Համագործակցության ակնկալիքով

31.07.2014

IMG_3516Քրիստինե Հայրապետյան
Հուլիսի 30-ին Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցի նախաձեռնությամբ  հանդիպում էր կազմակերպվել  Գորիսի ՀԿ-ների և լրատվամիջոցների  ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում խոսվեց քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտների և Տեղական ինքնակառավարման մարմինների հնարավոր համագործակցության մասին: Վ. Ադունցը կարևորեց համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով երկխոսության համար ներգրավել հնարավոր բոլոր գործիքները: Քաղաքապետ Վ. Ադունցը նշեց, որ  այսուհետ հաճախակի կլինեն ՀԿ-ների և լրատվամիջոցների հետ հանդիպումները, որպեսզի համատեղ ուժերով և առաջարկություններով հնարավոր լինի լուծել քաղաքի հիմնախնդիրները: «Անելքիներն ու ծրագրերը շատ են և ակնկալում եմ ձեր աջակցությունը: Միասին փորձենք  Գորիսը շենացնել, մտածենք մեր քաղաքի մասին: Ինձ համար կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն և’ քաղաքի տեր զգա, և’ ծառայի  որպես քաղաքի համար մտածող մարդ»,-ասաց Վ. Ադունցը:

IMG_3518Հանդիպման մասնակիցներն իրենց ելույթներում շեշտեցին, որ համագործակցության համար անհրաժեշտ է գործողությունների համատեղ պլան մշակել, ինչպես նաև կարևորվեց տեղեկատվության փոխանակման մեխանիզմի ապահովումը:

Քննարկման թեմա դարձան համայնքային  իրադարձությունների լուսաբանման համար լրատվամիջոցների կողմից տեղեկատվության աղբյուրների մշակման, լրագրողական էթիկայի պահպանման, տեղեկատվության մատչելիության հետ կապված հարցեր: 

Համայնքային իշխանության գործունեության հրապարակայնության ապահովման գործում կարևորվեց քաղաքապետարանի պաշտոնական կայքի  լրամշակումը:

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարն անդրադարձավ նաև օգոստոսի 23-ին կայանալիք «Թթի փառատոն» միջոցառմանը, շեշտելով, որ այն համաքաղաքային տոնախմբություն դարձնելու համար  ակնկալում է  յուրաքանչյուրի ներդրումն ու մասնակցությունը:

Bookmark and Share
Яндекс.Метрика