Համայնքապետը չի պատրաստվում «մարդկանց աչքին փուշ դառնալ ու հարկ հավաքել»

11.07.2014

RIMA.Vorotan

Սուսաննա Շահնազարյան
Ռիմա Ղազարյանի համար իրենց գյուղի` Որոտանի բազմաթիվ խնդիրներն արդեն սովորական են դարձել: Նա չի հավատում, որ երբևէ գազ կունենան կամ ապրելու այնքան հնարավորություն, որ հույսները թթի օղուց մի քանի դրամ ավել եկամուտ ստանալը չլինի:

Նաև հարմարվել են, որ գյուղի փողոցներով քայլելիս ստիպված են «Ֆորդ Բոյարի» խորդուբորդությունները հաղթահարել, բայց ինչպես իրեն, այնպես էլ գյուղի մյուս բնակիչներին անհանգստացնում է կոյուղու ցանցի վթարը:

Կոյուղաջրերն արդեն երկար ժամանակ հոսում են փողոցներով, տնամերձերով, իսկ Որոտանում գտնվում են Գորիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներին պտուղ-բանջարեղեն ապահովող հիմնական այգիներն ու բանջարանոցները:

unnamedԱռողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Լենա Մալինցյանի խոսքով` Որոտանի կոյուղու վթարի ահազանգը ստացել են դեռևս մայիսին:

Իրավիճակի մասին տեղեկացրել են նաև Սյունիքի մարզպետարանին, որոշում է կայացվել վթարը վերացնելու համար միջոցներ հատկացնել, սակայն արդեն երկրորդ ամիսն է, ինչ վթարային իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ:

Լենա Մալինցյանը նշում է, որ իրենք վերահսկում են, դեռեւս համաճարակային իրավիճակ, աղիքային ինֆեկցիայի դեպքեր չկան, բայց չի բացառվում, որ լինի:

Այն հարցին, թե համայնքի տարածքում գտնվող 5 հա-ից ավելի բերքառատ այգիների հողի հարկն, արդյոք, հնարավո՞ր չէ ուղղել համայնքի համար օրախնդիր դարձած հարցի լուծմանը, Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ղեկավարը նշում է, որ տեղական բյուջեի տարեկան եկամուտները 300 հազար դրամ էլ չեն կազմում, որը հիմնականում գոյանում է գույքահարկից, իսկ հողի հարկ չեն գանձում:

unnamed (1)Որոտան համայնքի ղեկավարը չի ժխտում, որ կոյուղու վթարի պատճառով կարող են լուրջ բարդություններ լինել, սակայն նշում է, որ համայնքի բյուջեով հնարավոր չէ հարցը լուծել: Նրա խոսքով` տարվա մեջ փոքր վթարներ անընդհատ լինում են, որոնք վերացվում են, սակայն, մասնագետների կարծիքով, կոսմետիկ վերանորոգումներն այլևս անօգուտ են, կոյուղու ցանցը պետք է փոխվի: Համայնքապետը նշում է, որ նախնական հաշվարկներով` դրա համար անհրաժեշտ է 3-4 մլն դրամ: Համայնքի ղեկավարը դիմել է մարզային իշխանություններին, որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն դեռևս ներդրումներ չեն կատարվել:

Սուրեն Օհանջանյանի խոսքով` դեռևս 90-ականներին, Կառավարության որոշմամբ համայնքի տարածքում գտնվող այգեգործական ընկերությունների հողատարածքներն անվարձահատույց օտարվել են, սակայն իրավական որևէ փաստաթղթով հիմնավորված չէ հողի օգտագործման նրանց իրավունքը` սեփականության կամ վարձակալության հիմունքներով: Բացի այդ, համայնքապետը նշում է, որ ինքը չի պատրաստվում «մարդկանց աչքին փուշ դառնալ ու հարկ հավաքել»:

Հողօգտագործողների մի մասն իրենց ծանոթների այգիներն են մշակում և հարկի մասին չեն էլ խոսում, մյուսներն էլ առհասարակ գյուղում չեն, այդ դեպքում, ըստ համայնքի ղեկավարի, ինքն ինչո՞ւ պիտի մարդկանց աչքին վատամարդ դառնա:

Ս. Օհանջանյանը հաստատում է, որ համայնքի տարածքում գտնվող հողերից, մասնավորապես այգիներից ստացվող եկամուտները ցածր չեն, բայց ինքը հարկ հավաքելու «մեխանիզմներ չունի»: Նա կարծում է, որ եթե բնակիչները (հիմնականում փախստականներ են) վճարունակ չեն, անիմաստ է նրանցից հարկեր գանձելը:

Կարելի է ենթադրել, որ սեփական նախաձեռնությամբ, բայց ոչ օրենքով նախատեսված կարգով (ավագանու որոշումով հարկային զեղչեր կարող են կիրառել) «արտոնություններ» կիրառելու պատճառն այն է, որ  2015 թվականի  գարնանը Որոտան համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու: Չնայած գործող համայնքապետը դեռ չի որոշել` կպայքարի վերընտրվելու համար, թե ոչ, բայց դրանով նա շահում է նաև ընտրողների «վստահությունը»:

gyuxapetaranՀամայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման ուղղությամբ համայնքային իշխանության պարտականությունների կատարման պարտադիր լիազորության,  մեղմ ասած, ոչ պատշաճ իրականացումը, Սուրեն Օհանջանյանի խոսքով` պայմանավորված է նաև նրանով, որ միջոցներ չկան այդ աշխատանքն իրականացնող առանձին հաստիք ունենալու համար: Տեղական բյուջեի եկամուտների հավաքագրման «անհնարինության» պատրվակով էլ համայնքային խնդիրների լուծման, այդ թվում` նաև գյուղի բնակչության համար վտանգ հանդիսացող կոյուղու վթարի վերացման,  ուղղությամբ  քայլեր չեն ձեռնարկվում:

Համայնքային իշխանության անգործության մատնված լինելու վկայություններից մեկն էլ այն է, որ աշխատակազմի քարտուղարը և հաշվապահը տեղացիներ չեն, և ինչպես համայնքապետն է նշում, «գյուղ են գալիս` ըստ անհրաժեշտության»: Մյուս կողմից, եթե օրենքով սահմանված կարգով աշխատանքային ժամերին նրանք աշխատավայրում լինեին, ինչպես պիտի իրականացնեին իրենց աշխատանքային պարտականությունները, եթե համայնքապետարանի երկու սենյակներում ընդամենը մեկ սեղան կա և երեք աթոռ:

Համայնքապետի խոսքով` Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ շենքը նորոգվել է 2006-07թթ.-ին, սակայն խոնավության պատճառով կարճ ժամանակ անց դարձել է վթարային:

Ինձ հետաքրքրում էր նաև, թե համայնքային իշխանությունը որտեղ է պահում փաստաթղթերը և խնդրում եմ թույլատրել ծանոթանալու ավագանու վերջին նիստի արձանագրությանը: «Դրանք աշխատակազմի քարտուղարի մոտ են, գրասենյակում չեն»,- պատասխանում է համայնքապետը: Դրանից հետո նկատեցի, որ անգամ որևէ թուղթ, գրքույկ չկար նրա աշխատասեղանին, իսկ պատին փակցված էին միայն Սյունիքի ԳԱՄԿ-ի պատրաստած տեղեկատվական մի քանի թերթիկներ և աղետների կառավարման ուղեցույց-հրահանգները:

Դրանց առկայությունն, ըստ էության, համայնքի համար հույժ կարևոր է և կարող է օգտակար լինել, քանի որ բոլոր առումներով Որոտանը գտնվում է այնպիսի աղետալի վիճակում, որ փրկության միակ դեղատոմսը 2015թ. ՏԻՄ ընտրություններում գործող համայնքապետի չառաջադրվելու որոշումը կարող է լինել:
hetq.am

Яндекс.Метрика