«Գորիս գյուղ»-ի բնակիչները երթևեկում են կոյուղաջրերի միջով

11.12.2013

Vararakn getyՄարիամ Մաթևոսյան
«Մենք ոչ թե Գորիսի, այլ ջունգլիների բնակիչներ ենք, 21-րդ դարում ապրում ենք առանց մաքուր ջրի, կոյուղու, գիշերային լուսավորության, մի թիզ տնամերձում զուգարանի համար տասը փոս ենք փորել, ցանելու տեղ էլ չի մնացել»,- ասում է  թաղամասի Աշոտ Սաթյանի առաջին նրբանցքի բնակչուհի Անահիտ Սիմոնյանը: Նրա դժգությունը կիսում են նաև հարևանները, նշելով, որ կոյուղու ջրերը մշտապես հոսում են փողոցի երկայնքով, քանի որ ջրահեռացման համակարգ չկա:  Բնակչությանն անհանգստացնում է փողոցի հակասանիտարական վիճակը, քանի որ  երթևեկում են  կոյուղաջրերի միջով:

Բնակիչների խոսքով` բազմիցս ահազանգել են քաղաքը ղեկավարողներին: «Դիմել ենք քաղաքապետարան, ջրմուղ, սանէպիդկայան, բայց անօգուտ: Ընտրությունների ժամանակ խոստանում են, որ խնդիրը կլուծվի, մեր ձայները տանում են, բայց հետո մոռանում են թաղամասի գոյության մասին»,- նշում է նույն թաղամասի բնակիչ Նվերը:Փողոցի հակասանիտարական վիճակի մասին տեղյակ է նաև Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը: «Գրություն ենք ուղարել, թե’ մարզպետարանին, թե’ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հարավային տարածքային մասնաճյուղի Գորիսի տեղամասի տնօրինությանը՝ ներկայացրել իրավիճակը: Պատասխանել են, որ արդեն լուծված է խողովակների խնդիրը, մնում է կոլեկտորի հարց լուծել»,- ասաց  մարզի գլխավոր սանիտարական բժիշկը:

koyuxajrerԹաղամասի սանիտարական վիճակի մտահոգությունը կիսում է նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հարավային տարածքային մասնաճյուղի Գորիսի տեղամասի պետ Վաչագան Ադունցը, նշելով, որ խնդիրը ջրահեռացման համակարգն է, որը լուրջ ներդրումներ է պահանջում: Ընդհանուր առմամբ, Սաթյան փողոցի տնային տնտեսությունների մեծ մասն ընկերության բաժանորդ չի  համարվում: Տեղամասի պետի խոսքով` թաղամասի ջրամատակարարման խնդիրը մասամբ լուծված է, գլխավոր ցանցը կառուցված է, բայց  մարդիկ դժգոհում են ջրահեռացման համակարգի բացակայությունից: «Ջրագծերը հասցվել են տնային տնտեսություններին, բայց սպառողները ջրաչափեր չեն օգտագործում, որովհետև միայն ինքնահոս ջուր են օգտագործում»,- ասում է Վ. Ադունցը: Իսկ բնակիչները մտահոգված են, որ ջրագծերի գործարկման դեպքում հնամաշ ցանցի պարագայում թաղամասի փողոցներում իսկական ջրհեղեղ կլինի: «Առանց այն էլ, մեր թաղամասի փողոցներն այնքան անբարեկարգ են, քարուքանդ, որ անանցանելի կդառնան, եթե իրենց ջրագծերը միանան ընդհանուր ցանցին»,- ասում է Ֆարիդա Միրզոյանը:

«Ի՞նչ անենք, կտորվե՞ն էս փողոցի մարդիկ, ընտրությունների ժամանակ ստեղան տուս չեն կյամ, բայց լա ընտրվում են՝ մեզ մոռանում են: Իշխանությունները չեն իմանում, որ էստեղ էլ մարդ կա ապրող: Մինչև ե՞րբ ենք նման պայմաններում ապրելու»,- ասում է Անահիտ Բաբայանը: 

Հավանաբար, ոչ առաջիկա 5 տարին, քանի որ թաղամասի համար կարևոր այս խնդիրը տեղ չի գտել նաև Գորիս համայնքի 2012-16թթ. քառամյա զարգացման ծրագրում:

Bookmark and Share
Яндекс.Метрика