորների շշեր, գաթա, կարկանդակներ: Ցուցափեղկից այն կողմ մի կին արագ-արագ թեյ էր պատրաստում: Դեռատի մի աղջիկ մոտեցավ հյուրերին և սկսեց անգլերենով բացատրել, թե ինչպիսի համ ունեն ուրցով և չամանով թեյերը: «Քույրս է, դպրոցական է, օգնում է մայրիկիս, մայրս էլ որևէ օտար լեզու չգիտի, բայց չգիտեմ ինչպես, բոլորին հասկանում է, հաղորդակցվում իր ձևով»,- նկատելով մեր զարմացած հայացքները, մեզ մոտենալով, ասում է Աննան: 

Նա պատմում է, որ տեղեկատվական կենտրոնի հիմնադրումը վաղամեռիկ հոր` գյուղի բժիշկ Սարմեն Արշակյանի երազանքն է եղել: Դեռևս 2001 թվականին հոր նախաձեռնությամբ ստեղծվել է «Տաթև» հիմնադրամը, որի նպատակն է եղել ոչ միայն Տաթևի խնդիրների լուծման գործում համախմբել տաթևացիների ներուժն, այլև խթանել այն ժամանակ դեռևս լայն տարածում չունեցող զբոսաշրջությունը: Հոր մահից հետո Աննան, ավարտելով Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանը, չնայած մայրաքաղաքում ստացած աշխատանքային բազմաթիվ առաջարկներին, վերադառնում է Տաթև` հոր երազանքն իրականություն դարձնելու համար: Նրան հետագայում միանում է նաև ծրագրավորող եղբայրը, և Արշակյան ընտանիքի համար սկսվում է նոր կյանք` աշխարհից հեռու Տաթև գյուղում զբոսաշրջությունը արմատավորելու, նաև Տաթևն աշխարհին ներկայանալի դարձնելու ինքնակամ առաքելությամբ: «Տուրիզմն իմ մասնագիտությունը չէ, բացի այն, որ ես անգլերեն, իտալերեն գիտեի, բավարար գիտելիքներ չունեի այն մասին, թե ինչպես կարող ենք նպաստել զբոսաշրջության զարգացմանը»,- պատմում է Աննան:

IMG_3899Նա նշում է, որ սկսել է այդ ոլորտի մասին իր կարողությունների զարգացման համար տարբեր դասընթացների մասնակցել, սկզբում Հայաստանում, ապա արտերկրում: Սեփական միջոցներով երկու անգամ Իտաիա է մեկնել, որպեսզի լեզվական հմտությունների զարգացմանը զուգահեռ նաև ուսումնասիրի զբոսաշրջության տեղի փորձը: «Սկսել եմ զբոսաշրջիկների հիգիենայի պայմանների ապահովման գիտելիքներից մինչև հյուրերին մեր մշակույթը ներկայացնելու համար հնարավորությունների ստեղծում, նաև փորձել եմ համագործակցել զբոսաշրջային տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք իրենց տուր-փաթեթներում նաև Տաթևն ընդգրկեն»,- շարունակում է Աննան: Նա նաև իր նախաձեռնությամբ Տաթևում հյուրատուն ունեցողների համար անվճար դասընթացներ է կազմակերպում, որպեսզի զբոսաշրջությունը գյուղի բնակչության համար ոչ միայն եկամուտի աղբյուր դառնա, այլև մարդիկ կարողանան ազգային ավանդույթներով, նիստ ու կացով, անգամ կենցաղով ներկայանալի լինել աշխարհում: Այս առումով նա կարևորում է նաև պետության ներդրումը, որպեսզի այսօր արդեն մեծ հռչակ ունեցող գյուղը վերջապես գազիֆիկացվի, ներհամայնքային ճանապարհները բարեկարգվեն: Նրա խոսքով համայնքի ղեկավար Մուրադ Մինասյանը գյուղի խնդիրների լուծման համար ներդրումներ գտնելու ակնկալիքով բազմաթիվ դռներ է թակում, իշխանություններից մինչև բարեգործական կառույցների դիմում, բայց էական քայլեր, այդպես էլ չեն ձեռնարկվում: 

Տեղեկատվական կենտրոնի մի անկյունում հուշանվերներ են, ինֆո-թերթիկներ, որոնք հիմնականում Աննան իր գործընկերներից է ձեռք բերում: Ասում է նաև, որ այսօր Տաթևի տարբեր հյուրատներում միանգամից մինչև 100 զբոսաշրջիկ կարող է գիշերել: Նրա խոսքով՝ այս տարի ավելի շատ այցելուները հիմնականում խմբերով են գալիս, և այդ գործում, ըստ նրա, կարևոր դեր է խաղում Տաթևի մասին տեղեկատվության տարածման աշխարհագրությունը. խնդիր, որի լուծման համար տեղեկատվական կենտրոնն աներևակայելի շատ աշխատանք է իրականացնում ընդամենը մեկ համակարգչով, սեփական միջոցներով տեղաշարժվելու հնարավորությամբ` մի քանի քառակուսի մետր տարածքում, որը մեղվափեթակ է հիշեցնում:

Մեր զրույցի պահին Աննան հասցնում է նաև մի քանի հյուրերի հարցերի պատասխանել, ինչ-որ խմբի համար սուրճի պատվեր ընդունել և հեռախոսազանգերի պատասխանել: Ինձ հետաքրքրում է, թե բացի փոքրիկ սրճարանից, ուրիշ ինչ միջոցներից է գոյանում իրենց ընտանիքի բյուջեն, պատասխանում է զրնգուն ծիծաղով. «Ոչ մի, եղբայրս էլ ծրագրավորող էր աշխատում գյուղից դուրս, թողեց բարձր աշխատավարձն ու միացավ մեզ»:

GARNIKY-Զբոսաշրջությամբ, սակայն, Աննայի անելիքները չեն սահմանափակվում. գյուղի դպրոցականների ակումբ է հիմնադրել: Նրանց նաև անգլերեն է սովորեցնում, ասելով, թե զբոսաշրջային կենտրոն դառնալու հավակնություն ունեցող գյուղի բնակիչը պիտի կարողանա հաղորդակցվել հյուրերի հետ: Հաճախակի հանդիպում են, միջոցառումներ կազմակերպում: Գյուղում լինելու մեր օրը կրկին հավաքվել էին: Տղաներից մեկը`Գառնիկը, աչքերը հազիվ էր բացում, բայց փորձում էր աշխույժ ձևանալով խառնվել զրույցին, ասելով, թե լավ կլիներ գյուղը կոյուղի ունենար: Իզուր եմ հարցուփորձ անում անքնության պատճառն իմանալու համար: Կարճ կտրում է. «Գիշերը գործ էի անում»: Հետո ընկերներից իմացա, որ հայր չունի ու ստիպված է մորն օգնել տնային գործերում:

Ամռանը մեկօրյա բացօթյա ճամբար են կազմակերպել, որի ընթացքում երեխաները տարբեր խմբերի են բաժանվել, և ճոպանուղու աջակցությամբ նրանցից յուրաքանչյուրը պատրաստել է մի նախագիծ «Ինչ կանեի, եթե 50 եվրո ունենայի» թեմայով: Ճամբարականների ցանկությունները տարբեր են եղել` սկսած գյուղի մանկապարտեզի համար խաղալիքներ գնելուց մինչև աղբահանության կազմակերպման աջակցություն ու գյուղում նստարանների տեղադրում: 

Թե նրանց որ նախաձեռնությունը հավանության կարժանանա, չգիտեմ, բայց, եթե ես 50 եվրո ունենայի, կրկին Տաթև կգնայի, որ հանդիպեի իրենց գյուղի ապագայով այսքան մտահոգ երեխաներին, Տաթևի` աշխարհին նայելու պատուհան դարձած սրճարան-ինֆո կենտրոն կայցելեի, մեկ անգամ ևս կհիանայի Աննայի անհավատալի լավատեսությամբ, թե կամաց-կամաց Տաթևը դառնալու է զբոսաշրջության գրավիչ կենտրոն: Դեղձի կորիզով պատրաստված լիկյոր կխմեի ու մոռանայի, թե Հայաստանը միայն Երևանն է` իր ապերոներով ու քուրիկներով:
hetq.am

Bookmark and Share
Яндекс.Метрика