Հունիսի 9-ը ի՞նչ կփոխի Գորիսում

06.06.2014

55013Սուսաննա Շահնազարյան
Այսօր 2014 թ. հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Քարոզարշավը պաշտոնապես սկսվել էր մայիսի 21-ին, սակայն համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Յոլյանն իր քարոզչությունն սկսեց մայիսի 29-ից հետո, երբ սպառվեց ինքնաբացարկի մասին տարածքային ընտրական հանձնաժողովին դիմում ներկայացնելու ժամկետը: 

Քաղաքապետի մյուս թեկնածու Վաչագան Ադունցի` ընտրողների հետ հանդիպումները մեկնարկեցին ավելի վաղ: Երկու թեկնածուներն էլ հրատարակել են իրենց կարգախոսներով պաստառներ, Վաչագան Ադունցը նաեւ` տեղեկատվական թերթիկներ: Համայնքի ղեկավարի թեկնածուներն իրենց  նախընտրական ծրագրերն ընտրողներին են ներկայացրել համայնքային եւ մարզային թերթերում` գովազդային հիմունքներով: Թե՛ Ադունցը, թե՛ Յոլյանը, վճարովի հեռուստաեթերից չեն օգտվել:Քաղաքապետի թեկնածու Վաչագան Ադունցը «Մեր Գորիսին` նվիրումս, փորձս, գիտելիքներս» կարգախոսով  ընտրողների հետ հանդիպումների ժամանակ մասնավորապես կարեւորել է համայնքում «սոցիալական արդարության ապահովման, երիտասարդության զբաղվածության, դոնոր կազմակերպությունների եւ քույր քաղաքների հետ համագործակցության, մշակութային ավանդույթների պահպանման, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, բնապահպանության» խնդիրները: Նախընտրական դրույթներում համայնքի ղեկավարի թեկնածուն նշել է «Սյունիք-Զանգեզուր» հիմնադրամի օժանդակությամբ քաղաքի յոթ նախակրթարանների 900 երեխաների վարձավճարների փոխհատուցման մասին: Վ. Ադունցը կարեւորել է նաեւ «Գորիսի քաղաքապետարանի վարկանիշի վերականգնումը», ինչը նրա կարծիքով «երբեմն պատշաճ բարձրության վրա չի եղել»: Նա նաեւ անդրադարձել է «նախորդ տարիներին ՀՀ կառավարության` Գորիսին առնչվող բոլոր որոշումների կատարման ուսումնասիրության հարցին»:

Համայնքի ղեկավարի մյուս թեկնածուն` Հրայր Յոլյանն, իր քարոզարշավն իրականացրել է «Վստահեք եւ պահանջեք» կարգախոսով: Նա պարտավորվում է «ստեղծել այնպիսի նախադրյալներ, որոնք հասարակությանը հնարավորություն կտան վերահսկել քաղաքապետարանի եւ նրա ենթակառուցվածքների գործունեությունը` բացառելով չարաշահումները բոլոր ոլորտներում»: Հրայր Յոլյանի համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում են «զբոսաշրջության զարգացման խթանումը, աղբահանության կազմակերպումը, փողոցների բարեկարգումը, գործազրկության, աղքատության արմատացման պատճառով հասարակության շրջանում ստեղծված անտարբերության, հուսահատության մթնոլորտի» փոփոխումը: Թեկնածուի կարծիքով տարիների ընթացքում Գորիսի փողոցների բարեկարգումն ավելի շատ ցուցադրական բնույթ է կրել` «թաքցնելու համար անգործությունն ու պետական միջոցների վատնումը, յուրացումը»:

Երկու թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում կարեւորել են թափանցիկ կառավարումը, խոստանալով ընտրվելու դեպքում այդ նպատակի համար օգտագործել նոր տեխնոլոգիաներն ու տեղեկատվության տարածման հնարավոր միջոցները:

Գորիսի մամուլի ակումբում երկու թեկնածուների մասնակցությամբ կազմակերպված բանավեճի ընթացքում թեկնածուները, խոսելով հրապարակայնության ապահովման մասին, կարեւորել են հաշվետվողականությունը եւ համայնքային հրատապ խնդիրների շուրջ հանրային քննարկումների կազմակերպումը:

