Վարդանիձորում չէին հավատում, որ մի օր ջուր կունենան

55366Անահիտ Բաղդասարյան
Մեղրի քաղաքից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վարդանիձոր գյուղի բանկիչների մեծ մասը Ադրբեջանից բռնագաղթած փախստականներ են: Նրանց մի մասը, սակայն, միայն ամռանն է գյուղում լինում: Բնակիչները պատմում են, որ վերջին երեք տարում գյուղից արտագաղթող չի եղել: «Ջահելները քոչալ են քացալ. մին գործատեղ չկա, վեր մարդ  քա`  գործ անի: Վենդս սաղ,  ծերքս սաղ, բայց տանը նստած: Էքուց, վեր տղաս թողաց քաց, ես էլ եմ քալու, մնամ հի՞նչ անեմ: Ու տենց էլ գյուղում ոչ մեկը  չի մնալու, դաչնիկները ամռանը մի քանի օրավ կկան ու կքան»,- դժգոհում է Ժաննա Գյոզալյանը:RudikՌուդիկ Հայրապետյանի խոսքով՝ գյուղում ոչ  միայն աշխատատեղ չկա, այլեւ կլիմայական ոչ բարենպաստ պայմանների պատճառով մարդկանց ապրուստի հիմնական միջոց համարվող գյուղատնտեսությունը բարձր բերք չի ապահովում: «Անեկամուտ գյուղ ա: Մեղրիի 2 ծառը մի ընտանիքի լրիվ տարին պահում ա, իսկ մեր գյուղումը ոչ մի պան չկա: Հիմնականում ընկույզ ա աճում, էդ էլ տարեցտարի անորակ ա դառնում. չեն էլ առնում:  Թե հանքերից ա, թե ինչից ա, չեմ հասկանում: Դրա համար էստեղ մնացել են անճարները. ում ձեռքին ճար կար փախել ա»,- ասում է Ռուդիկը:

Վարդանիձորցիները հիմնականում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ են զբաղվում: «Գյուղում ինձ նման մի քանի պառավ են մնացել: Ո՞վ կա, որ ինչո՞վ զբաղվի: Մեր եկամուտը Աստծուց ա կախված. Եղանակը որ լավ լինի` երկու լոբի ա, երկու վարունգ ա կհավաքենք, չէ՝ դրանից էլ կզրկվենք,- բողոքում է Սվետլաննա տատը:

Զբաղվածության խնդրից բացի, գյուղում հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ հարցեր կան` ներհամայնքային ճանապարհներ, անբարեկարգ մշակույթի տուն եւ այլն: Նախկինում վարդանիձորցիները խմելու ջուրը բերում էին գյուղի միակ աղբյուրից եւ արդեն հույսները կտրել էին, որ մի օր իրենց տան ծորակից էլ ջուր կհոսի, չնայած դեռեւս աշնանից յուրաքանչյուր ընտանիք 16 հազար դրամ էր վճարել ջուր ունենալու համար: Խմելու ջրի հարցն արդեն լուծվել է: Համայնքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի տեխնիկական սպասարկման, շահագործման եւ պահպանման աշխատանքները հանձնվել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին:  Կառուցվել է գյուղի  ներքին ջրագիծը, ջրատարը, տեղադրվել են ջրաչափերը եւ մոտ մեկ ամիս է բնակիչներն ապահովված են շուրջօրյա խմելու ջրով: 
JannaԳյուղում բարվոք չէր նաեւ ոռոգման ջրի մատակարարումը: «Ամեն տարի պիտի ձեռքով պետք է մաքրվի 2 կմ երկարությամբ առուն, որ ջուրը գյուղ հասնի. սարը քանդվում ա ու փակում առուն»,- պատմում է Ժաննա Գյոզալյանը եւ իր գոհունակությունը հայտնում, որ այլեւս նման խնդրի առաջ չեն կանգնի: Համայնքի ղեկավար Ալբերտ Բեկլարյանը հավաստիացնում է, որմաքրել են խողովակը եւ ջուրը գյուղացիներին տրվում է  անվճար եւ առանց սահմանափակման:

Վարդանիձոր համայնքում ընդգրկված են նաեւ Թխկուտ, Այգեձոր, Վանք եւ Կալեր բնակավայրերը։ Համայնքապետի խոսքով՝ այս տարի նաեւ Թխկուտ գյուղը կապահովվի խմելու ջրով: «Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք են բերվել խողովակները, իսկ տեղադրման աշխատանքները բնակիչներն իրենք կկատարեն»,- տեղեկացրեց համայնքապետը:

Հինգ բնակավայր ընդգրկող Վարդանիձոր համայնքի բյուջեն կազմում է 9 մլն 600 հազար դրամ, որից 5,1 մլն-ը պետական լրավճար է, իսկ 4,5 մլն-ը՝ սեփական եկամուտներ: Նախորդ տարվա համեմատ բյուջեն 1,5 մլն-ով աճել է: «Երբ առաջին անգամ համայնքապետ եմ ընտրվել, համայնքապետարանի աշխատողներից շատերի աշխատավարձի պարտքը մարված չէր: Ժամանակի ընթացքում պարտքրերը մարվել են եւ նույնիսկ հասել ենք նրան, որ գյուղի բյուջեն տարիների ընթացքում կամաց-կամաց աճել է»,- ասաց Ա. Բեկլարյանը:

ALbertՀամայնքապետի խոսքով՝ վարդանիձորցիները ժամանակին վճարում են  հարկերը:  Հողերի վարձակալական գումարն այնքան էլ մեծ չէ . հազար հեկտար հողատարածքը վարձակալությամբ է տրվել մոտ 1,5 մլն դրամով: «Հարկերը շատ մեծ չեն, մարդիկ պարտաճանաչ վճարում են: Հողի եւ գույքահարկի պարտքեր չունեմ: Բոլորը տեղյակ են, որ պետք ա վճարեն` որը մի քիչ շուտ, որը մի քիչ ուշ»,- նշեց համայնքապետը: Հարկատուների կարգապահությունը նրան հուսադրում է, որ նոր տարածքներ վարձակալության տալով հնարավոր է ավելացնել համայնքի բյուջեն:

Չնայած նրան, որ Վարդանիձոր համայնքը իր մեջ ներառում է մի քանի բնակավայր եւ, ըստ էության խոշորացման ծրագրի մինի օրինակ է, այնուամենայնիվ համայնքի ղեկավարն անիմաստ է համարում համայնքները խոշորացնելու ծրագիրը: Նրա կարծիքով` համայնքները կարող են համատեղ ծրագրեր իրականացնել, օրինակ, մինչհամայնքային միավորումներ ստեղծելու միջոցով:

hetq.am

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *