Գնաճը շարունակվում է

ԳնաճՔրիստինե Հայրապետյան
Վերջին շրջանում սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների, մասնավորապես, սննդամթերքի գնաճ է արձանագրվել. շաքարավազի գինն, օրինակ, մանրածախ առևտրի ցանցում  տատանվում էր  մինչև 350-380 դրամ: Միջազգային շուկայում ևս  շաքարավազի գինր նվազել է: Դեռևս ապրիլ ամսվա` միջազգային շուկայում շաքարավազի գնի նազումը պայմանավորված էր  Բրազիլիայում շաքարեղեգի սպասվելիք ռեկորդային թվով:

 Ներմուծվող ապրանքատեսակներից թանկացել են «Նոր Զելանդական», «Անքոր» տեսակի կարագները: Մանրածախ առևտրով զբաղվող խանութի սեփականատեր Արթուրի խոսքով, ամեն անգամ նշված կարագի տեսակները թանկ են ձեռք բերում: Նոր Զելանդական կարագի մեկ  կիլոգրամի գինն այս  տարվա ընթացքում 2500 դրամից   բարձրացել է մինչ 3200 դրամ:Որքան  աճում են առաջին անհրաժեշտության մթերքների գները, այնքան նվազում է սոցիալապես անապահով մարդկանց գնողունակությունը: Շատերն արդեն, մեղմ ասած, իրենց  նման «շռայլություն» չեն կարող թույլ տալ, մարդիկ գնում են  այն, ինչ  իրենց գրպանին հարմար է,  և այս դեպքում, առավելապես ուշադրություն են դարձնում ոչ թե որակին, այլև գնին: «Եթե առաջ հինգ հազար դրամով հնարավոր էր կարգին առևտուր անել տան համար,  հիմա արդեն 10 հազար դրամը չի բավականացնում անգամ ամենաանհրաժեշտ մթերքների համար» ,-ասում է Կարինե Գրիգորյանը:

Գրեթե ամեն տարի,  Ամանորի նախաշեմին, ձվի գնաճ է արձանագրվում, սակայն այս տարի արդեն սեպտեմբերից ձվի գինը 50 դրամից աճել է մինչև  75-80 դրամ: Թանկացել են հիմնականում այն մթերքները, որոնք մարդիկ հաճախ են գնում, օրինակ, կաթնամթերք, ձու, քաղցրեղեն: Գնաճն ավելի ակնառու է կաթնամթերքի առումով: Շուկայում գերիշխող«Աշտարակ կաթ» ընկերության որոշ ապրանքատեսակների գները դեռևս  տարեսկզբից աճել են 40-50 դրամով:

«Էլոլա» ընկերության կողմից արտադրված թթվասերը, կաթնաշոռը ևս թանկացել են 20 դրամով: Ընկերության փոխտնօրեն Ռուբիկ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց ընկերության որոշ կաթնամթերքների գնաճը պայմանավորված է գազի ակագների բարձրացմամբ: Թեև նա վստահեցնում է, որ կաթնամթերքը թանկացել է ընդամենը 10 դրամով, սակայն խանութներում թթվասերը, կաթնաշոռը  նախկին՝ 250, 300 դրամի փոխարեն, վաճառվում է 270, 320 դրամով:  Ստացվում է այնպես, որ թանկացումներից ավելի շատ օգտվում են վերավաճառողները: Նույն խնդիրն առկա է նաև կաթ մթերող ֆերմերների համար, ովքեր չնայած պատրաստի արտադրանքի գնի աճին, շարունակում են ցածր գնով   իրացնել կաթը:

Տեղ համայնքի ղեկավար` Սաղաթել Գալստյանի խոսքով, կաթի մթերման գինն իրենց գյուղում 100-120 դրամ է  և մեկ լիտր կաթը նույնիսկ  մի շիշ ջերմուկի արժեք էլ չունի: Նա նաև նշում է, որ  պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել անասնապահությամբ զբաղվող  գյուղացիների համար, որպեսզի կարողանան կաթը նորմալ գնով մթերման հանձնել: Կաթի մթերման գինը չի թանկացել և  կաթի վերամշակմամբ  շզբաղվող շատ ընկերություններ շարունակում են կաթը մթերել 120 դրամով:

Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի համայնքային զարգացման կապերի մասնագետ Անուշավան Հոսեփյանի խոսքով գազի, էլեկտրաէնեգիայի սակագների բարձրացումն էլ ազդել է կաթնամթերքի գնի վրա:

Կաթնամթերքի գնաճը պայմանավորված է մի քանի գործոններով. գաղտնիք չէ, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող որոշ ընկերություններ կաթի փոխարեն օգագործում են կաթի փոշի, իսկ մի քանի ամսվա ընթացքում կաթի փոշու գինը նույնպես բարձրացել է:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության անասնապահության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ մի քանի ամսվա ընթացքում կաթի փոշու գինը բարձրացել է  25%, իսկ էլեկտրաէներգիան` 27% ,գազը 18% ,թանկացել են նաև  փաթեթավորման պարագաները, և սրանք էլ այն հիմնական գործոններն են, որոնք ազդում են կաթնամթերքի գնաճի վրա: «Կաթնամթերքի գնաճը աննշան է, մինչդեռ մնացած կարևոր սննդամթերքների գներն ավելի արագ են աճում»,-ասում է Ա. Հովհաննիսյանը:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика
Circle.Am