Պատերազմ ապրած, պատերազմում հաղթանակած, պատերազմն արհամարհող մարդիկ

08.08.2014

56009Սուսաննա Շահնազարյան
Ես ու պատերազմը չենք կարող հաշտվել, որքան էլ  նրա գոյությունը կապ չունենա իմ ցանկության հետ ու պայմանավորված լինի աշխարհաքաղաքական իրադարձություններով: Մեկ է, անունն անգամ չեմ ուզում լսել, որովհետեւ հենց պատերազմը ցաքուցրիվ արեց հայրական տունս, տարավ շատ ընկերներիս ու անգամ երեխեքիս չխնայեց` սեպտեմբերի մեկի օրով գրադի արկերը մի քանի վայրկյանում սպանեցին նրանց մանկությունը, ու չգիտեմ, երբեւէ կկարողանան մոռանալ այն սարսափելի գիշերը, երբ մի կերպ դուրս գալով փլատակներից, հարեւանների ապաստարանների  դռներն էին  թակում: 

Ես կարող էի նրանց շատ հարցերին պատասխանել, բայց, մինչեւ այսօր էլ չգիտեմ՝ ինչ բացատրություն գտնել, թե չի՞ կարելի, արդյոք, առանց էդ առնետի` պատերազմի, մարադվարի նստել ու հասկանալ, որ ամենքն իրավունք ունեն որոշելու, թե ինչպես ապրեն, ում հետ:Հիմա էլ չեմ կարող, ինչպես եւ չգիտեմ, թե որքանով է իրական վերջին օրերի համընդհանուր անհանգստությունն ու տագնապը հնարավոր պատերազմի մասին: Գլուխ չեմ հանում ո’չ խուճուճ հայտարարություններից, ո’չ որոշ  սուտի քաղաքագետներից, ովքեր խոսում են պատերազմի վտանգի մասին, ոչ էլ հասկանում եմ էն պաշտոնյաներին, ովքեր կարծում են, թե իբր հենց իրենց ներկայությամբ կարող են ոգեշնչել սահմանին կանգնածներին (մանավանդ, որ ոչ նրանց մեծ մասը, ոչ էլ նրանց որդիներն անգամ լուսանկարվելու համար երբեւէ զինվորական համազգեստ չեն կրել):

Հարցականների պատասխաններն ստանալու միակ հույսս մնում են մարդիկ, ովքեր մեկ անգամ արդեն ապրել են այդ արհավիրքը եւ կռվել ոչ միայն մարտի դաշտում, այլեւ ապրել են թշնամուց մի քանի մետր հեռու: Ու Ներքին Խնձորեսկ եմ գնում:

serob

Արջունց Սերոբը

Գյուղը Խորհրդային տարիներին է հիմնադրվել. նպատակ է եղել ավելի արդյունավետ օգտագործել Խնձորեսկի տնտեսության հողատարածքները: Սկզբում պետությունը մի քանի շենք է կառուցել, որոնք  հիմնականում բնակեցվել են Խնձորեսկի երիտասարդներով, իսկ այնուհետեւ նորաստեղծ գյուղում մշտական բնակություն են հաստատել այլ բնակավայրերից  եկածները:

Իրենց գյուղի մասին Ներքին խնձորեսկցիներն ասում են, թե ճանապարհն այնքան անբարեկարգ է, որ ոչ ոք իր մեքենան չի ուզում ռիսկի ենթարկել, իսկ հանրային տրանսպորտի համար շատ են բողոքել, բայց արձագանքող չկա: «Էնքան ենք կտրված, առանձնացած, օտարված, որ անգամ Արցախի հետ սահման հանդիսացող «տամոժնյան» մեր գյուղից վերեւ է գտնվում, չգիտենք, թե մենք որ հանրապետության կազմում ենք»,- հումորով ասում է Արջունց Սերոբը, ում հանդիպում եմ գյուղ տանող ճանապարհին: Վերին Խնձորեսկից է գալիս, երիտասարդ տղա է մահացել, գնացել է ցավակցելու, զարմանում եմ, թե ամռան շոգին 5-6 կմ ո՞նց է ոտքով եկել: «Մտքերիս մեջ էի, Խոջալուում ծառայող Գեւորգիս հետ: Երկու օր առաջ զանգեց, ասաց, որ խառն են, բայց վըխիլի պան չկա, ես կամանդիրի հետ էլ խուսացի, ըսեցի դուխ տըվաք խոխորցը, պենդ կացաք, չվախեք, հարկավեր ինի, մենք հետենք ըտեղ»,- ասում է Սերոբը, ով նաեւ համադասարանցիս է:

1989թ. Բաքվից է եկել, ստիպված է եղել այնտեղից հասնել նախ Նովոսիբիրսկ, հետո` Խնձորեսկ: «Էն` հինչ տեսալ եմ Բաքվում, կոշիկի զավոդում, որտեղ աշխատում էի, չեմ կարա մոռանամ, տըրա հետի յեկալ եմ գյուղ: Եկածս օրից պաշտպանական ջոկատում էի, հերթապահում էի»:

Ճանապարհին Սերոբը ցույց է տալիս հանդիպակաց դիրքերը, որտեղից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռու Արցախյան պատերազմի օրերին ռմբակոծում էին գյուղը: Խնդրում է մեքենան կանգնեցնել գյուղի` եւ այն ժամանակ ադրբեջանական սահմանի խաչմերուկի այն տեղում, որտեղ զոհվել են գյուղի ազատամարտիկներ Սեյրան Հայրյանը եւ Կամո Յուզբաշյանը: «Ռուբիկը վիրավորվեց, նրանք զոհվեցին,- հուզմունքը չի կարողանում զսպել Սերոբը:  Հետո կրկին սահմանին ծառայող որդուն է հիշում: «Փըխչիլի տեղ չի, խոխա-րախա, լրիվս  պետի միջամտենք»,- ասում է շատ հաստատակամ ձայնով: Զարմանում եմ, թե որտեղի՞ց նրա մեջ այդպիսի վճռականություն. դպրոցում ամենահամեստն էր ու ամաչկոտը: Հարց տայիր` կպատասխաներ, թե չէ` անընդհատ լուռ կմնար:  Փորձում եմ այդ մասին զրույց սկսել Սերոբի հետ, դեմքը փայլում է: «Բա որ մեր դասարանի Ղուլյան Սենիկին տեսնաս …»:

«Պատերազմը գուդում չեմ, բայց էս քանի վախտը տըղիս հըրսանիք եմ ընելու»

Իզուր եմ ձայնս գլուխս գցում Սենիկին կանչելու համար: Ոչ ոք չի արձագանքում նրա տան դարպասի մոտ: Համոզվելով, որ շուն չկա, վախվորած քայլերով բակ եմ մտնում եւ հենց առաջին հարկի պատշգամբում նկատում չոր թախտի վրա քնած Սենիկին` կողքին տաբուրետկա` ծխախոտի սարք ու կարգով: Ալարկոտ շարժումներով տեղից վեր է կենում եւ բարեւս առնելուց հետո խորամանկ քմծիծաղում բեղի տակ. «Հի՞նչ կա, Շահնազարյան…»

-Հեչ, եկել եմ տեսնեմ ոնց եք ապրում էս պատերազմից խելքդ հինչ ա կտրում:                                                                                                                

seik

Սենիկը

-Լհա տըրա հետի՞,- հարցաքննությունը շարունակում է Սենիկը եւ այդ ընթացքում հասցնում երկու ծխախոտ վառել: Անկապ հարց եմ տալիս այն մասին, թե ինչու է այդքան ծխում: Չի հանձնվում, բայց շարունակում է խոսել` չգիտեմ ինքն իր հետ, թե՞ ինձ է հարցնում: «Բա հո՞ւ ա ասում, վեր ես կըռվալ եմ, ասում են ապացույց չըկա, մըն նկար, դակումենտ նշանց տոր, վեր կըռվալ ես: Արար աշխարհը գիդում ա, վեր ես Կուրիսի առաջին ֆիդայիններան մինն եմ իլալ, կացնավ սկսալ եմ, հետո ավտոմատ են տըվալ, բայց մհեկ վեր տեղն ա ինգում, հարյուր  թողթ են օզում, վեր էրկու կապեկ թոշակ տան: Բայց վեր քինում ես թոշակդ ստանաս, մըն ծանոթ մարդ չես տեսնում, ա համութ ա է, համութ»,- ասում է Սենիկը: Հետո դժգոհում է, որ իրեն եւ Ներքին Խնձորեսկի համար կռվող տղերքին ուշադրություն չեն դարձնում: «Մըն-մըն տանում են Կյորես, հաց տամ, բայց էն, վեր 4-5 տարի մահն աչքներիս առաջ կռվալ ենք, մոռացած հաշիվ ա»:

Նա դժգոհում է, որ երբեմն քաղաքից մարդիկ են գալիս, պատերազմից հարցեր տալիս, պատմություններ լսում ու մեկ էլ իրենք մի տեղ կարդում են, իբր էդ ամենը հենց իրենց հետ է կատարվել: Այդ ամենի հետ սակայն, Սենիկը համոզված է, որ պատերազմն սկսելու անգամ շշուկը լսելուց` իրենց ջոկատը, որի 12 անդամներից մի քանիսն արդեն զոհվել են, ինչպես նաեւ շատ ուրիշներ, կգնան պաշտպանելու իրենց հողը: Սենիկի կարծիքով այսօրվա ջահելներին ծնողները խեղճ են դաստիարակում, անտեղի «վախեցնում են պատերազմով»: «Հիմա, որ մտածում եմ, թե ինչերի միջով ենք  անցել, սարսափում եմ, սկի կինոյում էլ կարգին զենք չէինք տեսալ, բայց դա կապ չոնի, հայի, թորքի հաշտությունը չի ինիլու», մենք միշտ պետի պատրաստ ինենք, էրած ալ կաշի օնենք, բայց էս պետության սխալն էն ա, վեր թողում ա կապուկներավ ջահելները երկրից քինան, բա էս երկիրը …: Պատերազմը գուդում չեմ, բայց էս քանի վախտը տըղիս հըրսանիք եմ ընելու, երեկ եմ նշանալ»,- աշխուժանում  է Սենիկը: 

«Պատերազմի տարիներին մենք ավելի ապահով էինք ապրում»

Արթուր Արզանյանը

Արթուր Արզանյանը

Երկիրը պահելու մասին փիլիսոփայում է նաեւ Արթուր Արզանյանն, ով պատերազմի օրերին փոքրիկ աղջկան մեկ օրով անգամ գյուղից չի հանել: «Նրա ներկայությունն ինձ ավելի էր ոգեշնչում, հետո ուզում էի, որ համագյուղացիներս մտածեն, թե լուրջ վտանգ չկա: Համոզված եմ, որ հաղթանակի կեսը նաեւ թիկունքով է պայմանավորված: Ամբողջ գյուղը գիշեր-ցերեկ ոտքի վրա էր, աներեւակայելի ուժ էր պատել բոլորին»,- պատմում է ազատամարտիկը: Նրա խոսքով` ամենադաժան իրադարձությունները, բացի զինակիցների, խաղաղ բնակիչների մահից, այն էր, որ 1990-ի գարնանը երկու անգամ ռուսները եկան գյուղում «աբլավ» անելու, իբր համոզվելու, որ ֆիդայիններ չկան, միայն խաղաղ բնակիչներ են: «Մեքենայի մեջ ռուսներ էին, բայց մենք համոզված էինք, որ նրանց հետ նաեւ ռուսական բանակի հագուստով ադրբեջանցիներ կան, ովքեր անընդհատ կրակում էին տարբեր ուղղություններով, ցերեկային լույսերը լրիվ ջարդուփշուր արեցին: Ես կանգնել էի մի սյան հետեւում, մթության մեջ եւ սպասում էի, որ եթե հանկարծ կրակեն տան ուղղությամբ, որոշել էի ավտոմատը քաշեի ու …: Երկրորդ անգամ, որ եկան, ավելի վայրենի էին իրենց պահում, տղերքից մեկը` Զավենը, չհամբերեց ու իր թաքստոցից կրակեց նրանց բետերի ուղղությամբ, շատ գազազեցին, բայց ստիպված էին հեռանալ: Հրահանգ ստացան»,- հիշում է Արթուրը:

Նա նաեւ հումորով պատմում է, որ մի անգամ գերի է բռնել մեկին, մտածելով, որ ադրբեջանցի է, փշրել ատամները: Հետո պարզվել է, որ ռուս կամենդատներից է, վերեւներից ստիպել են, որ տանի Գորիս, ատամների չափերը վերցնի, սարքել տա, հրաժարվել է: Դրա համար հետո շատ խնդիրներ է ունեցել: Պատերազմից հետո էլ մինչեւ 1996 թ.-ը շարունակել է ծառայել Հայկական բանակում:

Արթուրի կարծիքով պատերազմի հավանականությունը երկու հանգամանքից է կախված: Նայած ամսի 8-ին Պուտինը հինչ հրահանգ կտա, որովհետեւ ըստ նրա, սահմանում վերջին օրերի իրադարձություններն ուղղակի պատժամիջոցներ են, որ խեղճացնեն Հայաստանի նախագահին, բայց ինքը համոզված է, որ եթե երկրի ներսում միասնական լինեն, էս անգամ մինչեւ Քուռ հասնելու են:

Ընկերներն արդարացի չեն համարում, որ ազատամարտիկների նկատմամբ ուշադիր չեն: «Հեսա մի քանի օր ա, տեսնում եմ, վեր մեզ ալ են մարդահաշիվ անում, անուններս ցուցակներում նշում են, կարող ա մեհետ ալ քեֆի կանչեն, երեւի մտածում են, որ էլի պետք կկանք, առանց տըրա ալ, մենք հեն ենք ինելու ջահելների կողքին, բայց, վեր էսքան տարի ա, գյուղի հերոսներից մեկի` Արտաշի գերեզմանի քարը սարքած չի, սազական չի: Տղան էլ ուրիշների տանը չոբանություն ա անում»,- ասում է նա:

«Պատերազմի տարիներին մենք ավելի ապահով էինք ապրում. Տներում էնքան սնունդ ունեինք, որ անգամ դրսից եկած ֆիդայինների համար ուտելիք էինք տանում. դե մհեկ եկ, տես հինչ կա, մարդ կա մի բաժակ քաղցր չայի  կարոտ ա»,- վրդովվում է նախկին ազատամարտիկը, շարունակելով, որ իրենց կռվող տղերքից եւ ոչ մեկը պատերազմից հետո չկարողացավ մի բիզնես դնել, կարգին ապրուստ ստեղծել, իսկ հիմա, ըստ նրա, մեծ մասն ադեն հիվանդ են, գրեթե անկողնային:

rubik-house-wife

Ռուբիկի կինն ու տունը

Նաեւ ընկերոջ` Էլիզբարանց Ռուբիկի համար են մտահոգվում, ասում, որ մականունը Իբիշ է: «Ադրբեջանական բառ է, Ռուբիկը կապավոր էր, պոստից-պոստ Իբիշ-Իբիշ էինք կանչում, թորքերը շաղվում էին»,- ոգեւորվում է Սենիկը, հետո մատնացույց անում գյյուղի` գրեթե համատարած ցելոֆանապատ պատուհանները, ասելով, որ 20 տարի անց էլ գնդակոծությունից  ջարդված ապակիները չեն վերականգնվել: «Մերը եվրոցելոֆան ա,- կատակում է Արթուրը: Ասում է, որ բերրի հողեր ուներ, վաճառեց, որ գոնե տան տանիքը նորոգի, թե չէ, քանի տարի է, անձրեւների կաթոցի տակ են ապրում: Գազ էլ չունեն գյուղում, որ տները ջեռուցեն:

Նրանց համար ամենակարեւորը մինչհամայնքային տրանսպորտն է, աստծո ամեն օրը դիմում են գյուղապետին, բայց ֆինանսական հսկայական միջոցների հետ կապված է, հնարավորություններ չկան: Դրա հետ միասին, պատմում են, որ համայնքի ղեկավարը հասնում է մարդկանց` ինչով կարողանում է: «Պարտքով սերմացու ենք վերցնում, ցորեն, անգամ ալյուր ու պատահում է, չենք ունենում, չենք էլ վերադարձնում, մի անգամ երեսով չի տալիս,- ասում է գյուղամիջում կանգնած կանանցից մեկը:khndzoresk

Մայրամուտին գյուղամիջում հավաքված ներքին խնձորեսկցիների խումբը կամաց-կամաց ցրվում է: Նկատելով մեզ քաղաք բերող մեքենային, Համլետը ձայն է տալիս կնոջը. «Ապրանք են փոխում, եկ տես, կանֆետ-պան կա, յերկալ խուխին հետի»: Հետո տեսնելով տաքսու նշանը, սկսում է «արդարանալ»:. «Հավ ենք մորթալ, էգուց կնոջս հետ գնում ենք Մարտակերտ, սալդաթ տղուս` Հրայրին տեսնանք, դիրքեր են տանելու, հինչ գիդամ, կարող ա վերջին անգամ եմ տեսնում, բա չքինա՞մ …»:

Համլետի վերջին բառերը խառնվում են նրա կնոջ` սուրճի հրավերքի հետ, ու երբ ուշքի եկա նրանց հանգիստ պահվածքից ստացած տպավորությունից, մեքենան փողոցի վերջին շրջապտույտն էր կատարում: Հեռվում մնացին պատերազմ ապրած, պատերազմը հաղթանակած, պատերազմն արհամարհած ու պատերազմի պատճաով լքված լինելու զգացումով ապրող մարդիկ:
hetq.am

 

Bookmark and Share
Яндекс.Метрика