Ավելի վաղ Գորիսի մամուլի ակումբը թեկնածուներին էր ներկայացրել ընտրողների շրջանում անցկացված հարցումների արդյունքները, ըստ որի՝ ընտրողները կարեւորել էին զբաղվածության, աղբահանության եւ բյուջետային քաղաքականության հարցերը: Քաղաքապետի թեկնածուները, չնայած իրենց նախընտրական ծրագրերում անդրադարձել էին գործազրկությանը, այնուամենայնիվ, կոնկրետ լուծումներ չեն մատնանշել:

Անդրադառնալով Գորիս քաղաքում աղբահանության կազմակերպմանը, բնապահպանական ռիսկերի կրճատմանը, մասնավորապես Վարարակն գետի` աղբավայրի վերածվելու հարցին, Վաչագան Ադունցն, ով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի տեղամասի պետն է, նշում է, որ իր կարծիքով աղբահանությունն իրականացվում է բավարար չափով, կարեւորում է ծայրամասային թաղամասերը եւս աղբահանության գրաֆիկում ներառելու անհրաժեշտությունը: Վարարակն գետի մաքրումն, ըստ նրա կապված է քաղաքի կոյուղու վերակառուցման հարցի հետ:

«Շանի» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Յոլյանի խոսքով մինչեւ այժմ համայնքում աղբահանության անարդյունավետ կազմակերպման արդյունքում տուժում է նաեւ Գորիսը զբոսաշրջային գրավիչ քաղաք դառնալու հնարավորությունը: Ըստ թեկնածուի՝ պատճառը ֆինանսների անարդյունավետ կազմակերպումն է: Նա կարեւորվում է նաեւ համագործակցությունը բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ: Վերջիններիս ներուժի ներգրավման միջոցով թեկնածուն հնարավոր է համարում քարոզչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ վարչական տուգանքների կիրառումը:

Խոսելով համայնքային իշխանության կողմից իրականացվող բյուջետային քաղաքականության մասին, Գորիսի ավագանու անդամ Հրայր Յոլյանը տեղեկացնում է, որ ինքը մեկն է ավագանու այն անդամներից, ովքեր 2013թ. դեկտեբերից 2014թ. մարտն ընկած ժամանակահատվածում բոյկոտել են ավագանու նիստերը` գործող քաղաքապետից պահանջելով բյուջեի կատարման հաշվետվությունը, ինչպես նաեւ առաջարկել նախորդ տարվա բյուջեի մնացորդային գումարը բաշխել հանրային քննարկման արդյունքում ներկայացված համայնքային հրատապ կարիքներին:

Վաչագան Ադունցի նախընտրական ծրագրում նշվում է. «Համայնքային բյուջեի եկամուտների աճն ապահովելու համար ավելի արդյունավետ օգտագործել տեղական հնարավորությունները»:

Ընդհանուր առմամբ, Գորիսում նախընտրական գործընթացներն արտաքուստ կարծես թե «խաղաղ» են ընթանում, հազվադեպ են մարդաշատ հանդիպումները, քարոզչական, հրապարակային այլ նախաձեռնություններ չեն իրականացվում, անգամ նախընտրական շտաբերի թիվը մեծ չէ, լայնածավալ տեղեկատվական նյութեր եւս չեն տարածվում: Այս ամենից կարելի է ենթադրել, որ կամ՝ թեկնածուներից մեկը գերագնահատում է իր ուժերը, կամ, որ ավելի հավանական է, հասարակությունն անտարբեր է, զգուշավոր եւ շարունակում է հավատարիմ մնալ տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթին` «մեր ձայնը որոշիչ չէ»:

Վաղը քարոզարշավի լռության օրն է, որի ընթացքում ավտոմոբիլային տնտեսության եւ մեքենաշինանության տեխնոլոգիա մասնագիտություններ ունեցող քաղաքապետի թեկնածուները ժամանակ կունենան մտորելու, թե արդյոք հունիսի 9-ի առավոտյան Գորիսի համար նո՞ր ժամանակներ են սկսվելու:

hetq.am

Bookmark and Share
Яндекс.Метрика