Հայտնի են «Աջացկություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի հաղթողները

04.08.2014

unnamedՔրիստինե Հայրապետյան
Սյունիքի միգրացիոն կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Աջացկություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հաղթող շահառուների և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ:

Ծրագիրն իրականացվում է 2013թ-ից Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Մարդը կարիքի մեջ» հայաստանյան ներկայացուցչության կողմից և Հայ օգնության միության հետ համատեղ:

Ծրագրի մասնակիցները, ովքեր մի քանի փուլ են անցել և հաղթել դրամաշնորհի մրցույթին` կազմակերպության կողմից շուտով կստանան համապատասխան գույք և սարքավորումներ: Մրցույթում հաղթել են`Արթուր Թունանյանը (Խնածախ), Լիլիթ Մանգասարյանը(Քարահունջ), Ռազմիկ Մաթևոսյանը(Սվարանց), Հրայր Ալեքսանյանը(Կապան) և Հարություն Զաքարյանը(Շիշկերտ): Մասնակիցները տարբեր բիզնես ծրագրեր են ներկայացրել`ֆերմերային տնտեսությունների ստեղծում, գյուղտեխնիկայի ծառայություններ, կարտոֆիլի,   քաշովի անձեռոցիկների, ինչպես նաև  գուլպաների արտադրություն:«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Ֆիլիպ Հովհաննիսյանը նշեց,որ բիզնես ծրագիրը ներկայացրած շահառուների համար գումար տրամադրվում է միայն անհրաժեշտ գույք և սարքավորումներ ձեռք բերելու համար, իսկ նրանք էլ իրենց հերթին պետք է կատարեն  նվազագույնը` 20 տոկոսի չափով ներդրում, այսինքն դա կարող է լինել կամ ֆինանսական ներդրում կամ վերանորոգված տարածք, որտեղ պետք է տեղադրվեն կազմակերպության կողմից տրամադրվող սարքավորումները: «Որպեսզի հետո խնդիրներ չառաջանան, այսինքն սարքավորումներ գնենք ու հետո պարզվի, որ շահառուները չեն վերանորոգել տարածքը, ապա  գերադասում ենք, որ սկսզբից պետք է լինի ներդրումը, իսկ հետո էլ մենք տրամադրենք համապատասխան սարքավորումները»,- ասաց Ֆ.Հովհաննիսյանը:

Ծրագիրը կավարտվի 2015թ. մայիսի 31-ին, սակայն մինչ ծրագրի ավարտը կազմակերպության ներկայացուցիչները պարբերաբար կայցելեն այն համայնքները, որտեղ շահառուները պետք է զարգացնեն իրենց բիզնեսը: Գույքը և սարքավորումները խնամքով և ճիշտ իր նպատակի ծառայեցնելու  դեպքում`  ծրագրի ավարտից հետո դրանք կմնան շահառուներին, իսկ հակառակ դեպքում՝ կազմակեպությունը  հետ կվերցնի:

«Հուսով եմ, որ նույնիսկ ծրագրի ավարտից հետո էլ կշարունակվի մեր համագործակցությունը, որովհետև դուք դառնում եք այն կորիզը, որը կարող է զարգացնել այդ բիզնեսը»-դիմելով դրամաշնորհառուներին»,- ասաց Ֆ. Հովհաննիսյանը:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика